Արժեթղթերի տեսակները
Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս: Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում են ըստ ներկայացնողի, անվանական և օրդերային արժեթղթեր: Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին և վերջինս կկարողանա ամբողջությամբ օգտագործել դրանով հավաստվող իրավունքները: Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները փոխանցելիս իրականացվում է իրավունքի զիջում հօգուտ արժեթղթում նշված անձի: Օրդերային արժեթղթով հավաստվող իրավունքը փոխանցվում է այդ արժեթղթի վրա փոխանցագիր կատարելու միջոցով (ինդոսամենտ):
Պարտատոմս
Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են ըստ ներկայացնողի և անվանական պարտատոմսեր: Դեպքերի մեծամասնությունում պարտատոմսերը թողարկվում են, երբ թողարկողը մտադիր է կուտակել որոշ չափի կապիտալ: Այդ պարագայում թողարկողը պարտքով գումար է վերցնում պարտատոմսեր ձեռքբերողներից, փոխարենը պարտավորվելով հետագայում վերադարձնել պարտատոմսի արժեքը և հաշվեգրված տոկոսի չափը, ինչի արդյունքում նրան հաջողվում է իրականացնել դրամական ակտիվների համակենտրոնացում:
Չեկ
Չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ տվողի` որևէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին` չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը: Չեկերն արտադրվում են սահմանված ձևի հատուկ փաստաթղթի տեսքով: Չեկում պարտադիր նշվում են բոլոր անհրաժեշտ վավերապայմանները՝ չեկ տվողի անունը, ստորագրությունը, բանկային հաշվեհամարը, չեկը տիրապետողի անունը (անվանական չեկի դեպքում) և գումարի չափը: Յուրաքանչյուր բանկն անհրաժեշտության դեպքում ապահովում է իր հաճախորդներին չեկային գրքույկներով:
Մուրհակ
Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին: Չնայաց մուրհակի փոքր տարածվածության, այս արժեթուղթն օգտակար նշանակություն ունի, հատկապես պարտքային պարտավորություններ ձևակերպելիս:
Այսպես, պարտապանը, որը միաժամանակ հանդիսանում է մուրհակ տվող, մուրհակ է տալիս պարտատիրոջը և դրանում համաձայնեցված ժամկետի լրացումից հետո մուրհակը տիրապետողը կարող է դիմել բանկին՝ արժեթղթով ապահովված գումարը իր հաշվին փոխանցելու համար:
Բաժնետոմս
Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է բաժնետիրոջ բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:
Բաժնետոմսերը կարևոր դեր են խաղում ժամանակակից քաղաքացիական շրջանառությունում, հատկապես ՀՀ անկախությունը հռչակելուց և ազատ շուկայական հարաբերություններին անցնելուց հետո: Բաժնետոմսերի թողարկումն իրականացվում է օրենսդրությամբ հատուկ սահմանված կարգով: Բաժնետոմսերը գրանցվում են իրավաբանական անձի մասնակիցների ռեեստրում, որը վարվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:
Բաց բաժնետիրական ընկերությունների (ԲԲԸ) և փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ) կանոնանդրական կապիտալները բաղկացած են բաժնետոմսերից: Այս երկու տարբեր կազմակերպա-իրավական ձևերի իրավաբանական անձանց բաժնետոմսերի տարբերությունը կայանում է նրանում, որ ԲԲ ընկերության պարագայում բաժնետոմսերը գտնվում են ազատ վաճառքում և ԲԲԸ հիմնադիրների միջև տեղաբաշխվելուց հետո դրանք տեղադրվում են առաջնային հանրային առաջարկի (IPO): Բաժնետոմսերը ձեռք բերելու իրավունքը տրամադրվում է թվով անսահմանափակ անձանց և բաժնետոմսերը երրորդ անձանց օտարելու դեպքում ընկերության մնացած բաժնետերերը չունեն դրանց ձեռքբերման նախապատվության իրավունք:
ՓԲ ընկերությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է, որ ՓԲԸ հիմնադիրների կողմից բաժնետոմսերի թողարկման մասին որոշում կայացնելուց հետո ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման առաջարկը կարող է ներկայացվել միայն թվով սահմանափակ անձանց, ովքեր որոշվում են ընկերության հիմնադիրների կողմից: Այդպիսով, մենք տեսնում ենք, որ ՓԲԸ բաժնետոմսերի բաժանորդագրությունը սահմանափակ է:
