Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը և երեխաների քաղաքացիությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիությունը ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով:
Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:
Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերնեն`
- դիմում.
- անձնագիրը և դրա պատճենը.
- 35 × 45 չափի 6 գունավոր լուսանկար.
- ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը.
- երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.
- զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար).
- այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին հավաստագիրը.
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը, անձի կողմից դիմումը տալուց հետո 10-օրյա ժամկետում հարցումներ է կատարում համապատասխան մարմիններ:
Այլ պետության քաղաքացիություն ձեռքբերած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում պարտավոր է այդ մասին մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներից մեկին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
Երեխաների քացաքացիության վերաբերյալ
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների համաձայնությունը կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նրանց մինչեւ 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Երեխայի քաղաքացիությունը որդեգրման ժամանակ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրած երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`
- առկա է երեխան որդեգրած ամուսինների համաձայնությունը.
- երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրած ամուսնու համաձայնությունը.
- երեխան քաղաքացիություն չունեցող անձ է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը որդեգրման դեպքում
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները կամ այնպիսի ամուսիններ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման դեպքում երեխան կարող է փոխել քաղաքացիությունը միայն որդեգրողների դիմումով: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխան, որին որդեգրել են քաղաքացիություն չունեցող անձինք, կամ որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահպանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
07.04.2015