Գործերի տարածքային ընդդատությունը ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում
Կնքելով տարաբնույթ պայմանագրեր՝ քաղաքացիները դեպքերի ճնշող մեծամասնությունում ուշադրություն չեն դարձնում պայմանագրի այնպիսի կարևորագույն պայմանի վրա, ինչպիսին է, օրինակ, վեճերի քննության վայրը: Նմանատիպ անտեսումը մի քիչ անհասկանալի է, քանզի պրակտիկայում կազմակերպությունների կողմից առաջարկվող նմուշային պայմանագրերում հաճախ որպես վեճերի քննության վայր նշվում են այլ քաղաքներում կամ նույնիսկ այլ երկրներում գտնվող դատարանները: Արդյունքում դուք ստիպված եք լինելու հաղթահարել երկար տարածություններ, որպեսզի կարողանաք ներկայանալ դատական նիստին, ինչի հետևանքով կարող են առաջանալ լրացուցիչ ծախսեր: Իսկ որոշները դատարանի հեռավորության պատճառով ամենևին կհրաժարվեն դատական պաշտպանությունից: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է, որ հիմնականում հայցը հարուցվում է պատասխանողի գտնվելու վայրի դատարան: Այստեղ խոսքը գնալու է ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում գործերի տարածքային ընդդատության մասին: Վարչական դատարանում գործի տարածքային ընդդատությանը տրվում է այլ իրավական կարգավորում: Ուսումնասիրենք գործերի ընդդատության տեսակները:
Ընդդատությունը հայցվորի ընտրությամբ
Հայցվորի ընտրությամբ ընդդատությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերի քննության համար: Օրինակ, եթե հայցը հարուցվում է տարբեր մարզերում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ, հայցվորն իրավունք ունի ներկայացնելու հայցադիմումը պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան: Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան: Կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը կարող է հարուցվել պայմանագրի կատարման վայրի դատարան:
Նկատի ունեցեք, որ եթե իրավաբանական անձը, որի հետ դուք գտնվում եք պայմանագրային իրավահարաբերություններում, ունի ձեր քաղաքում ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, հայցը կարող է հարուցվել ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան: Այդ դեպքում մեծ հեռավորություններ հաղթահարելու անհրաժեշտություն այլևս չի լինելու:
Առանձին կարելի է նշել ընտանեկան հարաբերություններից ծագած վեճերի ընդդատությունը: Այսպես, եթե հայցվորի անչափահաս երեխան բնակվում է իր հետ, նա կարող է հայց հարուցել իր բնակության վայրի դատարան: Սակայն հարկավոր է նշել, որ երեխայի և ծնողի համատեղ բնակության փաստը պետք է ապացուցվի դատարանում, ինչի համար անհրաժեշտ է հայցադիմումին կից ներկայացնել համատիրության կողմից տրված տեղեկանքը: Բացի այդ, ալիմենտի բռնագանձման կամ հայրության ճանաչման պահանջների մասին հայցադիմումները նույպես կարող են ներկայացվել հայցվորի բնակության վայրի դատարան:
Եթե ամուսինը ցանկանում է լուծել իր և անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձի միջև կնքված ամուսնությունը, ամուսնալուծության հայցը կարող է ներկայացվել հայցվորի բնակության (գտնվելու) վայրի դատարան: Առողջությանը պատճառված վնասի հատուցման, կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել հայցվորի բնակության կամ վնասը պատճառելու վայրի դատարան:
Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
Ընդդատությունը կողմերի համաձայնությամբ
Տարածքային ընդդատության այլ տեսակներից է կողմերի համաձայնությամբ սահմանված ընդդատությունը: ՀՀ օրենսդրությամբ կողմերին տրվող այս հնարավորությունը շատ հարմարավետ է, քանի որ այն թույլ է տալիս որոշել, թե որ դատարանն է իրականացնելու գործի քննությունը: Ընդդատությունը որոշվում է կողմերի միջև կնքված պայմանագրում: Այդ պայմանագիրը կարող է վերաբերել գույքի առուվաճառքին, ծառայությունների մատուցմանը, աշխատանքների իրականացմանը և այլ տեսակի իրավական հարաբերություններին: Ընդդատության վերաբերյալ պայմանը ներառվում է կողմերի պայմանագրում վերապահման տեսքով: Կողմերն իրենց համաձայնությամբ կարող են ընտրել ցանկացած դատարան և նույնիսկ գործի քննության ընթացքում կիրառվող պետության իրավունքը: Եթե սահմանվել է կոնկրետ դատարան, անհրաժեշտ է նշել դրա լրիվ անվանումը՝ հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար:
Պայմանագիրը ստորագրելիս պետք է ուշադրությամբ ուսումնասիրել դրա բոլոր դրույթները, այդ թվում՝ վեճերի ընդդատությունը սահմանող դրույթները: Ընդդատության պայմանները կարող են սահմանվել պայմանագրում կամ դրա հավելվածում: Այնտեղ կարող է նշվել, որ բոլոր դատական վեճերը լուծվում են, օրինակ, կազմակերպության գտնվելու վայրի դատարանում: Նկատի ունեցեք, որ ընկերության իրավաբանական հասցեն և փաստացի գտնվելու վայրը կարող են տարբերվել: Այս դեպքում հայցադիմումը ներկայացնելիս հաշվի է առնվում ընկերության իրավաբանական հասցեն:
Եթե Կապանում բնակվող անձը կնքել է առուվաճառքի պայմանագիր մի ընկերության հետ, որի իրավաբանական հասցեն գրանցված է Երևանում և նախատեսվել է, որ հայցը հարուցվում է կազմակերպության գտնվելու վայրի դատարան, այս իրավիճակում անձը ստիպված է լինելու կատարել իր իրավունքների պաշտպանությունը երևանյան դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ հիշյալ ընկերությունը ունի Կապան քաղաքում պաշտոնապես գրանցված մասնաճյուղ կամ ներկայացուցչություն: Վերոգրյալի կապակցությամբ խորհուրդ է տրվում ուշադրությամբ ստուգել վեճերի ընդդատությունը սահմանող պայմանները:
Անգամ եթե պայմանագրով չի նախատեսվում կողմերի համաձայնությամբ հաստատած ընդդատություն, նրանք իրավունք ունեն փոխելու այն իրենց գրավոր համաձայնությամբ մինչև դատարանի կողմից՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը:
Մյուս կողմից դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը: Նշենք, որ արբիտրաժները ոչ մի կերպ չեն առնչվում ընդհանուր իրավասության դատարանների համակարգին և հիմնականում քննում են տնտեսական և ձեռնարկատիրական վեճեր: Սակայն այս հարցն արդեն վերաբերում է առարկայական ընդդատությանը:
Բացառիկ ընդդատությունը
Գործերի բացառիկ ընդդատությունը սահմանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Այն չի կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Ընդդատության այս տեսակը հիմնականում կիրառվում է անշարժ գույքի վերաբերյալ վեճերից բխող հարաբերությունների նկատմամբ: Հողամասի, շենքի կամ շինության նկատմամբ իրավունքը ճանաչելու, հողամասերը կամ շինությունները ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:
Ժառանգատուի պարտատերերի պահանջները ներկայացվում են ժառանգական գույքի (կամ դրա մեծ մասի) գտնվելու վայրի դատարան: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:
Գործերի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան
Քիչ չեն այնպիսի դեպքեր, երբ դատարանին ուղղված հայցադիմումը ներկայացվում է ընդդատության կանոնների խախտմամբ: Այդ պատճառով դատարանը կարող է հանձնել գործը մեկ այլ դատարան, եթե գործի ուսումնասիրության ընթացքում պարզվի, որ հայցն ընդունվել է վարույթ ընդդատության կանոնների խախտմամբ կամ գործը տվյալ դատարանում քննելը անհնար է: Ընդ որում, գործը այլ դատարան հանձնելու վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում: Գործը ստացած դատարանը պետք է քննի այն և կայացնի վերջնական վճիռ:
05.05.2016