Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցումը

Բարոյական վնասի ինստիտուտի ներդրումը Հայաստանում

2015 թ-ին մի շարք փոփոխություններ են կատարվել բարոյական (ոչ նյութական) վնասի ինստիտուտին առնչվող օրենսդրության մեջ: Առաջին փոփոխությունները կատարվել էին 2010 և 2014 թ-ին, սակայն 2015 թ-ի վերջին կատարված լրացումները տալիս են ավելի մանրամասն օրենսդրական կարգավորում բարոյական վնասի ինստիտուտին:

Ներկայումս օրենսդրությամբ նախատեսվում է, որ հատուցման ենթակա է պատվին, արժանապատվության, գործարար համբավին պատճառված վնասը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում է ոչ նյութական բարիքների հասկացությունը: Անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի: Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:

Թվարկված իրավունքների պաշտպանության պրակտիկ մեխանիզմ ներդնելու նպատակով սահմանվել է 162.1 հոդվածը, որը հաստատել է «ոչ նյութական (բարոյական) վնասի» հասկացությունը և դրա հատուցման կարգը: Ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Հիմնական իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը

Անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

  1. կյանքի իրավունքը.
  2. խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
  3. անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
  4. արդար դատաքննության իրավունքը.
  5. անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
  6. մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
  7. հավաքների և միավորման ազատության իրավունքը.
  8. իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
  9. սեփականության իրավունքը:

Օրենսդրական փոփոխություններով նախատեսվել է անարդարացի դատապարտված անձի՝ ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը: Տվյալ դեպքում բարոյական վնասը ենթակա է հատուցման անկախ հատուցման ենթակա գույքային վնասից և պաշտոնատար անձի մեղքի առկայությունից և վնասը հատուցվում է ՀՀ պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի միջոցների հաշվին:

Հատուցման գումարները հետևյալներն են՝

  • 3.000.000 ՀՀ դրամ՝ 1-2 կետերում նշված իրավունքների խախտման, ինչպես նաև անարդարացի դատապարտման ենթարկելու հետևանքներով պատճառված վնասի պարագայում.
  • 2.000.000 ՀՀ դրամ՝ 3-9 կետերում նշված իրավունքների խախտման պարագայում.
  • հատուկ դեպքերում ոչ նյութական վնասի հատուցման գումարը կարող է գերազանցել վերոնշյալ չափերը (եթե վնասի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ):

Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նաև հիմնարար իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից 1 տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան 2 ամսվա, բայց ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում:

Միաժամանակ օրենքով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը

Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: 

Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

  • դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
  • դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
  • այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցները`

  • հրապարակայնորեն ներողություն խնդրել.
  • եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը.
  • մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

  • լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը.
  • մինչև 2.000.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:

Անձը, որի իրավունքները խախտվել են, չի կարող օգտվել պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը: 

Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը: Պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` 1 ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից 6 ամսվա ընթացքում:

10.05.2016

Вернуться