Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

2017 թվականի սկզբին փոփոխություններ են կատարվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում նոտարներն օժտվել են մի շարք նոր գործառույթներով: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում նոտարի կատարողական մակագրությամբ վավերացված գործարքը՝ առանց դատարան դիմելու ի կատար ածելու հնարավորություն նախատեսող նորավեպը:

Այսպես, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1 հոդվածում ասվում է, որ պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն:

Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունը, նոտարը 3-օրյա ժամկետում տրամադրում է կատարողական մակագրության թերթ, որը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում է հարկադիր կատարման ենթակա ակտ:

Սակայն պետք է հաշվի առնել, որ նոտարի կողմից կատարողական մակագրության թերթ տալու համար պարտադիր նախադրյալն է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝

  • ներկայացվող փաստաթղթերը հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը
  • բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը
  • կատարողական մակագրությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե կողմերի միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնություն, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի կողմից վավերածրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ
  • կողմերի համաձայնությամբ պարտապանի պարտավորությունները պետք է կատարվեն նոտարական ակտ կայացնելու կամ նոտարական գործողություն կատարելու միջոցով
  • պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց

Ընդ որում, յուրաքանչյուր չկատարված պարտավորության մասով տրամադրվում է առանձին կատարողական մակագրության թերթ: Պարտատերը ստանում է կատարողական մակագրության թերթի մեկ օրինակը, որը պետք է ուղարկվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Եվս մեկ ուշագրավ նորամուծություն է նոտարներին իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերում նոր լիազորություններով պատվիրակելը: Այսուհետ նոտարն իրավունք ունի հաստատելու այն փաստերը, որոնցից կախված են անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխությունը կամ դադարումը: 

Նախկինքւմ ՀՀ իրավական համակարգում, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա իրավազորություններում, նմանօրինակ լիազորությունները պատկանել են բացառապես ընդհանուր իրավասության դատարաններին, որտեղ այս բնույթի գործերը քննվում են հատուկ վարույթի կարգով: Գործնականում նոտարները կարող էին հաստատել միայն այն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որոնց հաստատման անհրաժեշտությունը ծագում էր ժառանգության ձևակերպման ընթացքում, օրինակ՝ ըստ օրենքի ժառանգին ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելը: Այսօրվա դրությամբ նոտարների լիազորությունների շրջանակը զգալիորեն լայնացել է:

Նոտարը հաստատում է հետևյալ փաստերը՝

  • անձանց ազգակցական հարաբերությունները
  • անձի՝ ուրիշի խնամքի տակ լինելը
  • ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը
  • ժառանգությունն ընդունելը և ժառանգության բացման վայրը
  • իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի
  • սեփականության իրավունքով գույքի տիրապետումը
  • անձանց բանավոր հայտարարությունները

Վերը ներկայացված փաստերի ցուցակը սպառիչ չէ:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար նոտարին ներկայացվում է դիմում:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ նոտարական ակտը հիմք է փաստի հաստատումից բխող իրավունքները ձևակերպելու կամ համապատասխան լիազոր մարմնի կողմից փաստի գրանցումն իրականացնելու համար: Կարևոր է մատնանշել, որ փաստի հաստատման արդյունքում ընդունած նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն դրանում նշված նպատակներով:

Նոտարին ուղղված դիմումի մեջ պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը: Դիմումի հետ միասին ներկայացվում են պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ նոտարական ակտն ընդունվում է, եթե 1) ներկայացված փաստաթղթերը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար, 2) հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից, 3) բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը, 4) դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է, 5) իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անվիճելի է:

Սույն տեքստի երկու նախորդ պարբերություններում նշված պահանջները չպահպանելու դեպքում նոտարը մերժում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման դիմումը:

Ինչ վերաբերում է անձանց բանավոր հայտարարությունների դեպոնացմանն, ապա այսուհետ այն պետք է իրականացվի առնվազն 2 վկայի ներկայությամբ, ովքեր ստորագրություններով հավաստում են, որ հայտարարությունը և երդման հավաստիացումը կատարվել են իրենց ներկայությամբ: Քաղաքացու հայտարարությանը կցվում է իր կողմից ստորագրված երդման հավաստիացումը նշումով, որ անձը տեղյակ է կեղծ երդում տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

02.03.2017

Вернуться