Կազմակերպված կիբերհանցագործություն՝ Երևանում․ խաբեության միջոցով գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում

Կիբերհանցագործությունները համակարգչային սարքերի միջոցով կատարվող հանցագործություններն են։ Առավել տարածված տեսակներն են համակարգչային ծովահենությունը, առցանց խաբեությունները, համակարգչային համակարգերի դեմ հարձակումները, անձնական տվյալների գողությունը, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածումը:

Անձնական տվյալներ գողացող անձինք կարող են օգտագործել Ձեր համարն ու լավ վարկային պատմությունը՝ Ձեր անունից նոր վարկերի դիմելու համար։ Հետո նրանք օգտագործում են վարկային քարտերն ու չեն վճարում հաշիվները։ Դուք պարզում եք, որ Ձեր համարն այլ անձ է օգտագործում միայն այն ժամանակ, երբ հրաժարվում են Ձեզ վարկ տրամադրել կամ զանգահարում են անծանոթ վարկատուներ և պահանջում վճարել այնպիսի ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք Դուք երբեք չեք գնել:

Կիբերհանցագործությունները համակարգչային սարքերի միջոցով կատարվող հանցագործություններն են։ Առավել տարածված տեսակներն են համակարգչային ծովահենությունը, առցանց խաբեությունները, համակարգչային համակարգերի դեմ հարձակումները, անձնական տվյալների գողությունը, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածումը:

«Անձնական տվյալներ գողացող անձինք կարող են օգտագործել Ձեր համարն ու լավ վարկային պատմությունը՝ Ձեր անունից նոր վարկերի դիմելու համար։ Հետո նրանք օգտագործում են վարկային քարտերն ու չեն վճարում հաշիվները։ Դուք պարզում եք, որ Ձեր համարն այլ անձ է օգտագործում միայն այն ժամանակ, երբ հրաժարվում են Ձեզ վարկ տրամադրել կամ զանգահարում են անծանոթ վարկատուներ և պահանջում վճարել այնպիսի ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք Դուք երբեք չեք գնել»,-հայտնում է ԱՄՆ սոցիալական ապահովության քարտեր տրամադրող գործակալությունը։

Գոյություն ունեն կիբերհանցագործների ստեղծած հազարավոր ինտերնետ տիրույթներ (domain), որոնք պարունակում են կեղծ նախազգուշացնող հաղորդագրություններ, թե իբր համակարգչում առկա է չափազանց վտանգավոր վիրուս, որից ձերբազատվելու համար անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարով։ Այդ էջը կարող է հայտնվել մարդու համակարգչում սխալ հղում հավաքելու կամ անվստահելի կայքերից օգտվելու դեպքում։ Այն անձինք, ովքեր հավատում են այդ հաղորդագրությանը և զանգում նշված համարով, հայտնվում են կիբերհանցագործների թիրախում։ Նրանք մեծ մասամբ թոշակառուներ են կամ միջին տարիքի անձինք, որոնք ծանոթ չեն համակարգչային խաբեություններին։

Գարի Դենիելսը կամ նույն ինքը Գուրդիփ Սինգն աշխատում է Հայաստանում գրանցված «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ում, որը սպասարկում է նմանատիպ կեղծ հաղորդագրություն տարածող տիրույթներից մեկը՝ իրականացնելով կազմակերպված կիբերհանցագործություն՝ ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների նկատմամբ։ Ընկերությունը, օգտագործելով «Microsoft Pop-up Scam» կոչվող խաբեությունը, համակարգչային գիտելիքներ չունեցող անձանցից 100-2000 ԱՄՆ դոլար է կորզում՝ նրանց համակարգիչն «անվտանգ» դարձնելու դիմաց։ Միևնույն ժամանակ, «Պիկոնետ Տեքնոլոջիս»-ը ձեռք է բերում համակարգչի տիրոջ ֆինանսական և անձնական տվյալները։

«Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Ժաննա Վարդանյանն է։ Ընկերությունը, սակայն, ղեկավարում է Ժաննայի ամուսինը՝ ազգությամբ հնդիկ Լավիշ Մադաանը։ Լավիշին օգնում են հայազգի Սամվել և Էրիկ անուններով տղաները, ովքեր նույնպես ներկայանում են որպես տնօրեններ։ Ընկերության կանոնադրության մեջ նշված է, որ այն գտնվում է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի Այգեգործների 36 հասցեում։ Այս հասցեում կա հողամաս և բնակելի տուն՝ անասնաշենքով, խոհանոցով, զուգարանով, ջրավազանով, ավտոտնակով, լոգարանով և խորդանոցով։ Այս տան սեփականատերը Ժաննա Վարդանյանն է։ Վերջինս, սակայն, գրանցված է Ն. Շենգավիթ 1 փ. 22 տուն հասցեում, որտեղ ևս 24 անձ կա գրանցված։

«Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ի իրական գործունեության վայրը Երևանի Նաիրի Զարյան 73/1 հասցեն է, ինչը Ժաննա Վարդանյանը փորձել է պետական ռեգիստրից թաքցնել։  Նշենք, որ «Պիկոնետ Տեքնոլոջիս»-ը Հայաստանում գրանցվել է 2015թ., բայց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների փնտրման համակարգից երևում է, որ ընկերությունը հարկ է վճարել միայն 2019-ի փետրվարին՝ մեկ աշխատակցի, իսկ նույն թվականի մարտին՝ 2 աշխատակցի համար։

Վարդանյանի և նրա ամուսնու՝ Լավիշ Մադաանի անունով երկու այլ ընկերություն էլ կա՝ «Ֆոսիս» և «Լավաննա Դիզայնս» ՍՊԸ-ները։ Լավիշ Մադաանը «Ֆոսիս»-ի տնօրենն է եւ «Լավաննա Դիզայնս»-ի հիմնադիրը։ Երկու ընկերությունների գործունեության և իրավաբանական հասցեներն էլ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի Այգեգործների 36-ն է։

Կազմակերպված այս կիբերհանցագործության մասին «Հետքը» տեղեկացել է «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցներից մեկից, որը մի քանի օր աշխատելուց հետո գլխի է ընկել խաբեության մասին։

«Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ն վերջին շրջանում աշխատանքի հայտարարություն էր տարածել՝ հրավիրելով անգլերենի իմացությամբ անձանց՝ միջազգային տեխնոլոգիական ընկերությունում հեռախոսային օպերատոր, վաճառքի և հաճախորդների սպասարկման գործակալ աշխատելու։ Քանի որ թիրախում կանադական և ամերիկյան շուկաներն են, այդ պատճառով աշխատանքային ժամերը 20:00 – 05:00-ն է, այսինքն՝ գիշերը, երբ այդ երկրներում ցերեկ է։

Ընկերության գրասենյակը կահավորված է 7 սեղան-աթոռներով, որոնց վրա դրված են համակարգիչներ։ Դիմացի պատին կախված է գրատախտակ, որի վրա գրված են աշխատակիցների արևմտյան կեղծանունները․ այդկերպ նրանք չեն մոռանա, թե ինչպես էին ներկայացել «հաճախորդին»։ Զանգերին պատասխանողները հիմնականում հնդիկներ և հայեր են, բայց ծուղակում հայտնվածներին վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես ամերիկացիներ։ Բոլոր աշխատակիցների համար հորինվել են արևմտյան կեղծանուններ, ինչպես օրինակ՝ Ֆրենկ, Գարի, Ջոն, Նաթան և այլն։ Թիմը բաղկացած է 9 հոգուց, բայց անընդհատ նոր աշխատակիցների կարիք ունեն, քանի որ բոլորը չէ, որ համաձայնում են խաբեությամբ զբաղվել։ Աշխատակիցները ժամում մոտ երեք «հաճախորդի» հետ են խոսում, որոնցից պահանջում են սոցիալական ապահովության և բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև գումար՝ համակարգչային վիրուսներից պաշտպանելու համար։ Գումարի չափը կախված է խոսակցության ընթացքից։

Նոր աշխատանքի ընդունվողների հետ զրուցում է Սամվելը, որը բժշկական համալսարանի ուսանող է, ներկայանում է որպես ընկերության տնօրեններից մեկը։ Նա պատմում է, որ Լավիշը վաղուց էր անում այդ «գործը» Հնդկաստանում, ամուսնանալուց և Հայաստան տեղափոխվելուց հետո այստեղ նույնպես նման ընկերություն է հիմնել։

