Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը դրական եզրակացության չի արժանացել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:
Ըստ հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանի՝ օրինագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:
Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները:
Օրինագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները: Նրանք խոսել են Արցախի Հանրապետությունն այս պահին ճանաչելու նպատակահարմարությունից, ներկայացրել են նախաձեռնության վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Առաջարկ է եղել առաջիկայում հանձնաժողովում թեմայի վերաբերյալ կազմակերպել փակ քննարկում, ինչը ողջունել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Սակայն օրինագիծը չի ստացել դրական եզրակացություն:
16.05.2016