18 տարեկանից զինծառայության անցնելուն վերաբերող օրինագիծը շուտով կդրվի քննարկման
Ի՞նչ ճակատագիր ունի պարտադիր՝ առանց տարկետման իրավունքի, զինծառայության անցնելու մասին օրենքի նախագիծը: Հունիսի 8-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ կառավարությունից փորձեց պարզել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Հիշեցնենք՝ դեռ մի քանի շաբաթ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով նույն պատգամավորի հարցին, տեղեկացրել էր, որ առաջիկայում այդ օրինագիծը կներկայացվի խորհրդարանին: Նկատենք՝ Հակոբյանը և նրա գործընկեր Թևան Պողոսյանը նույն օրինագիծը դեռ մեկ տարի առաջ ներկայացրել էին կառավարությանը, սակայն կառավարությունից պատասխանել էին, որ լրամշակված և ամբողջական տարբերակը ներկայացվի խորհրդարանին:
Պատասխանելով պատգամավորի հարցին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ գերատեսչությունները դիտողություններ են արել, և այժմ այն Կրթության, գիտության նախարարությունում է՝ լրամշակվում է:
«Ասեմ, որ աշխատանքները արդեն ավարտված են, և մոտակա շաբաթների ընթացքում քննարկում կկազմակերպվի»,- հավելեց Հարությունյանը: Նշենք, որ կառավարությունը, ըստ էության, համաձայնել էր պատգամավորների առաջարկին, որի համաձայն, առաջարկվում էր, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պարտադիր պետք է զորակոչվեն բանակ, սակայն նախատեսվում էին բացառություններ:
11.06.2016