Windows Pop-up Scam-ի պատուհանն իրականում վիրուս չէ, այլ վիրուսի կեղծ ահազանգի մասին մի սովորական կայք, որը համակարգիչն օգտագործողը կարող է փակել և անցնել առաջ։ Մեր լրագրողին աշխատանքի բնույթը բացատրելիս Սամվելն ասել է, որ եթե մարդն արդեն զանգահարել է իրենց, ուրեմն «համակարգչից բան չի հասկանում», իսկ իրենց գործի կարևորագույն մասն այն է, որ զանգահարողին համոզեն, որ վերջինս շատ լուրջ խնդիր ունի համակարգչում, որը լուծելու համար զանգը կփոխանցի իրենց «պրոֆեսիոնալ» տեխնիկական աշխատակցին։ Նորեկները զանգը փոխանցում են Գարիին, որն էլ արդեն կորզում է մարդկանց անձնական տվյալներն ու գումարը՝ համակարգչային պաշտպանող ծրագրի դիմաց։

Այդ ծրագիրը կոչվում է FreeDiagnosis, որը, ըստ ֆորումների տեղեկատվության, համակարգչում առկա ծրագրային մանր սխալները մաքրող, բայց միևնույն ժամանակ հավելյալ անպետք ֆայլեր ավելացնող ծրագիր է։ Անկախ վճարած գումարի չափից՝ բոլորը ստանում են նույն «ծառայությունը»՝ FreeDiagnosis-ի ներբեռնում համակարգչի մեջ և տեղադրում։

Նոր աշխատակիցներին ընկերությունը տրամադրում է հների կամ «պրոֆեսիոնալների» հաջողված հեռախոսազանգերի ձայնագրությունները, որ լսեն և սովորեն, թե ինչպես պետք է խաբեն զանգահարողին։

Ինչպես երևում է ձայնագրություններից, կիբերհանցագործության ենթարկվողները մեծ մասամբ բարձր տարիքի, թոշակառու անձինք են, ինչն առիթ է տալիս ենթադրելու, որ «Պիկոնետ Տեքնոլոջիս»-ը հավաքագրում է կոնկրետ տարիքի և կարգավիճակի անձանց հազարավոր հեռախոսահամարներ։ «Հետքի» թղթակցին, օրինակ, որպես նորեկի՝ տրամադրել են 100-ից ավել անձանց անուններ և հեռախոսահամարներ, որոնց հերթով զանգելով` նա պետք է համոզեր, որ համակարգչում խնդիր ունեն և փոխանցեր հեռախոսազանգը «պրոֆեսիոնալին»։ Այսինքն՝ ընկերությունը ոչ միայն պատասխանում է ստացվող զանգերին, այլև կատարում է զանգեր՝ փորձելով կրկին խաբեության մեջ ներքաշել այն մարդկանց, ովքեր երբևէ առնչվել են իրենց հետ։

Հատկանշական է, որ ընկերության աշխատակիցները երբեմն իրենց ծառայության դիմաց խնդրում են վճարել Google Play-ի նվեր քարտերի միջոցով, որոնք վաճառվում են միայն ԱՄՆ-ի տարբեր փոքր և մեծ խանութներում։ Նրանք զգուշացնում են ծուղակում հայտնվածին, որ նվեր քարտը գնելիս վաճառողին չասի, որ դրանով վճարելու է համակարգչային ծրագրի համար, այլ նշի «անձնական օգտագործման համար», քանի որ հակառակ դեպքում՝ հարկերը կավելանան։ Իհարկե, այս պատճառաբանությունը սուտ է, և դրա նպատակն այն է, որ այս համակարգչային խաբեության մասին որեւէ մեկը «զոհին» չհուշի։

Կիբերհանցագործները հաճախ խուսափում են բանկային փոխանցումից, քանի որ եթե խաբվող անձը հետագայում պարզի իրողությունը, կարող է իր բանկի միջոցով գումարը հետ ստանալ։ Ամերիկյան և կանադական բանկերն իրենց հաճախորդներին խաբեությունից պաշտպանելու հստակ մեխանիզմներ ունեն, ինչի մասին տեղյակ են նաև կիբերհանցագործները։

«Հետքը» չի խոսել «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ի հիմնադիրների և տնօրենների հետ, քանի որ մեր զանգից հետո նրանք կարող էին արագ վերացնել բոլոր փաստական հիմքերը և լքել երկիրը։ Հայաստանի իրավապահ մարմինները տեղեկացվել են՝ որպես հաղորդում հանցագործության մասին։
hetq.am

Вернуться