Road Traffic Rules

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատժամիջոցների փոփոխությունները

2016 թ-ի հունվարի 11-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նոր իրավակարգավորումներին: Նա մասնավորապես նշել է, որ նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում: 

Այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաև մգեցված ապակիներով երթևեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:

PastInfo

11.01.2016

Вернуться