Փախառությամբ տրված գումարի բռնագանձման գործ | 23.10.2010
Գործի նախապատմությունը
Ա.Ու-ն Ն.Ա-ից “…” թվականից սկսած պարտքով վերցրել է 35000 ԱՄՆ դոլար` մինչև “…”թ-ը. վերադարձնելու պայմանով: Պատասխանողը մինչ օրս չի կատարում իր պարտավորությունը և նշված գումարը հետ չի վերադարձրել, չնայած հայցվորի բազմաթիվ պահանջներին: Պատասխանողը իր ստանձնած պարտավորությունները պատշաճ չի կատարել, որի հետևանքով հայցվորը կրում է վնասներ:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի հմաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
Հայցվորը պատասխանողին փոխառությամբ տվել է 35000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար մինչև “…” թվականը մարման ժամկետով և վերջինիս պարտավորագրերում նշված ժամկետներում և մինչ օրս փոխատուին չի վերադարձրել փոխառությամբ ստացած գումարը:
Բացի դա, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում, այդ գումարին վճարվում է տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են մինչև պարտավորության դադարման օրը ըստ համապատասխան ժամանակահատվածի համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:
Գործի ելքը
Հայցը բավարարել:
Պատասխանող Ա. Ու-ից հօգուտ Ն. Ա-ի բռնագանձել 35000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես փոխառությամբ ստացված գումար:
Բռնագանձվող` 35000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ “…” թվականից մինչև գումարը հայցվորին վերադարձնելու օրը` հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով, և այդ գումարը ևս պատասխանողից բռնագանձել հօգուտ հայցվոր:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին