ԱՊՀ պետությունների համագործակցությունը քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով
Ժամանակակից դարաշրջանում միջազգային իրավական համագործակցությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում օտարերկրյա տարրով ծանրաբեռնված տնտեսական, անձնական և ընտանեկան հարաբերությունների մասնակիցների համար: Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցությունը մեծ դեր ունի, քանզի անդրսահմանային տնտեսական և սոցիալական գործընթացները դարձել են մեր իրավական իրականության սովորական երևույթ: Արտերկրում ՀՀ գործարարների գործունեության ոլորտի լայնացման հետ միասին հայկական շուկայում հայտնվում են օտարերկրյա ընկերություններ, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ կարող են առաջանալ որոշ իրավական դժվարություններ:
Նման դժվարություններից խուսափելու համար ԱՊՀ մասնակից մի քանի պետություններ արձանագրել են քրեական, ընտանեկան և քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու կարգը, որը սահմանվել է 1993 թ-ին Մինսկ քաղաքում ընդունված Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթներով:
Նշված կոնվենցիայի իմաստով իրավական օգնությունն իրականացվում է փաստաթղթեր կազմելու և փոխանցելու, խուզարկության, իրեղեն ապացույցներ առգրավելու, փոխանցելու և հանձնելու, փորձաքննություն անցկացնելու, կողմերի, մեղադրյալների, վկաների, փորձագետների հարցաքննության, հանցագործություն կատարած անձանց դեմ քրեական հետապնդում հարուցելու, նրանց հետախուզման ու հանձնման, քաղաքացիական գործերով դատական որոշումների և քաղաքացիական հայցի մասով՝ դատավճիռների, կատարողական մակագրությունների ճանաչման և կատարման, ինչպես նաև փաստաթղթերի հանձնման միջոցով: Պետք է նշել, որ թվարկված գործողությունների ցանկը սպառիչ չէ և պետությունների համապատասխան մարմինների համագործակցությունը կարող է իրականացվել նաև այլ դատավարական գործողությունների օգնությամբ:
Իրավական օգնությունը իրականացվում է մասնակից պետությունների իրավասու կենտրոնական մարմինների միջոցով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունն իրականացվում է տարածքային մարմինների կողմից: Կոնվենցիայի կողմերին իրավունք է տրվում անմիջապես ներկայացնելու օտարերկրյա դատարանի դատական ակտն այն պետության դատարանին, որտեղ դատական ակտը ենթակա է ճանաչման՝ առանց իրավասու կենտրոնական կամ տարածքային մարմիններին դիմելու:
Տարածքային մարմինների միջոցով փաստաթղթերն առաքելը զգալիորեն կրճատում է փաստաթղթերի շրջանառության ժամկետը և պարզեցնում է հանձնարարության իրականացման գործընթացը: Հանձնարարության բովանդակությանը ներկայացվում են որոշակի պահանջներ՝ դրանում պետք է առկա լինեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք թույլ կտան հարցվող պետության իրավասու մարմնին իրականացնել խնդրարկվող հանձնարարությունը: Մինսկի կոնվենցիայով կողմերը պարտավորվել են առանց թարգմանության և անվճար, միմյանց առաքել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականներ, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարցնող պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական կամ գույքային իրավունքներին ու շահերին: Փաստաթղթերի հարցման և առաքման դիմումներին ընթացք են տալիս կենտրոնական մարմինները:
Ռուսաստանի և Հայաստանի դեպքում առկա է քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ փաստաթղթերը ՔԿԱԳ մարմինների միջոցով առաքելու հնարավորություն: Քաղաքացիների անձնական և գույքային իրավունքներին վերաբերող փաստաթղթերն առաքվում են տարածքային մարմինների միջնորդությամբ:
Մինսկի կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունների կողմից ճանաչվում և կատարվում են անդամ պետության դատարանների կողմից ընտանեկան և քաղաքացիական գործերով, ինչպես նաև վնասի հատուցման վերաբերյալ քրեական գործերով ընդունված դատական ակտերը: Դատական ակտի ճանաչումն իրականացվում է դատական ակտի ճանաչման մասին միջնորդություն ներկայացնելուց հետո: Միջնորդությանը կցվում են դատական ակտը (վճիռ, որոշում, դատավճիռ) կամ դրա վավերացված թարգմանությունը, դրա օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքնը հաստատող փաստաթուղթը, փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ ընդունվել է որոշումը, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում՝ պատշաճ ձևով ներկայացված է եղել, փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը, փաստաթուղթ, որը հաստատում է կողմերի համաձայնությունը պայմանագրային ընդդատության գործերով:
Իրավական օգնություն ցուցաբերելու հանձնարարությունն իրականացնելիս հարցվող պետության համապատասխան հաստատությունը ղեկավարվում է իր ներքին օրենսդրությամբ:
1993 թ-ի Մինսկի կոնվենցիայի մասնակից են հանդիսանում հետևյալ պետությունները՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան:
25.07.2016