Սահմանված ժամկետի ավարտից հետո բնակարան կամ առանձնատուն ժառանգելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում: Եթե 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո ժառանգությունը չի ընդունվել, այն անցնում է նույն հերթի մյուս ժառանգներին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ հաջորդ հերթի ժառանգներին: Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու դեպքում ժառանգելու իրավունքը կարող է վերականգնվել միայն դատարանում: Միանգամից նշենք, որ դա բավականին բարդ գործընթաց է և այն հաջողությամբ իրականացնելու համար խորհուրդ ենք տալիս դիմել անշարժ գույքի ոլորտում մասնագիտացվող փաստաբանի օգնությանը:
Ժառանգություն ընդունելը
Ժառանգությունը կարելի է ընդունել հետևյալ եղանակներով՝
- ներկայացնել նոտարին ժառանգությունն ընդունելու մասին դիմում՝ ժառանգատուի մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում.
- փաստացի ընդունել ժառանգությունը, այսինքն՝ նշված 6-ամսյա ժամկետում ժառանգը սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը, իր հաշվին կատարում է գույքը պահպանելու ծախսեր (ըստ օրենքի ժառանգության դեպքում):
Երբեմն ժառանգության ընդունման փաստն ապացուցելը բարդ է, քանի որ հաճախ պատահում են այնպիսի դեպքեր, երբ ժառագները պարզապես չունեն գույքի տիրապետումը և օգտագործումը հաստատող փաստաթղթերը: Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ ժառանգներին պետք է ձևակերպել անցյալում մի քանի անձանց տիրապետման ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքները, սակայն նախկինում գույքն օգտագործող անձինք չէին գրանցել իրենց սեփականության իրավունքները և ժամանակ առ ժամանակ ուղղակի օգտագործում էին այն: Նման դեպքերում ժառանգությունը ձևակերպելու միակ հնարավորությունը դատարան դիմելն է:
Բարձր է հավանականությունը, որ առաջին հերթին ժառանգը ստիպված կլինի ապացուցել բնակարանն օգտագործելու, գույքահարկը վճարելու և կոմունալ վճարումները կատարելու փաստերը: Երբեմն ժառանգները ստիպված են ապացուցել 5-10 տարվա ընթացքում տեղի ունեցած գույքի օգտագործումը և զարմանալի չէ, որ այդ ժամանակահատվածում փաստաթղթերի մեծ մասը կարող է կորել կամ չպահպանվել:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցուղ անձինք օգտվում են գույք, ներառյալ բնակարաններ և սեփական առանձնատներ ժառանգելու իրավունքից, սակայն հարկ է նշել, որ նրանք զրկված են հողամաս ժառանգելու իրավունքից: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հողամասը սեփականության իրավունքի հիման վրա ունենալու համար նրանք պետք է ստանան հատուկ կացության կարգավիճակ, որը ստանալուց հետո օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրվում է կացության հատուկ անձնագիր:
Ժառանգության ընդունման ժամկետի բացտողում
Ժառանգության ընդունման 6-ամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում ժառանգը զրկվում է գույք ժառանգելու իրավունքից, սակայն դատարանն իրավունք ունի վերականգնել ժառանգության ընդունման ժամկետը, եթե բացթողումը թույլ էր տրվել հարգելի պատճառներով: Հարգելի պատճառները հետևյալներն են՝ նորմալ ապրելակերպ վարելու հնարավորությունից զրկող ծանր հիվանդությունը, մյուս ժառանգների կողմից կատարած խաբեությունը և այլ անբարեխիղճ գործողությունները, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ռազմական գործողությունների գոտում գտնվելը և այլն: Պետք է նշել, որ ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը:
Եթե ժառանգությունն ընդունելու նպատակով ժառանգը չի դիմել նոտարին, սակայն ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում սկսել է օգտագործել ամբողջ ժառանգական գույքը կամ դրա մասը, ապա նա համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ (ըստ օրենքի ժառանգության դեպքում):
Փաստացի օգտագործման ապացուցում
Դատարանները մանրակրկիտ ուսումնասիրում են անշարժ գույքի փաստացի տիրապետման հիմքով ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ գործերը (ՀՀ-ում մինչև սահմանված 6-ամսյա ժամկետի ավարտն ըստ կտակի ժառանգության ընդունումը չի կարող իրականացվել գույքի փաստացի տիրապետման և օգտագործման հիմքով), ուստի և ժառանգը պետք է ներկայացնի բնակարանի տիրապետման և օգտագործման մասին վկայող անհերքելի ապացույցները, հակառակ դեպքում դիմումը կարող է մերժվել:
Մենք արդեն խոսացել ենք ապացույցների մասին և կփորձենք նշել դրանցից մի քանիսը: Բնակարանում դիմումատուի բնակվելու փաստը կարող է ապացուցվել այդ բնակարանում հաշվառվելու վերաբերյալ փաստաթղթով կամ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային մարմիններում դրված դրոշմակնիքով, ինչպես նաև հարևանների և ազգականների կողմից տրված ցուցմունքներով: Սակայն մինչև նրանց ցուցմունքների օգնությանը դիմելը պետք է կատարել անհրաժեշտ գրավոր ապացույցների հավաքմանն ուղղված գործողությունները: Կարևոր նշանակություն ունեցող ապացույցների շարքին կարող են դասվել նաև կոմունալ ծառայությունների և գույքահարկի վճարումների կատարումը հաստատող անդորրագրերը, ինչպես նաև նշված բնակարանում վերանորոգման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը (կապալի պայմանագիր, աշխատանքների ընդունման ակտ և այլն):
Այդպիսով՝ խորհուրդ է տրվում լուրջ մոտենալ ժառանգական իրավունքների ձևակերպմանը: Եթե ձեզ անհրաժեշտ է ընդունել ժառանգություն և դուք բաց եք թողել ժառանգության ընդունման ժամկետը, ապա դիմեք մեր փաստաբանական գրասենյակի իրավաբանական օգնությանը:
10.10.2015