Eurasian Economic Union

Եվրասիական Տնտեսական Միության օրենսդրությունը

Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2015 թ-ի հունվարի 2-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Ընդհանուր առմամբ փոփոխությունները պայմանավորված են այն բանով, որ ԵՏՄ անդամ երկրների տնտեսավարող սուբյեկտների հետ հարաբերություններում Հայաստանը չունի մաքսային ձևակերպում, մաքսային սահմանին վճարման ենթակա ԱԱՀ, ակցիզային հարկ, փոխարենը` այս ամենը կատարվում է հարկային մարմիններին համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու միջոցով:

Ինչպես է կատարվում ԵՏՄ պետություններից Հայաստան ապրանքների ներմուծումը:

Այստեղ պետք է իմանալ, որ եթե փոխադրումը կատարվում է ցամաքային տրանսպորտով, ապա արտահանող երկրի մաքսային տարանցում լրացվում է հայտարարագիր: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունի: Երբ ապրանքը հասնում է Հայաստան, ներմուծման հարկային հայտարարագրում արտացոլվում են ապրանքի հարկման բազան, ԱԱՀ-ի բազան և, բնականաբար, անուղղակի հարկերի բազան: Բացի ներմուծման հարկային հայտարարագրից, անհրաժեշտ է ներկայացնել ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարություն: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ Հայաստանի Հանրապետության սահմանին պահանջվում է երկու փաստաթուղթ: Հայտարարությունը կարող է ներկայացվել առավելագույնը 180 օրվա ընթացքում:

Ինչպես է հաշվարկվում հարկման բազան Հայաստանի տարածք ապրանքներ ներկրելու ժամանակ:

Հարկման բազան այն արժեքն է, որից ներմուծման հարկային հայտարարագրի հիման վրա հաշվարկվելու է ԱԱՀ-ն կամ ակցիզային հարկը: ԱԱՀ-ով հարկման բազան ապրանքների արժեքն է` գումարած այդ ապրանքները մինչև Հայաստանի սահմանը հասցնելու հետ կապված տեղափոխման ծախսերը: Դա մոտ է նախկինում գործող մաքսային արժեքի որոշման մեթոդաբանությանը: Կարևոր է իմանալ, որ ԵՏՄ-ից ապրանքների ներմուծման դեպքում  վերանում են հսկիչ և կողմնորոշիչ գին հասկացությունները:

Ինչպես է կատարվում Հայաստանից ապրանքների արտահանումը ԵՏՄ անդամ երկրներ:

Այս դեպքում պահպանվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման մոտեցումը: Նախկինի համեմատ հարկման բազայի մասով որևէ բան չի փոխվել: Զրոյական դրույքաչափի կիրարկման համար անհրաժեշտ է երկու կարևոր փաստաթղթի առկայությունը. առաջինն է Հայաստանից ապրանքներ արտահանելու մասին հարկային հայտարարագիրը, իսկ երկրորդը` Հայաստանի տարածք ապրանքներ ներմուծելու և անուղղակի հարկեր վճարելու հայտարարությունը: Երկրորդ փաստաթուղթը որպես ներմուծող ներկայացնում է ԵՏՄ անդամ երկրի գործընկերը. դուք արտահանում եք, ինքը ներմուծում է: Հայաստանում հարկային մարմիններին ներկայացվում է լրացրած ապրանքների արտահանման հարկային հայտարարագիրը և գործընկերոջ` իր հարկային մարմիններին ներկայացրած ապրանքների ներմուծման ու անուղղակի հարկերի վճարման հայտարարությունը: Այս երկու փաստաթղթի առկայությունը հիմք է հանդիսանում ապրանքների արտահանման գործարքը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկելու համար: Այս երկու փաստաթուղթը 180 օրվա ընթացքում ներկայացվում են հարկային մարմին:

ԵՏՄում մտավոր սեփականության իրավական կարգավորման առանձնահատկությունների վերաբերյալ:

Հատկանշական է, որ Հայաստանում գործում է ԵՏՄ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանում և ապրանքների առաքման երկրի մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում ներառված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների արտահանման նկատմամբ վերահսկողության կարգ սահմանող կանոնակարգը: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության կարգը: Այդպիսով` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված և ԵՏՄ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյաններում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության:

