Քաղցկեղի անվճար վիրահատությունները՝ ըստ առաջնահերթության
Թե մի բանով միահամուռ հիացած է հասարակությունը նոր կառավարությունից՝ դա քաղցկեղի անվճար վիրահատություններն են։ Անվճար՝ այսինքն պետպատվերով։ ԱՆ-ն հայտարարեց նաև, որ քննարկվում է ճառագայթային և քիմիաթերապիայի անվճար դարձնելու հարցը։ Նման դեպքում՝ մի քանի անգամ կաճեն պահանջվող ֆինանսական միջոցները։
Միանգամայն ողջունելով նախարարի հայտարարությունը, որ ուռուցքային վիրահատությունների ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, ցանկալի է տեղեկանալ՝ տարեկան քանի հիվանդի մասին է խոսք գնում, ինչ արժեն նման վիրահատությունները, ընդհանուրը որքան գումար է կազմում այս նախաձեռնությունը և ինչ միջոցներով է պատրաստվում ԱՆ-ն այն լուծել։
Խնդիրը նրանում է, որ թույր կարծիք կա հանրությունում, թե ուռուցքային բոլոր վիրահատությունները անվճար կլինեն։ Ճիշտ կլինի նախօրոք բացատրել հիվանդներին բոլոր մանրամասները՝ հիասթափություններից, կամ չհասկացությունից խուսափելու համար։
Նախ ասենք, որ որևէ նոր օրենք չի ընդունվել՝ գործում է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318 որոշումը։ Իսկ անվճար վիրահատությունների քանակի ավելացում ստացվել է ԱՆ բյուջեի ավելացումից՝ 700 միլիոն դրամով։ Ու դրանով էլ որոշվում է անվճար վիրահատությունների քանակի ավելացումը։
Անվճար վիրահատություններ կատարվում են/ կկատարվեն բժշկական այն հաստատություններում, որոնց հետ առողջապահության նախարարությունը կնքել է պայմանագրեր։
Ըստ հաշվարկի՝ 2018 թվականին նշված /տես ԱՆ պատասխանում/ կազմակերպություններում ուռուցքաբանական և արյունաբանական դեպքերը 10700 են եղել։
2018 թվականին իրականացվել է 2050 վիրահատական միջամտություն։
ԱՆ պատասխանում գրված է, որ վիրահատական գումարների՝ պետության կողմից փոխհատուցումը և գանձվող համավճարը հաստատում է առողջապահության նախարարը։ Մինչև 2019 թիվը պետության կողմից փոխհատուցվող միջինացված գումարը կազմել է 118,800 դրամ։
Ու թեև «սկսած 2019 թվականի հունվարի 11-ից ամբողջ բնակչության համար չարորակ վիրահատությունները կլինեն պետպատվերով», Panorama.am-ին ուղարկած պատասխանում նշվում է, որ իրականում ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության համար պահանջվում է մի քանի անգամ ավելի գումար, քան կա ԱՆ ավելացած բյուջեում ուստի՝ «խնդիրների լուծումը կլինի փուլային տարբերակով՝ ըստ առաջնահերթության»։
Ըստ այդմ՝ դեռևս անհասկանալի է՝ ասենք երբ կհասնի հերթը ոսկրածուծի փոխպատվաստմանը։