Եթե ընկերության մասնակիցը ցանկանա վաճառել կանոնադրական կապիտալում իր ունեցած բաժնետոմսերը, ընկերության մնացած բաժնետերերն օգտվում են բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից: Այդ իրավունքը կարող է իրականացվել ընկերության մյուս բաժնետերերին բաժնետոմսերի ենթադրյալ վաճառքի մասին ծանուցելուց հետո առնվազն 30 օրվա ընթացքում: Կանոնադրությամբ ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման համար սահմանված առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 60 օրը: Միաժամանակ ՓԲԸ կանոնադրությամբ կարող է արգելվել բաժնետոմսերն՝ ընկերության մասնակից չհանդիսացող անձանց օտարելը: ՓԲԸ մասնակիցների կազմում չի կարող լինել 49-ից ավելի մասնակից: Ընկերությունը պետք է վերակազմավորվի ԲԲ ընկերության, եթե դրա մասնակիցների թիվը գերազանցում է 49-ը:
ՀՀ կորպորատիվ օրենսդրությամբ նախատեսված են հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսեր: Հասարակ բաժնետոմսի տերը հանդիսանում է ընկերության լիիրավ բաժնետեր, քանզի նմանատիպ բաժնետոմսի յուրաքանչյուր սեփականատերն ունի ձայնի իրավունք ընկերության ընդհանուր ժողովում: Այդ իրավունքը հնարավորություն է տալիս մասնակցել տնօրենների խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի ընտրություններում, որոշել բաժնետիրական ընկերության գործունեության ողղությունը, բաշխել ընկերության շահույթը դրա մասնակիցների միջև և հաստատել ընկերության տարեկան հաշվետվությունը: Մեկ բաժնետոմսը տալիս է մեկ ձայնի իրավունք և այդ պատճառով յուրաքանչյուր բաժնետերի ձայների քանակը որոշվում է ելնելով նրան պատկանող սովարական բաժնետոմսերի թվից:
Շահաբաժիններն առաջին հերթին վճարվում են արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին: Սովորական բաժնետոմսերի սեփականատերերը ստանում են իրենց վճարման ենթակա շահաբաժինները միայն դրանք արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին վճարելուց հետո: Սակայն պետք է նշել, որ արտոնյալ բաժնետոմսը չի տալիս ընկերության ընդհանուր ժողովին քվեարկելու իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի:
Արժեթղթերի այլ տեսակներ
Արժեթղթերի այլ տեսակներից են կոնոսամենտը, բանկային վկայագիրը, երկակի և հասարակ պահեստային վկայագիրը, ինչպես նաև սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը:
Կոնոսամենտ է համարվում ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` տնօրինելու կոնոսամենտում նշված բեռը և փոխադրելուց հետո ստանալու այն: Կոնոսամենտը կարող է լինել` ըստ ներկայացնողի, օրդերային կամ անվանական:
Բանկային վկայագիր (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ) է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է ավանդի գումարը և ավանդատուի իրավունքը՝ սահմանված ժամկետի ավարտից հետո վկայագիր տված բանկում կամ այդ բանկի ցանկացած մասնաճյուղում ստանալ ավանդի գումարը և դրանից տոկոսներ: Այս տեսակի արժեթուղթը կարող է լինել՝ ըստ ներկայացնողի կամ անվանական:
Երկակի պահեստային վկայագիր է համարվում օրդերային այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը: Այն կազմված է երկու մասից` պահեստային վկայագրից և գրավային վկայագրից (վարանտից), որոնք առանձին-առանձին արժեթղթեր են:
Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանով:
Պահեստային և գրավային վկայագրերի տերն իրավունք ունի պահանջել, որ ապրանքն իրեն հանձնվի մաս առ մաս:
Հասարակ պահեստային վկայագիր է համարվում ըստ ներկայացնողի արժեթուղթ, որը բաղկացած է մեկ փաստաթղթից:
Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի ներդրումը պայմանավորված է 2014 թ. կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով: Այս արժեթղթերը թողարկվում են կուտակային կենսաթոշակային ֆոնդի կողմից և համարվում են անվանական արժեթղթեր, որոնք հավաստում են դրանց տիրոջ (քաղաքացու) իրավունքն օրենքով սահմանված կարգով և պայմաններով կենսաթոշակ կամ կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այլ գումարներ ստանալու իրավունքը:
15.08.2016