ՀՀ մուտքի վիզաների տեսակները և հրավերը
Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագրերի (վիզաների) հիման վրա: Սույն հոդվածում մենք ուսումնասիրելու ենք ՀՀ սահմանը հատելու համար անհրաժեշտ վիզաների տեսակները:
Սկզբից նշենք, որ մի շարք պետությունների քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագիր ստանալու պարտականությունից և իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշակի ժամկետով գտնվել Հայաստանի տարածքում (տարբեր պետությունների քաղաքացիների համար այդ ժամանակահատվածի տևողությունը սահմանվում է երկկողմանի միջազգային պայմանագրերով): Այդ պետությունների ցանկը:
Բացի այդ, ՀՀ տարածք մուտք գործելիս մի շարք պետությունների քաղաքացիները միակողմանիորեն ազատված են վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից:
Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական), չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:
Տարբերակում են վիզաների հետևյալ տեսակները՝
- այցելության մուտքի վիզա
- պաշտոնական մուտքի վիզա
- դիվանագիտական մուտքի վիզա
- տարանցիկ մուտքի վիզա
Այցելության մուտքի վիզա
Այցելության մուտքի վիզան տրվում է հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (hանգստի), բուժման, ՀՀ կրթական հաստատություններում ուսանելու, ՀՀ կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, ՀՀ տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, ՀՀ ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար:
Պաշտոնական մուտքի վիզան տրվում է պաշտոնական (ծառայողական) անձնագիր ունեցող անձանց: Այն տրվում է՝
- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար
- ՀՀ պետական մարմինների կամ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար
- սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար
Դիվանագիտական վիզան տրվում է դիվանագիտական անձնագիր ունեցող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց՝
- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար
- պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար
- ոչ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար
Տարանցիկ մուտքի վիզա
Տարանցիկ մուտքի վիզան տրվում է ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է պաշտոնական և դիվանագիտական մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ: Այցելության և տարանցիկ մուտքի արտոնագրերը տրամադրվում և երկարաձգվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից: ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
Հրավերներ
Մի շարք երկրների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանել է հատուկ պահանջներ: Այդ պետությունների քաղաքացիները կարող են մուտք գործել ՀՀ տարածք միայն օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկից վիզա ստանալուց հետո և միայն հրավերի հիման վրա:
Սակայն եթե նշված պետությունների քաղաքացիները ծագմամբ հայ են, ապա ՀՀ սահմանային անցման կետերում ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո նրանք կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի:
Իրավաբանական անձանց կողմից հրավեր ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հյուպատոսական վարչությանը: ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, դեսպանատները, հյուպատոսությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց ներկայացուցչությունները կարող են ներկայացնել հրավերը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն: Ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող հրավերները պետք է ուղարկվեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Հրավերին կցվում են հրավիրվող և հրավիրող անձանց անձնագրերի (հրավիրողի կացության քարտի, հատուկ անձնագրի) պատճենները, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Իրավաբանական անձանց հրավերները կազմվում են ընկերության բլանկի վրա: Իրավաբանական անձի կողմից հրավերն առաջին անգամ ներկայացնելու դեպքում կցվում է նաև իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ դրան հավասարեցրած փաստաթղթի պատճենը:
29.08.2016