Draft Criminal Сode, Criminal Code Draft

Մտահոգող դիտարկումներ Քրեական օրենսգրքի նախագծի մասին

Բաց հասարակության ինստիտուտը ձևավորել է մի խումբ՝ «Justice group», որի կազմում են բավականին ճանաչված իրավաբաններ ու իրավապաշտպաններ՝   Ավետիք Իշխանյան, Հայկ Ալումյան, Դավիթ Խաչատրյան, Արթուր Սաքունց, Արտակ Զեյնալյան և այլոք: Խումբն անդրադարձել  է  ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծին, բավականին խորությամբ վերլուծել այն, ներկայացրել իր տեսանկյունից առավել կարևոր հարցերի վերաբերյալ իր բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկությունները:

Վերլուծության մեջ, մասնավորապես,  հիշատակվում է նախագծի  13-րդ հոդվածը՝  Հանցանք կատարած անձին արտահանձնելը կամ փոխանցելը:  Առաջարկվող նորմը մարդուն արտահանձնելու արգելք է նախատեսում, եթե պահանջող երկրում տվյալ հանցանքի համար նախատեսված է մահապատիժ: Խումբը գտնում է, որ բացի դա նորմով պետք է արգելվի արտահանձնումը նաև այն դեպքերով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ արտահանձնելու դեպքում տվյալ անձի նկատմամբ կարող է կատարվել խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք:

Բացի վերոհիշյալից, Խումբը գտնում է, որ  նորմը   դատավարական նորմ է, ուստի խումբը առաջարկում է լրամշակել նորմը, ներառելով արտահանձնման արգելք՝ խոշտանգման սպառնալիքի դեպքերի համար և նորմը տեղափոխել Քրեական դատավարության օրենսգիրք:

Նախագծի  30-րդ հոդվածը՝  Սխալը արարքի փաստական հանգամանքների մեջ,  սահմանում է հանցանքի որակման կարգավորում կախված նրանից, թե ինչպես է դրա մասին կարծում հանցանք կատարած անձը, մասնավորապես,  կարծում է, թե իր հանցանքը պարունակում է ծանրացնող հանգամանք, թե ոչ:   Նույն հոդվածով սահմանվում է, որ պատասխանատվությունը վրա է հասնում ոչ միայն այն դեպքում, երբ վտանգավոր հետևանքը առաջացել է անձի արարքից, այլ նաև երբ հետևանքը առաջացել է այլ պատճառով: Սույն սահմանումը կարող է նշանակել, որ պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն մտադրության համար:

Ուստի Խումբն առաջարկում է հոդվածում ամրագրել, որ հանցանք կատարող անձը ոչ միայն կարծում էր/չեր կարծում իր արարքում պարունակվող ծանրացնող հանգամանքի առկայության մասին, այլ նաև ողջամիտ հիմքեր չուներ այդպես մտածելու: Առաջարկվում է վերանայել հոդվածը, բացառելով մտադրության համար պատասխանատվության ենթարկելու վտանգը:

Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները գլխի 34-րդ հոդվածի՝ անհրաժեշտ պաշտպանություն, համաձայն,  անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում հակաիրավական ոտնձգություն կատարողին դիտավորությամբ կյանքից զրկելը, եթե տվյալ իրավիճակում ոտնձգությունից պաշտպանվելու այլ միջոցներ չկան կամ պաշտպանվողը չի գիտակցում դրանց առկայությունը:  Խնդրահարույց է այն, որ հոդվածը հաշվի չի առնում վտանգի չափը, ինչը վտանգում է միջազգային չափանիշով սահմանված կյանքի իրավունքի պաշտպանությունը: Ուստի իրավաբաններն ու իրավապաշտպաններն առաջարկում են լրամշակել հոդվածը, հստակեցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները ըստ սպառնացող վտանգի չափի:

Նախագծի  35-րդ հոդվածը՝  Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը,  սահմանում է պատասխանատվություն «հակաիրավական» ոտնձգությոյւնների համար, սակայն ո՛չ հոդվածը, ո՛չ էլ Օրենսգիրքը չեն սահմանում «հակաիրավական» գործողության չափանիշները: Խումբն առաջարկում է սահմանել «հակաիրավական»  տերմինը, կամ փոխարինել այն  «անօրինական»-ով: (Կիրառելի է այլ հոդվաների համար, որտեղ նշվում է այդ տերմինը):

43-րդ հոդվածով՝  Հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման հանձնարարություն կատարելը,  սահմանվում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով օրենքով սահամանված կարգով կատարել է հանցագործության բացահայտման, կանխման կամ ապացույցների ձեռք բերման հատուկ հանձնարարություն: Սույն սահմանմամբ, ըստ Խմբի,  հասկանալի չէ,   թե ըստ հոդվածի ով կարող է իրականացնել նշված գործողությունը: Եթե խոսքը իրավապաշտպան, կամ այլ՝   ի պաշտոնե գործողություն կատարող անձանց մասին է, ապա նման չարաշահումները սահմանվում են այլ դրույթներով: Խումբը գտնում է, որ  սույն հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ են պարզաբանումներ:

PastInfo

19.03.2016

Вернуться