Սեփականության իրավունքի ճանաչման մասին | 24.09.2010
Գործի նախապատմությունը
Մ. Մ-ն Ս. Մ-ին 100.000 ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքում իր համար սեփական առանձնատուն գնելու համար: Պայմանավորվածության համաձայն Ս. Մ-ն նշված գումարով գնել է Երևան քաղաքի “…” հասցեի տունը` կից հողամասով, հետագայում այն Մ.Մ-ի անվամբ անվանափոխելու համար: Սակայն հետագայում նա հրաժարվել է ամբողջ գույքը անվանափոխել , հայտնելով , որ այդ գույքի նկատմամբ կատարել է ներդրում “…” գումարի չափով և ցանկանում ներկայացնել որպես իր անձնական գումար:
Հայցվորը դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին, վերջինս ուսումնասիրելով փաստաթղթերը դիմել է դատարան և խնդրել է “…” հասցեի տան և հողամասի նկատմամբ դադարեցնել պատասխանող Ս. Մ-ի սեփականության իրավունքը և նշված բնակելի տան և հողամասի նկատմամբ ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը, 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Նույն օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով նշված հոդվածների պահանջները, ինչպես նաև այն անվիճելի հանգամանքը, որ “…” հասցեի տունը` կից հողամասով պատասխանողը գնել է Մ.Մ-ի գումարով և պարտավորվել է անվանափոխել, սակայն անհիմն պատճառաբանություններով ձգձգում են, փաստաբան Վարդան Խեչյանը խնդրել է “…” հասցեի տան և հողամասի նկատմամբ դադարեցնել պատասխանող Ս. Մ-ի սեփականության իրավունքը և նշված բնակելի տան և հողամասի նկատմամբ ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը:
Նման պայմաններում, դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման` պետք է հարգել հայցվորի ներկայացուցիչ Վարդան Խեչյանի խնդրանքը և “…” հասցեի տան և հողամասի նկատմամբ դադարեցնել պատասխանող Ս. Մ-ի սեփականության իրավունքը և նշված բնակելի տան և հողամասի նկատմամբ ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը:
Գործի ելքը
Հայցը բավարարել: “…” հասցեի տան և հողամասի նկատմամբ դադարեցնել պատասխանող Ս. Մ-ի սեփականության իրավունքը և նշված բնակելի տան և հողամասի նկատմամբ ճանաչել Մ.Մ-ի սեփականության իրավունքը:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +37410 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին