Ո՞ր փաստաթղթերն են ենթակա ապոստիլով հավաստման
Ապոստիլով հավաստման ենթակա փաստաթղթեր
Ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի հիման վրա ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`
- «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների.
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված` ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերի.
- դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի.
- դատարանների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակների վրա:
Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով: Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ: Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաև Բուլղարիա, Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:
Որ մարմինն է կատարում ապոստիլով վավերացումը
Ապոստիլ դնելու դիմումները քննարկվում են և ապոստիլը դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից:
Ինչ կարգով է կատարվում ապոստիլով վավերացումը
Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`
- ներկայացված փաստաթուղթը չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից.
- փաստաթուղթը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոստիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ.
- դիմումում նշված է, որ փաստաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր.
- փաստաթղթում առկա են չհաստատված ջնջումներ, փոփոխություններ կամ սխալներ.
- փաստաթղթի վրա ապոստիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաստաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու օրվանից մեկ օրվա ընթացքում: Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Մերժման դեպքում մերժման պատասխանի հետ միասին դիմողին է վերադարձվում ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթի իսկական օրինակը և պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումի մերժումը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:
Ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար
Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլև ցանկացած անձ:
Ապոստիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում`
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը.
- հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի անվանումները.
- ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը.
- ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը կամ պատճենը.
- պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին – առանձին կամ բոլորի համար մեկ միասնական անդորրագրով:
Ինչ ժամկետում է կատարվում ապոստիլով վավերացումը
Փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Քաղաքացիները ապոստիլ դրված փաստաթղթերը կարող են ստանալ 2-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ից սկսած:
Փաստաթղթի վրա ապոստիլը կարող է դրվել նաև դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` լրացուցիչ արտաբյուջետային վճարի դիմաց: Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 10:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, ապա դիմողը ապոստիլ դրված փաստաթղթերը կարող է ստանալ հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ից սկսած, իսկ եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ապա` հաջորդ աշխատանքային օրվա ժամը 14:00-ից սկսած:
Առանձին փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոստիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 օր, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից` մինչև 10 օր, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` մինչև 15 օր: Նշված դեպքում դիմողին մեկ օրվա ընթացքում տրվում է գրավոր պատասխան, որում նշվում է ապոստիլ դնելու ժամկետի երկարացման պատճառների մասին` ժամկետը երկարացնող անձի ստորագրությամբ:
1961 թ-ի ապոստիլի կոնվենիայի մասնակիցներ՝
Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Անդորրա, Անտիգուա և Բարբուդա, Անտիլյան կղզիներ, Արգենտինա, Հայաստան, Բահամյան կղզիներ, Բարբադոս, Բելառուս, Բելիզ, Բերմուդյան կղզիներ, Բուլղարիա, Բելգիա, Բոտսվանա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրունեյ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Միացյալ Թագավորություն, Հունգարիա, Վենեսուելա, Վիրջինյան կղզիներ, Գերմանիա, Գրենադա, Հունաստան, Վրաստան, Ջիբրալթար, Հոնդուրաս, Հոնկոնգ (Չինաստան), Գուամ, Դանիա, Դոմինիկա, Իսրայել, Հնդկաստան, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կայմանյան կղզիներ, Կիպրոս, Կոմորյան կղզիներ, Հարավային Կորեա, Կուկի կղզիներ, Լատվիա, Լեսոտո, Լիբերիա, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մավրիկիոս, Մակեդոնիա, Մալավի, Մակաո (Չինաստան), Մալթա, Մարշալյան կղզիներ, Մոլդովա, Ղազախստան, Կոլումբիա, Մեքսիկա, Մոնակո, Մոզամբիկ, Նամիբիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Նոր Զելանդիա, Նոր Կալեդոնիա, Պանամա, Լեհաստան, Պորտուգալիա, Պուերտո Ռիկո, Ռումինիա, Մեն կղզի, Ռուսաստան, Սալվադոր, Սան Մարինո, Սամոա, Սենթ Լուչիա, Սենթ Քիթս և Նեվիս, Սվազիլենդ, Սեյշելյան կղզիներ, Սերբիա, Սլովենիա, Սլովակիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սուրինամ, Տոնգա, Թուրքիա, Տրինիդադ և Տոբագո, Ֆիջի, Չեռնոգորիա, Չեխիա, Ֆինլանդիա, Ֆոլկլենդյան կղզիներ, Ֆրանսիա, Ֆրանսիական Պոլինեզիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ուկրաինա, Էկվադոր, Էստոնիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ճապոնիա:
18.05.2015