Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ապրանքային նշանների պետական գրանցման գործընթացը

Ապրանքային նշան կամ սպասարկման նշան (այսուհետ՝ ապրանքային նշան)՝ նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար: Հայաստանում բիզնեսի և մրցակցության զարգացման, ինչպես նաև շուկայում ձեռնարկատիրության նոր սուբյեկտների ստեղծման կապակցությամբ արդիական է դառնում երրորդ անձանց ոտնձգություններից ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքների պաշտպանությունը: Նշված իրավունքների պաշտպանության հնարավորություն ապահովելու համար ապրանքային նշանը պետք է անցնի պետական գրանցման գործընթաց, որն իրականացվում է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը: Նշենք, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքները ծագում են միայն այն դեպքում, երբ կատարվել է նշանի պետական գրանցում, նշանը ճանաչվել է հանրահայտ կամ կատարվել է նշանի միջազգային գրանցում:

Ընդհանուր տեղեկություններ

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված: Այդ ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով: Երկարաձգելու հայտը կարող է ներկայացվել նշանի գրանցման գործողության ժամկետի վերջին տարվա ընթացքում կամ գործողության ժամկետը լրանալու պահից 6 ամսվա ընթացքում՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

Հայտը կազմվում է հայերեն լեզվով: Կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզուներով՝ դրանց պատշաճ կերպով վավերացված հայերեն թարգմանությունները ներկայացնելու դեպքում (օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել թարգմանությունները երկու ամսվա ընթացքում): Հայտը պետք է պարունակի հայտատուին կամ նրա լիազորված անձին նույնականացնող տեղեկություններ, հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում` ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը: Համապատասխան դեպքերում հայտում պետք է կատարել նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է, հոլոգրաֆիկ, ձայնային կան այն, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշն է: Բացի այդ հայտում պետք է նշվի նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը: Հաշվի առեք՝ ապրանքային նշանի հայտը կարող է տրվել ինչպես միևնույն, այնպես էլ մի քանի դասերի ապրանքների և ծառայությունների գրանցման համար: Եթե հայտարկվող նշանը գրանցվում է մի քանի դասերի համար, անհրաժեշտ է վճարել լրացուցիչ պետական տուրք:

Դիմումին կցվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, որը վճարվում է հայտի ներկայացման և փորձաքննության անցկացման համար: Տարբեր դեպքերում կից փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել: Համապատասխան դեպքերում կից ներկայացվում են՝

  • լիազորագիր, եթե ապրանքային նշանը գրանցվում է լիազորված անձի միջոցով,
  • դիմում` առաջնություն խնդրարկելու մասին,
  • թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, եթե ապրանքային նշանը վերարտադրում կամ պարունակում է պետական զինանշաններ, դրոշներ կամ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ կամ դրանց կրճատ ձևեր, միջազգային և միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ ու այլ տարբերանշաններ, կամ շփոթելու աստիճան նման է դրանց, ինչպես նաև վերարտադրում է նշաններ կամ խորհրդանիշեր, որոնք չեն պահպանվում Փարիզյան կոնվենցիայի 6 հոդվածով, սակայն ներկայացնում են հատուկ հասարակական հետաքրքրություն,
  • իրավատիրոջ համաձայնություն՝ եթե ապրանքային նշանը վերարտադրում է ՀՀ-ում նախկինում գրանցված մտավոր սեփականության օբյեկտը, վերարտադրում կամ ներառում է որևէ հայտնի անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն կամ որևէ անձի պատկեր,
  • կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
  • հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը,
  • աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով:

Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների գրանցման գործընթացը

Ապրանքային նշանի գրանցման գործընթացը սկսելու համար ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը պետք է տրամադրվի գրանցման հայտ, որը կարող է ներկայացվել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Այդ գործողությունը կատարվում է ապրանքային նշանի գրանցումը հայցող ընկերության գործադիր մարմնի կամ ֆիզիկական անձի (ինչպես նաև նրանց կողմից լիազորված անձանց) կողմից:

Նշենք, որ հայտը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի: ՀՀ տարածքում մշտական բնակություն չունեցող ֆիզիկական անձիք և գործող առևտրային կամ արդյունաբերական հաստատություն չունեցող օտարերկրյա ընկերությունները ներկայացնում են հայտերը և վարում են նշանի գրանցման հետ կապված բոլոր գործերը ապրանքային նշանի հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով:

Հայտը գրանցվում է ներկայացման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Դրանից հետո գործակալությունն իրականացնում է ապրանքային նշանի նախնական փորձաքննությունը՝ ստուգելով դրա համապատասխանությունը վերոնշյալ օրենսդրական պահանջներին: Եթե այդ պահանջները խախտվել են, ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը ծանուցում է հայտատուին փաստաթղթերի անհամապատասխանությունները 2-ամսյա ժամկետում վերացնելու անհրաժեշտության մասին: Նախնական փորձաքննության հաջող ելքի դեպքում գործակալությունը որոշում է կայացնում հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին, ինչի վերաբերյալ հայտատուն ծանուցվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում: Անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված և գործակալությունը ծանուցում է հայտատուին իր կողմից կայացրած որոշման մասին:

Հայտը հրապարակելու մասին որոշում կայացնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտը հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Հրապարակմանը հաջորդող երկու ամսվա ժամկետում շահագրգիռ անձինք կարող են հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր առարկություն ներկայացնել: Հայտի ըստ էության փորձաքննությունն իրականացվում է երեքամսյա ժամկետում: Երրորդ անձանց կողմից առարկություններ ներկայացնելու դեպքում փորձաքննության ժամկետը կասեցվում է:

Հայտի ուսումնասիրության արդյունքում Մտավոր սեփականության գործակալությունը կայացնում է ապրանքային նշանի գրանցման մասին որոշում, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Այն դեպքում, երբ գործակալությունը հանգել է եզրակացության, որ առկա են ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական կամ բացարձակ հիմքեր, կայացվում է ապրանքային նշանի պետական գրանցումը մերժելու մասին որոշում: Եթե մերժման հիմքերը վերաբերում են ապրանքների կամ ծառայությունների մի մասին, որոշում է կայացվում մնացած ապրանքների և ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին (մասնակի գրանցում): Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո հայտատուն երկու ամսվա ընթացքում կարող է կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ բերելով հիմնավոր փաստարկներ:

Նշանը գրանցելու մասին որոշում կայացնելուց հետո Մտավոր սեփականության գործակալությունը ծանուցում է հայտատուին՝ ծանուցագիրը ստանալուն հաջորդող երեք ամսվա ժամկետում պետական տուրքը վճարելու և պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Այդ պարտականությունը չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված: Պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանուլուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Մտավոր սեփականության գործակալությունը հերթական համարի տակ գրանցում է ապրանքային նշանը պետական գրանցամատյանում: Դրանից հետո՝ 1 ամսվա ընթացքում, ապրանքային նշանի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է ապրանքային նշանի գրանցման վկայագիրը։

15.12.2015

Вернуться