Գրավի կարգավորումը Հայաստանում
Գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարման դեպքում առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները, իսկ մնացած պարտատերերի՝ գրավով չապահովված պահանջները բավարարվում են հինգերորդ հերթին: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
Գրավի պայմանագիր
Գրավը ծագում է պայմանագրի կամ օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Պայմանագրում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված: Գրավի պայմանագիրը կնքվում է գրավոր և պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) և դրանց բնակության (գտնվելու) վայրերը, գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, ինչպես նաև պարտավորության կատարման չափն ու ժամկետը: Այն դեպքում, երբ հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նոտարական վավերացմամբ կամ ենթակա է պետական գրանցման, գրավի պայմանագիրը նույնպես պետք է համապատասխանի հիմնական պայմանագրի ձևին ներկայացվող պահանջներին: Նշված կանոնների խախտումը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության:
Գրավի առարկան
Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ): Շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների (օրինակ՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների) չեն կարող լինել գրավի առարկա: Գրավառուի համաձայնությամբ գրավի առարկան կարող է փոխարինվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանում պարտավորությունների ապահովման լավագույն և ամենահուսալի միջոցն անշարժ գույքի գրավն է, որը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝ հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավը: Անշարժ գույքի գրավի հուսալիությունը պայմանավորված է նրանով, որ պարտապանը չի ունենալու գրավի առարկան թաքցնելու կամ երրորդ անձին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն, քանի որ ԱԳ կադաստրի գործակալությունը չի գրանցելու անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն, առանց պարտատերի (գրավառուի) համաձայնության:
Հայաստանում գրավով կարող է նախատեսվել գրավատուի կողմից ապագայում ձեռք բերվելիք գույքի և գույքային իրավունքների գրավ: Շրջանառության մեջ գտնվող ապրանքները նույնպես կարող են լինել գրավի առարկա և այդ դեպքում դրանք մնում են գրավատուի մոտ և վերջինս իրավունք ունի փոխել գրավ դրված գույքի կազմն ու ձևը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից: Նման պարագայում շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավատուն պարտավոր է վարել գրավների գրառման գիրք, որի մեջ գրառումներ են կատարվում վերջին գործառնության օրվա դրությամբ ապրանքների գրավի պայմանների և գրավ դրված ապրանքների կազմը կամ բնական ձևը փոփոխող բոլոր գործառնությունների մասին:
Գրավի իրավունքն առաջանում է գրավի պայմանագրի կնքման պահից, իսկ այն դեպքում, երբ գրավի առարկան պետք է ապագայում փոխանցվի գրավառուին, ապա գրավի իրավունքը ծագում է գույքը փոխանցելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կարող է լինել այլ գրավի առարկա (հաջորդող գրավ), եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Գրավատուն կրում է գույքի պատահական ոչնչացման և պատահական վնասվածքի ռիսկը: Գրավառուն պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ նա չի կատարել գրավի առարկան պահպանելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Գրավ դրված գույքը կարող է օգտագործվել գրավատուի կողմից առանց գրավառուի համաձայնության, եթե այլ բան չի նախատեսվում կողմերի պայմանագրով: Միաժամանակ հարկ է նշել, որ գրավի առարկան չի կարող տնօրինվել, առանց գրավառուի համաձայնության:
Գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Այս դեպքում գրավատուի իրավահաջորդը կրում նրա բոլոր պարտականությունները՝ ստանալով գրավատուի կարգավիճակ:
Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը և այդ գույքի իրացումը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին: Եթե վերը հիշատակված պայմանը չի սահմանվել պայմանագրով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ, ապա գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2491-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի գրավառուի պահանջները բավարարվում են դատարանի վճռի հիման վրա:
Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով, սակայն կողմերն իրավունք ունեն ներառել գրավի պայմանագրում գրավ դրված գույքի իրացման (վաճարքի) այլ պայմաններ և եղանակներ: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) դեպքում նշված պայմանը չի կիրառվում:
Գրավի առարկայի իրացման արդյունքում ստացված դրամական միջոցներն ուղղվում են գրավատուի պարտքի մարմանը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել այդ տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարը ստանալ պարտապանի այլ գույքից: Սակայն պարտքի մնացած մասով գրավառուն չի օգտվում գրավի իրավունքով նախատեսված առավելությունից: Եթե աճուրդը չկայացած է համարվել գրավառուն իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը:
25.03.2016