Ընտրական օրենսգրքի նախագծում կան գործնականում խառնաշփոթ առաջացնող կարգավորումներ

«Մենք խոսում ենք նոր Ընտրական օրենսգրքի մի նախագծի մասին, որի մշակման սկզբնական փուլերին մասնակից չենք եղել, ինչը նշանակում է, որ մեր պետությունը հերթական անգամ ձախողել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հանձնարարականը, համաձայն որի ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է լինեն ներառական: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Սահմանադրական հանրաքվեից հետո տվել էր հանձնարարական, որում նշվում էր, որ գոնե սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը քաղաքացիական հասարակության, կուսակցությունների և իշխանությունների միջև պետք է դառնա փոխշահավետ համագործակցության արդյունք»,- այս մասին այսօր «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» քննարկմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Տիգրանյանը հայտարարեց, որ նախագծի մշակման և հրապարակման գործընթացը անօրինական է եղել և հիմնավորեց.

«Մենք ունենք «Իրավական ակտերի մասին» օրենք, որը հստակ սահմանում է իրավական ակտերի մշակման և հրապարակման գործընթացը, ինչն այս դեպքում օրենսգրքի մշակման և ներկայացման պատասխանատուների (ՀՀ արդարադատության նախարարություն և Կենտրոնական ընտրական հանձնաժողով) կողմից խախտվեց: Երբ կառավարության նիստին ներկայացվում էր նախագիծը, այդ պահի դրությամբ արդարադատության նախարարության կայքում հրապարակված չէր նախագիծը, ԿԸՀ կայքում էլ չկար, ինչը նշանակում է, որ խախտվել է «Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված հանրային քննարկման համար 15-օրյա ժամկետում հանրությանը ներկայացնելու, քննարկում ծավալելու, նրանց կարծիքը լսելու պարտավորությունը»:

Տիգրանյանը հայտնեց, որ նախագիծը պետք է շրջանառվեր պատասխանատու այն նախարարություններում, որոնք պետք է տային օրենքով սահմանված 7 ոլորտների վերաբերյալ կարգավորումների ազդեցության գնահատումները: Դրանց եզրակացությունները պետք է կցված լինեին տեղականք-եզրակացությանը, բայց այդ փաստաթուղթը մինչ օրս չկա ՀՀ կառավարության և արդարադատության նախարարության կայքերում: «Այս ամենը նշանակում է, որ ԸՕ նախագիծը մշակելիս և հաստատելիս խախտվել է «Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը, չի անցել հանրային քննարկում և կարգավորման ազդեցության գնահատում»:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը հեռու է գոհացուցիչ լինելուց, քանի որ կան խիստ սահմանափակող դրույթներ կամ այնպիսի կարգավորումներ, որոնք գործնականում կարող են խառնաշփոթ առաջացնել:

«Մենք տեսնում ենք, որ բողոքարկման և՛ ժամկետներն են սեղմ մնացել, և՛ սուբյեկտների շրջանակը: Դիտորդը, որը տեղմասում արձանագրել է ընտրախախտումներ, անգամ այդ տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու իրավունք չունի: Այս առումով էլ նախագիծը չի արտացոլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականը»:

Անդրադառնալով էլեկտրոնային գրանցման ներդրմանը՝ բանախոսը նշեց, որ ընտրատարածքների ցուցակները միմյանց հետ փոխկապակցված չեն և հնարավոր չէ ստուգել՝ ՀՀ ողջ տարածքում արդյո՞ք նույն մարդը չի քվեարկել մի քանի անգամ: «Եթե ընտրողն ունի ինքնությունը հաստատող մի քանի փաստաթուղթ՝ նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, թղթային անձնագիր, էլեկտրոնային սարքի միջոցով կարող է քվեարկել ID քարտով կամ կենսաչափականով, բայց նույն հաջողությամբ այլ ընտրատեղամսում կարող է քվեարկել թղթայինով: Նախագծում սրա դեմ կանխարգելիչ որևէ մեխանիզմ առաջարկված չէ»:

LegalPortal

15.03.2016

Вернуться