Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Գործարքների անվավերությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից: Վիճահարույց գործարքն անվավեր է դատարանի վճռով այն այդպիսին ճանաչելու հետևանքով, իսկ առոչինչ գործարքն անվավեր է անկախ դատարանի վճռից և դրա նկատմամբ կիրառվում են գործարքի անվավերության հետևանքները: Ներկայումս հայկական դատարանների վարույթներում առկա են բազմաթիվ դատական գործեր՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, ուստի գործարքների անվավերության էությունը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է տեղյակ լինել գործարքն անվավեր ճանաչելու իրավական հիմքերի մասին:   

Գործարքների անվավերության հետևանքները

Առաջին հերթին նշենք, որ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Գործարքն անվավեր է կնքելու պահից և կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը: Ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցումն իրականացվում է դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ վիճահարույց գործարքների իրավական հետևանքները կարող են առաջանալ ապագայում և այդպիսի գործարքն անվավեր ճանաչելու համար կողմն օժտված է դատարան դիմելու իրավունքով:

Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի անվավերությունը

Հայաստանում օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Այս հիմքով գործարքն առոչինչ է, երբ չի պահպանվել օրենքով սահմանված գործարքի պարտադիր նոտարական ձևը կամ չի պահպանվել գործարքի պետական գրանցման պահանջը: Արտաքին տնտեսական գործարքի, ինչպես նաև մի շարք այլ գործարքների հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության:

Բացի այդ, գործարքը կարող է անվավեր ճանաչվել, երբ պայմանագրում բացակայում են դրա էական պայմանները կամ այն կնքվել է գործարք կնքելու իրավունք չունեցող անձի հետ (օրինակ՝ գույքի սեփականատեր չհանդիսացող անձը փոխանցել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը այլ անձի):

Կեղծ և շինծու գործարքները

Կեղծ գործարքն առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքն է: Կեղծ գործարքներն առոչիչ են և դրանց նկատմամբ կիրառվում են գործարքների անվավերության հետևանքները: Կեղծ գործարք է համարվում գույքը թաքցնելու և այդ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորությունից խուսափելու նպատակներ հետապնդող գույքի առուվաճառքը կամ նվիրատվությունը: Տվյալ պարագայում սեփականատերը իրականում չի ցանկանում փոխանցել գույքն այլ անձի սեփականությանը և հետապնդում է պատասխանատվությունից խուսափելու նպատակ:   

Շինծու գործարքը կնքվում է մեկ այլ գործարքի քողարկման նպատակով: Շինծու գործարքը նույնպես առոչինչ է, սակայն դրա նկատմամբ, հաշվի առնելով գործարքի էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս: Օրինակ՝ հարկային արտոնություններ ստանալու համար բազմաթիվ դեպքերում նվիրատվության գործարքով քողարկվում է գույքի առուվաճառքը, իսկ բնակելի տարածքի անհատույց օգտագործման գործարքով քողարկվում է այդ տարածքի վարձակալությունը:

Անգործունակ և սահմափակ գործունակ ճանաչված քաղաքացիների, փոքրահասակների և անչափահասների կնքած գործարքները

Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է: Սույն գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու համար անհրաժեշտ է դատարանի վճիռը՝ հոգեկան խանգարման հետևանքով անձին անգործունակ ճանաչելու մասին: Գործունակ կողմը, բացի գործարքից ամբողջ ստացածը վերադարձնելու պարտականությունից, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա կրած իրական վնասը, եթե գիտեր կամ պետք է իմանար մյուս կողմի անգործունակության մասին: Սակայն անգործունակ ճանաչված քաղաքացու շահերից ելնելով` նրա կնքած գործարքը խնամակալի պահանջով դատարանը կարող է վավեր ճանաչել, եթե այն կնքվել է ի շահ այդ քաղաքացու:

Ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է սահմանափակվել: Ի տարբերություն անգործունակ քաղաքացիների կնքած գործարքների՝ դատարանի վճռով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների գործարքները համարվում են վիճահարույց և կարող են անվավեր ճանաչվել հոգաբարձուի հայցով: Տվյալ դեպքում կարևորագույն նշանակությունն ունի սահմանափակ գործունակ ճանաչված անձի հոգաբարձուի՝ գործարք կնքելու համաձայնության առկայությունը, քանի որ այդ համաձայնության բացակայությունը հիմք է գործարքն անվավեր ճանաչելու համար:

14 տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) կնքած գործարքն առոչինչ է: Փոքրահասակների կնքած գործարքների նկատմամբ գործում են անգործունակ ճանաչված քաղաքացիների գործարքների դեպքում կիրառվող կանոնները: 

Ինչ վերաբերում է 14-ից մինչև 18 տարեկան անչափահասների կնքած գործարքներին, ապա դրանց նկատմամբ գործում են սահմանափակ գործունակ ճանաչված անձանց գործարքների համար նախատեսված կանոնները: Եթե գործարքը կնքվել է առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, ապա այն կարող է անվավեր ճանաչվել թվարկված անձանցից որևէ մեկի հայցով: Հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ 16 տարին լրացած և դատարանի կողմից լրիվ գործունակ ճանաչված անչափահասի (էմանսիպացիա) գործարքը այս հիմքով անվավեր չի կարող ճանաչվել:   

Իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը

Գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով: Հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:

Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքները

Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը վիճահարույց է և դատարանի վճռով կարող է անվավեր ճանաչվել: Անհրաժեշտ է նշել, որ գործարքն անվավեր ճանաչելու համար մոլորությունը պետք է լինի էական: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Այդպիսով՝ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի: Բացի դրանից, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, իրավունք ունի մյուս կողմից պահանջել իրեն պատճառված իրական վնասի հատուցումը, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա ապացուցված չէ, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, պարտավոր է մյուս կողմի պահանջով հատուցել նրան պատճառված իրական վնասը, եթե անգամ մոլորությունը ծագել է մոլորված կողմից անկախ հանգամանքներում:

Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքը

Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով դատարանը կարող է անվավեր ճանաչել: Թվարկված փաստերի ապացուցման բեռը կրում է այդ փաստերը վկայակոչող կողմը և երբեմն դրանց առկայության ապացուցումը ուղեկցվում է զգալի դժվարություններով:

Իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքը

Իրավաբանական անձի կողմից նրա կանոնադրությամբ որոշակիորեն սահմանափակված գործունեության նպատակներին հակասող կամ համապատասխան գործունեությամբ զբաղվելու թույլտվություն (լիցենզիա) չունեցող իրավաբանական անձի կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ իրավաբանական անձի, նրա հիմնադրի (մասնակցի) կամ իրավաբանական անձի գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար դրա ապօրինության մասին:

Դատարանում գործարքն ինքնուրույն վիճարկելը և շահերը պաշտպանելը հեշտ չէ, քանզի այդ գործընթացը պահանջում է խորը իրավական գիտելիքներ. հատկապես, երբ գործի վարույթի ընթացքում առաջանում են անսպասելի դժվարություններ, ուստի գործարք վիճարկելու անհրաժեշտության առաջացման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը:       

24.03.2016

Вернуться