Պետք է նշել, որ ՀՀ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրենսդրությունը նույնպես համապատասխանեցվել է ԵՏՄ պայմանագրով նախատեսված հասկացություններին ու գործընթացներին` միաժամանակ շտկելով օրենքում տեղ գտած թերությունները, կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ` վերոնշյալ օրենքներում միաժամանակ սահմանելով նոր հասկացություններ և գործընթացներ: Արդյունքում Հայաստանի տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի ԵՏՄ օրենսդրությանը, և´ ներմուծման, և´ արտահանման ժամանակ կնպաստի ԵՏՄ անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին: Այս կարգը չի տարածվում ՀՀ ծագում ունեցող ապրանքների առաքման վրա:

Դեղամիջոցների և բժշկական ապրանքների շրջանառությունը ԵՏՄում:

2016 թ-ի հունվարի 1-ից սկսում է գործել դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնությունը: Այն ուղղված է անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների հասանելիության աճմանը պետությունների բնակչության համար: Բացի այդ դա թույլ կտա բարձրացնել Հայաստանի դեղագործական արդյունաբերության մրցունակությունը համաշխարհային շուկայում, բարելավել դեղագործական բիզնեսի պայմանները՝ լուծարելով կամ նվազեցնելով վարչական խոչընդոտները, ապահովել մուտք դեպի ԵՏՄ-ի ընդհանուր շուկա:

Սպասվում է, որ բժշկական ապրանքների մուտքը դեպի ԵՏՄ-ի շուկա էականորեն պարզեցվելու է, բարձրանալու է դրանց որակը՝ ինչը թույլ կտա ժամանակին բացահայտել կեղծած և ցածրորակ դեղագործական ապրանքները և ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանց մատակարարների հանդեպ: Ընդհանուր շուկայի ծագման հետ բավական կլինի անցնել միասնական կանոններով գրանցման գործընթացը՝ որը հաստատված է ԵՏՄ-ի շրջանակներում և դեղագործական միջոցները կկարողանան գտնվել ազատ շրջանառության մեջ բոլոր անդամ պետությունների տարածքում: Այդ ամենը պետք է նպաստի նոր դեղամիջոցների ծագմանը ԵՏՄ-ի ընդհանուր շուկայոմ, և հանդես գա որպես դեղագործական բիզնեսի հիմնական դրական ազդեցություններից մեկը:

Ինչ է պետք իմանալ ՀՀ աշխատանքային միգրանտների իրավունքների վերաբերյալ 2015 թից:

2015 թ-ի հունվարի 2-ից սկսած` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, իսկ 2015 թ-ի օգոստոսի 12-ից նաև Ղրղզստան) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում և պատենտ: Միաժամանակ` ԵՏՄ անդամ պետություններում օրինական գտնվելու և աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք: Աշխատանքի տեղավորման համար պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90-օրյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտն իրավունք ունի 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր: ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ:

ՀՀ քաղաքացիները առհասարակ ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց (գտնվելու վայրում հաշվառվելուց) աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդ որում, նրանցից, ի տարբերություն այլ երկրների քաղաքացիների, չի պահանջվում ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր, թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր և ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:

ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը) (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով և նույն կարգով: ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների աշխատանքային (ապահովագրական) ստաժը գումարվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժին: ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում արտակարգ և անհետաձգելի վիճակներում կարող են ստանալ շտապ բժշկական օգնություն:

ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի երեխաները, ովքեր նրա հետ համատեղ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախել նախադպրոցական հաստատություններ, ստանալ կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտի եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման` աշխատանքի տեղավորման պետության օրենսդրության, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայն։ ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ճանաչվում են ՀՀ կրթական կազմակերպությունների տրամադրած կրթության վերաբերյալ փաստաթղթերը:

Հայտնում ենք Ձեզ, որ մեր փաստաբանական գրասենյակի փորձարկման լաբորատորիան գրանցված է Եվրասիական Տնտեսական Միության Սերտիֆիկացման Մարմինների և Փորձարկման Լաբորատորիաների Միասնական Ռեեստրում և նշանակված է ԵՏՄ կանոնակարգերով աշխատելու համար: Մեր փորձարկման լաբորատորիան նման իրավասություներով օժտված ՀՀ–ում գործող միակ լաբորատորիան է:

Ձեր արտադրանքը ԵՏՄ երկրներ արտահանելու համար կարող եք օգտվել մեր ծառայություններից:

02.04.2015