Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը

Օտարերկրյա ներդրողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարող օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ տարածքից դուրս մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա պետությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները:

Օտարերկրյա ներդրում է համարվում գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

Ներդրումները կարող են իրականացվել արտարժույթով, ՀՀ դրամով, արժութային արժեքներով, շարժական և անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ արժեթղթերով, դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով, արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման իրավունքով, վճարովի ծառայություններով և ՀՀ օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Օտարերկրյա ներդրումները խրախուսելու և դրանց ծավալը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է, որ օտարերկրյա ներդրումների իրավական կարգավիճակը չի կարող նվազ բարենպաստ լինել, քան ՀՀ քաղաքացիների, իրավաբանական անձանց և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը: Սակայն պետք է գիտակցել, որ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից կարող են սահմանվել հատուկ տարածքներ, որտեղ ներդրումային գործունեության իրականացումը սահմանափակված է կամ արգելված:

Երաշխիքներ

Ներդրողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար ՀՀ օրենսդրի կողմից սահմանվել են մի շարք երաշխիքներ: Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Բացի այդ, չի թույլատրվում օտարերկրյա ներդրում հանդիսացող գույքի ազգայնացումը կամ բռնագանձումը: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ: Նման դեպքերում բռնագանձված գույքի փոխարեն օտարերկրյա ներդրողին տրվում է լրիվ փոխհատուցում:

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն իրենց իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնել պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող խախտումներից (չարաշահումներից): Փոխհատուցումն իրականացվում է շուկայական կամ անկախ աուդիտների գնահատումներով որոշված գներով` այն արժույթով, որով կատարվել է ներդրումը կամ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ` մեկ այլ արժույթով: Ներդրողն իր ցանկությամբ կարող է ազատ օգտագործել և տնօրինել իրեն պատկանող շահույթը (եկամուտը) և առանց որևէ խոչընդոտ դուրս բերել ՀՀ տարածքից օրինական կերպով ձեռքբերած դրամական միջոցները: Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բանկերում բացելու ընթացիկ, հաշվարկային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ հաշիվներ: Նրանք պարտավոր են վճարել հարկեր, տուրքեր և այլ տեսակի պարտադիր վճարներ:

Ներդրումները կարող են իրականացվել տարբեր ճանապարհներով՝ ներդրողներին սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների կամ գործող ձեռնարկությունների ձեռքբերման միջոցով: Միաժամանակ դրանց գործունեությունը կարող է նաև իրականացվել ՀՀ իրավաբանական անձանց (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ), իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների հիմնադրման կամ գրանցված կազմակերություններում մասնակցություն ձեռք բերելու միջոցներով:

Բացի այդ, ներդրումները կարող են կատարվել բաժնետոմսերի, պարտատոմսերի, այլ արժեթղթերի և գույքային իրավունքների ձեռքբերման ճանապարհով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, ՀՀ իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների հետ կնքվող պայմանագրերի հիման վրա: Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված առևտրային գործունեության ցանկացած տեսակով: Որոշ տեսակի առևտրային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է լիցենզիայի ստացում:

Արտոնություններ

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից ՀՀ ներմուծվող` անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից:

Օրենքով սահմանված արտոնությունները տարածվում են օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների վրա, որոնցում այդ ներդրումները հիմնադրման պահին կազմում են առնվազն 30 տոկոս: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները կարող են ձեռք բերել իրենց իրավունքներն ու պարտականությունները վարձակալության պայմանագրերի, ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի և այլ պայմանագրատեսակների հիման վրա: Օտարերկրյա ներդրողների մտավոր իրավունքները ապահովվում և երաշխավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Գույքի և ռիսկի ապահովագրումը հիմնականում թողնվում է ներդրողի հայեցողությանը:

Վեճերի կարգավորման կարգը

Եթե Հայաստանի Հանրապետության և ներդրողի միջև առաջանում է իրավական վեճ, այն լուծվում է ՀՀ դատարաններում ՀՀ օրենսդրության հիման վրա: Օտարերկրյա ներդրումների հետ կապված այն վեճերը, որոնցում որպես կողմ հանդես չի գալիս Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քննվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում կամ տնտեսական վեճեր լուծող այլ մարմիններում, իսկ վիճող կողմերի համաձայնությամբ` նաև արբիտրաժային տրիբունալներում, եթե միջազգային պայմանագրերով կամ վիճող կողմերի նախնական պայմանավորվածությամբ (հիմնադիր փաստաթղթերով, տնտեսական պայմանագրերով և այլն) այլ կարգ չի նախատեսված: Օտարերկրյա ներդրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար: Ներդրողի գույքը, ներառյալ ներգրավված միջոցները, գույքային իրավունքները կարող են նրա կողմից օգտագործվել որպես իր պարտավորությունների ապահովման միջոց:

05.07.2016

Вернуться