Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ`ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաև օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:
ՀՀ օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները: ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Օտարերկրացին պահպանում է քաղաքացիության կողմի հետ իրավական կապը, օգտվում է նրա հովանավորությունից և պաշտպանությունից:
Օտարերկրացին չի օգտվում հետևյալ իրավունքներից`
- առանց վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու.
- ընտրելու և ընտրվելու ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև տեղական
- ինքնակառավարման մարմիններում.
- մասնակցելու համաժողովրդական քվեարկությանը(համապետական հանրաքվե),
- ընդունվելու հանրային ծառայության.
- ստեղծելու կուսակցություններ և դրանց անդամագրվելու.
- հողի նկատմամբ սեփականության իրավունքից:
Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական կարգավիճակը Հայաստանում
Ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ`
- ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր և մշտական,այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ.
- ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով:
Այն անձանց,ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ տրվում է հատուկ տեսակի անձնագիր` 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս`
- առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան.
- Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից:
Հայաստանի տարածքում գտնվելու և բնակվելու կարգը
ՀՀ-ում օտարերկրացիների գտնվելու և բնակվելու համր «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված է կացության երեք կարգավիճակ՝
- ժամանակավոր.
- մշտական.
- հատուկ:
Նշված կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար`
- ժամաակավոր կացության քարտը.
- մշտական կացության քարտը.
- հատուկ անձնագիրը.
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետևյալ հանգամանքներից որևէ մեկը`
- ուսումը.
- աշխատանքի թույլտվության առկայությունը.
- ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը.
- ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը.
- ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
- ազգությամբ հայ լինելը:
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
- ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը, կամ
- ՀՀ-ում ապահովված է բնակարանով և գոյության միջոցներով, կամ
- մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում, կամ
- ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,
ազգությամբ հայ է:
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու ժամկետները
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Ընդ որում, ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացին ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե հիմնավորվում է, որ ամուսնության մեջ է գտնվել և ՀՀ տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը, ժամկետներն ու կարգը
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է`
- ազգությամբ հայ օտարերկրացիներին.
- ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է 10 տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:
27.04.2015