
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը
Վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում էական զարգացում է ստացել և առայսօր մնում է հայաստանյան տնտեսության ամենախոստումնալից ուղղություններից մեկը: Այդ կապակցությամբ ՀՀ Կառավարությունը բարձր կարևորություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը, քանզի այն կօգնի նոր ներդրումներ ներգրավել և ակտիվացնել մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող բարեփոխումների արդյունքում 2014 թ-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքը կոչված է մանրամասն կարգավորել ՏՏ ոլորտի մասնակիցների գործունեության կարգը և որոշ արտոնություններ տրամադրել ՏՏ ոլորտի մասնակիցներին:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Նախ հենց սկզբից նշենք, որ սույն օրենքի իմաստով տնտեսական տեխնոլոգիաները` համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակներն են:
Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները հետևյալներն են՝
- ծրագրային ապահովում.
- խորհրդատվական գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում.
- համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն.
- տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեություն.
- վեբ-պորտալների հետ կապված գործողություններ.
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում:
Աջակցություն ստանալու իրավունք ունեն մի շարք պահանջներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտները: Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանակներում աջակցություն են ստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սկսնակ սուբյեկտները, նորարարական և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող սուբյեկտները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտները:
Պետական աջակցությունը թույլ է տալիս ստեղծել բարենպաստ ֆինանսական պայմաններ, ներգրավել ներդրումներ և խթանել արտաքին տնտեսական գործունեությունը: Այդ նպատակով Կառավարության կողմից լիազորված մարմինը մշակում է ծրագիր, որը հաստատվում է ՀՀ Կառավարության կողմից: Հարկ է նշել, որ մի շարք ՏՏ սուբյեկտներ օգտվում են հարկային արտոնություններից՝ պայմանով, որ նրանք օրենքով սահմանված կարգով ստացել են համապատասխան հավաստագիր: ՏՏ ոլորտի մասնակիցները ենթակա են հաշվարման տեղեկատվական տեխնոլոգիաների վարչական ռեգիստրում, որը վարում է հատուկ լիազորված պետական մարմինը:
Հավաստագրվող և հավաստագրված սուբյեկտները պետք է համապատասխանեն մի շարք պայմաններին՝
- հավաստագրումը պետք է իրականացվի կամավոր.
- նրանք պետք է ստեղծվեն բացառապես ծրագրային ապահովում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվականտեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացնելու նպատակով.
- նրանք չպետք է ստեղծվեն այլ տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում և չլինեն այլ սուբյեկտի դուստր ընկերություն.
- նրանց աշխատողների թիվը չի կարող գերազանցել 30-ը ինչպես հավաստագիր ստանալու պահին, այնպես էլ հավաստագրի գործուղության ընթացքում.
- նրանք չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել երկրորդ կետում նշված գործունեության տեսակների արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:
Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը 2 կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է: Հավաստագիրը տրամադրվում է հավաստագրման հանձնաժողովի կողմից, որը կազմված է 5 անդամից: Հանձնաժողովն ուսումնասիրում և քննարկում է հավաստագրման դիմումները և ընդունում է որոշում՝ հավաստագիր տրամադրելու, փոփոխելու կամ մերժելու մասին:
Հավաստագրման համար կարելի է դիմել մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1: Հարկային արտոնությունները գործելու են մինչև 2020 թ-ի հունվարի 1:
ՏՏ ոլորտի հարկումը
Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հարկային դրույքաչափերին, ապա Հայաստանի օրենսդիրը հավաստագրված տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել է 0 % շահութահարկի դրույքաչափ՝ դուրս հանելով ՏՏ իրացումից ստացվող եկամուտները համախառն եկամտի շրջանակներից: Իսկ հավաստագրված հարկային գործակալը (գործատուն) հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 % դրույքաչափով: Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ` մինչև յուրաքանչյուր կիսամյակը հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները:
Օրենքի բոլոր պահանջներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար պետք է դիմեն գրանցման պահից 3 ամսվա ընթացքում և ներկայացնեն՝
- դիմում.
- իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
- գործունեության նկարագրությունը և ուղղությունը.
- հայտարարություն այն մասին, որ նրանք արտոնեություններից օգտվելու ընթացքում կզբաղվեն միայն օրենքով տույլատրված գործունեությամբ.
- հայտարարություն այն մասին, որ սուբյեկտի ստեղծումը այլ տնտեսվարող սուբյեկտի լուծարման, վերակազմակերպման հիմք չի հանդիսանում և նա այլ ընկերության դուստր ընկերություն չէ.
- հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները.
- տեղեկանք աշխատողների քանակի և տվյալների մասին:
Ամփոփելով, կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է շահավետ պայմաններ ՏՏ ոլորտի մասնակիցների արդյունավետ զարգացման համար:
19.08.2015