
Ինչպե՞ս կարելի է ամուսնալուծվել Հայաստանում
Այսօր ամուսնալուծությունների վիճակագրությունն ուրախության առիթներ չի տալիս, քանի որ ամուսնալուծությունների թիվը տարեցտարի աճում է: Շատերը տեղյակ չեն ապահարզանի կարգի յուրահատկությունների մասին և սկզբից դա կարող է որոշ մարդկանց խուճապի մատնել, քանզի կարող է ստեղծվել այնպիսի կարծիք, որ տվյալ գործընթացը շատ բարդ է և ունի բազմատիվ նյուանսներ, սակայն ըստ էության ամուսնալուծության գործընթացն այդքան էլ դժվար չէ, երբ ամուսինների միջև չկան երեխաների կամ գույքի բաժանման վերաբերյալ վեճեր: Այս հոդվածում մենք ուսումնասիրելու ենք ամուսինների ամուսնալուծությունը ՔԿԱԳ գործակալությունում և դատարանում:
ՔԿԱԳ մարմիններում ամուսնալուծվելու կարգը
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, ինչպես նաև դատական կարգով:
Ամուսինների ամուսնությունը լուծվում է ՔԿԱԳ գործակալության միջոցով, երբ՝
- առկա է ամուսինների փոխադարձ համաձայնությունը.
- ամուսիններից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
- ամուսիններից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
- դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Ամուսնալուծության գրանցումը կատարում է ամուսինների (ամուսիններից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմինը կամ ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը: Ամուսինները պետք է ներկայացնեն ամուսնալուծության մասին համատեղ դիմում և նշեն այնտեղ.
- ամուսիններից յուրաքանչյուրի անունը, հայրանունը և ազգանունը.
- նրանց ծննդյան վայրն ու ժամանակը.
- ամուսնության ակտի գրառման տվյալները.
- ամուսիններից յուրաքանչյուրի քաղաքացիությունը.
- անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
- այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ամուսնալուծությունից հետո:
Ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում են ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Տվյալ դեպքում արտերկրում գտնվող ամուսինը կազմում է դիմում, որը պետք է հաստատվի այդ երկրի նոտարի կողմից և անցնի միջազգային վավերացման գործընթացը (լեգալիզացիա կամ ապոստիլավորում), ինչից հետո այն ուղարկվում է Հայաստան: Երբ դիմումն արդեն Հայաստանում է, այն թարգմանվում է Հայերեն լեզվով և հաստատվում է նոտարի կողմից, ինչից հետո կարող է ներկայացվել ՔԿԱԳ մարմնին՝ ամուսնալուծության պետական գրանցման համար:
Հայաստանում ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու կամ երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
Անհայտ բացակայող, անգործունակ ճանաչված անձի կամ 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձի հետ ամուսնալուծվելիս դիմումում պետք է նշվեն հետևյալ տվյալները.
- ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը և նրա բնակության վայրը.
- այն ազգանունը, որը ամուսնալուծությունից հետո ընտրում է ամուսնալուծվել ցանկացող ամուսինը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
- անհայտ բացակայող, անգործունակ ճանաչված կամ ազատազրկման դատապարտված անձի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ինչպես նաև անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված անձի վերջին հայտնի բնակության վայրը.
- անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչի բնակության վայրը կամ այն քրեակատարողական հաստատության գտնվելու վայրը, որտեղ դատապարտված ամուսինը կրում է իր պատիժը:
Ամուսնալուծության մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մյուսին 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին:
Ամուսնալուծության մասին դիմումը կարող է ներկայացվել ամուսիններից մեկի կամ լիազորված անձի կողմից: Ամուսնությունը դադարում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը գրանցելու պահից, ինչի արդյունքում տրվում է ամուսնալուծության վկայականը:
Դատական կարգով ամուսնալուծվելը
Օրենքով սահմանված դեպքերում ամուսնալուծության գրանցումն իրականացվում է դատական կարգով: Այդ դեպքերը հետևյալներն են՝
- բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
- ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
- ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Կարևոր է նշել, որ ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Դատարանն իրավունք ունի նաև կողմերին առաջարկելու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար: Սակայն ամեն դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե նրանցից մեկը պնդում է ամուսնալուծվելու համար:
Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց:
Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`
- որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.
- որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.
- ամուսիններից մեկի պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.
- ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
Եթե ՔԿԱԳ մարմնի միջոցով ամուսնալուծվելու դեպքում ամուսնությունը դադարում է ամուսնալուծության պետական գրանցման պահից, ապա դատական կարգով լուծված ամուսնությունը դադարում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Վերջին դեպքում ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է վճիռը՝ ՔԿԱԳ մարմնում ստանալու օրը: Դատարանը վճիռ կայացնելու պահից հետո՝ 3 օրվա ընթացքում վճռի քաղվածքն ուղարկում է ՔԿԱԳ մարմին, որտեղ գրանցվում է ամուսնալուծության փաստն ու տրվում է ամուսնալուծության վկայականը: Հիշեք՝ եթե դուք ամուսնալուծվել եք անցյալում և ցանկանում եք նոր ամուսնություն կնքել, դա անհնար կլինի անել առանց ամուսնալուծության վկայականի:
Այս տեղեկատվությունը շատ օգտակար կլինի ձեզ համար, սակայն երբեմն հնարավոր չէ հաշվի առնել պրակտիկայում առաջացող բոլոր խնդիրները և ամուսնալուծությունը կարող է զգալի անհարմարություններ պատճառել ամուսնալուծվող ամուսիններին, նրանց երեխաներին և ընտանիքների այլ անդամներին: Այդ պատճառով մենք առաջարկում ենք ձեզ խորհրդակցել ընտանեկան իրավունքի մասնագետների հետ՝ նախքան ինքնուրույն գործողություններ ձեռնարկելը:
08.12.2015