Համաներում՝ մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար

Գործադիրը հավանության է արժանացել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում:

Մասնավորապես, նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թ. հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել են պետական տուրքի մայր գումարը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ, հավանության է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ. մայիսի 1-ը:
www.panorama.am

Вернуться