Մրցակցության պաշտպանությունը
- հորիզոնական (միևնույն ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնություններ)
- ուղղահայաց (որոշակի փոխկապակցվածություն ունեցող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնություններ)
- խառը համաձայնություններ (տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնություններ)
Նմանատիպ համաձայնությունները բաշխում կամ բաժանում են շուկաները կամ մատակարարման աղբյուրները՝ ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով, խոչընդոտում են այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելը կամ դուրս են մղում նրանց շուկայից, բերում են ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը և այլ անբարենպաստ հետևանքների: Տնտեսվարող սուբյեկտների միջև նմանօրինակ համաձայնություններ կնքելն արգելվում է:
Մրցակցությունն ապահովելու համար օրենքով սահմանվել են «մենաշնորհ դիրք» և «գերիշխող դիրք» հասկացությունները: Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից: Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն: Բացի այդ, գերիշխող դիրքն առկա է, երբ ընկերությունը որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն 1/3-ը, կամ ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն 1/2-ը, կամ ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն 2/3-ը:
Մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումն արգելվում է: Չարաշահում է համարվում՝
- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը
- այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը
- ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը
- այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը
- պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ
- տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը
- այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար կամ որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար
- այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին
- իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը
- ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը
- ինչպես նաև օրենքով սահմանված չարաշահումների որոշ այլ տեսակներ
Առավել բարձր տնտեսական ցուցանիշներ ձեռք բերելու համար որոշ տնտեսվարող սուբյեկտները կարող են միացնել իրենց կապիտալները, որի արդյունքում կատարվում է տնտեսական համակենտրոնացում:
Համակենտրոնացում է համարվում՝
- տնտեսվարող սուբյեկտների միացումը
- տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը
- տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին
- տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին
- տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա
Տնտեսական սուբյեկտների համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման: Մինչև համակենտրոնացման գործունեությունը սկսելը այն ենթակա է հայտարարագրման, եթե համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը) կամ համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է «Մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները: Անբարեխիղճ մրցակցությունը օրենսդրականորեն արգելվում է և յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան:
Անբարեխիղճ մրցակցության տեսակներն են՝
- Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ
- Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները
- Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ
- Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը)
- Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը չբացահայտված տեղեկատվության իրավատիրոջ կամքին հակառակ կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով հանգեցնում է այդ տեղեկատվության ձերքբերման, օգտագործման կամ բացահայտման
Տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնող պետական մարմինը
Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոշովը:
Հանձնաժողովն իրավասու է ընդունելու որոշումներ՝
- հակամենաշնորհային օրենսդրության խախտումների վերաբերյալ
- ապրանքային շուկաների ուսումնասիրության վերաբերյալ
- տնտեսվարող սուբյեկտներին և դրանց պաշտոնատար անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
- տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում
- դիմելու դատարան տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով
- դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ
- տուգանքներ նշանակելու, ինչպես նաև այլ պատասխանատվության միջոց կիրառելու
- տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ
- ընդունելու որոշումներ օրենսդրությամբ նախատեսված մի շարք այլ հարցերի վերաբերյալ
Հանձնաժողովը կազմված է 7 անդամից՝ նախագահից, նախագահի տեղակալից և 5 անդամից: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրանում մասնակցում է առնվազն հանձնաժողովի 5 անդամ: Հանձնաժողովի օրակարգում գտնվող հարցերը քննվում են բաց նիստերում, բացառությամբ որոշ դեպքերի: Որոշումներն ընդունվում են քվեարկության արդյուներով: Վարչական ակտը կայացնելու պահից 5 օրվա ժամկետում ակտի պատճենը հանձնվում է հասցեատիրոջը: Ընդունված ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջը հանձնելու օրվա հաջորդ օրը, եթե այդ ակտով չի նախատեսվել այլ ժամկետ:
Վարչական կարգով ակտի բողոքարկումը կարող իրականացվել դրա ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում: Վարչական ակտի դատական բողոքարկումը կարող է իրականացվել վարչական բողոքի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ եթե հանձնաժողովի կայացրած ակտը չի բողոքարկվել վարչական կարգով, ապա հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում:
17.07.2016