
Մաքսային ձևակերպումը Հայաստանում
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Եվրասիական տնտեսական միության միջազգային ակտերի համաձայն՝ Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ և փոխադրամիջոցներ տեղափոխելիս գանձվում են հետևյալ վճարները`
- մաքսատուրք.
- մաքսավճարներ.
- ակցիզային հարկ.
- ավելացված արժեքի հարկ.
Մաքսային արժեքը որպես մաքսային վճարների հաշվարկման հիմք
ՀՀ տարածք ներմուծվող կամ ՀՀ տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպուման ընթացքում մաքսային վճարների հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման եղանակները և կարգը սահմանված է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը կարելի է սահմանել հետևյալ ձևով՝ գործարքի գին, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի սահմանը տեղափոխելու համար:
Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը ներառում է՝
- արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
- մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափողելու համար կատարված փոխադրման, բեռնման բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրական ծախսերը.
- կոմիսիոն և միջնորդային ծախսերը.
- Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ արտահանվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
- գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
- տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
- Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան: Այնտեղ նշվում է, որ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների հետ գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու նպատակով:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ներառում է՝
- արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
- մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափողելու համար կատարված փոխադրման, բեռնման բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրական ծախսերը.
- կոմիսիոն և միջնորդային ծախսերը.
- Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ արտահանվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը.
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
- գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
- տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
- ապրանքները՝ մինչև Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող օդանավակայան, նավահանգիստ կամապրանքների ժամանման այլ վայր տեղափոխելու (փոխադրելու) ծախսերը.
- ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող օդանավակայան, նավահանգիստ կամ ապրանքների ժամանման այլ վայր դրանց տեղափոխման (փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերը.
- նախորդ երկու կետերում նշված գործողությունների ապահովագրության հետ կապված ծախսերը.
- մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլտվության (ռոյալթի) և նմանատիպ այլ վճարումներ (ներառյալ արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները), որոնք վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին և որոնք գնորդը, որպես գնահատվողապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։
Մաքսատուրքեր
Մաքսատուրքը սահմանված ժամկետներում ֆիզիկական և իրավաբանական անձանցից և այլ վճարողներից պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով գանձվող պարտադիր վճար է: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և փոխադրամիջոցները հարկվում են մաքսատուրքով՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու կապակցությամբ փոփոխվել է ՀՀ մաքսային սահմանում մաքսային ձևակերպման կարգը: ԵՏՄ անդամ պետությունների միջև մաքսային ձևակերպում այլևս չի նախատեսվում, և Մաքսային միության մաքսային տարածքում ապրանքների տեղափոխման դեպքում մաքսատուրքերը չեն վճարվում: Սակայն հարկ է հիշել, որ ցամակային տրանսպորտով ապրանքների փոխադրման դեպքում փոխադրողները ստիպված կլինեն արտահանող երկրի տարանցում լրացնել մաքսային հայտարարագիր, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամ որևէ պետության հետ:
Մաքսատուրքերի դրույքաչափերը Հայաստանում
ԵՏՄ-ի նպատակներին հասնելու պատճառով անդամ պետությունները սահմանել են մաքսատուրքերի միասնական սակագները՝ երրորդ երկրների տարածքից Մաքսային միության տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում: ԵՏՄ պայմանագրաիրավական դաշտով նախատեսվում է անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում որոշ ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը տարբերվելու են Մաքսային միության միասնական սակագներից և մնալու են նախկինում գործող դրույքաչափերի մակարդակում:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանելու դեպքում մաքսատուրքի դրույքաչափը հավասար է 0 %: Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը ամրագրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ ընդունված Միասնական մաքսային սակագնով:
Որոշ ապրանքների նկատմամբ սահմանվում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն՝ ՀՀ մաքսային և հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով: ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելիս ներմուծողներն ազատվում են ՀՀ մաքսային սահմանում ԱԱՀ վճարելու պարտավորությունից: Նշված ներմուծողները վճարում են ԱԱՀ-ն ՀՀ հարկային մարմիններին՝ մինչև ապրանքները Հայաստան փաստացի ներմուծելու օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20: Մաքսային միության տարածք երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելու դեպքում ավելացված արժեքի հարկը վճարվում է մաքսային մարմիններին՝ ապրանքների ներմուծման պահից 10 օրվա ընթացքում:
Մաքսավճարի դրույքաչափերը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման համար գանձվում է մաքսավճար: Մաքսավճարը գանձվում է յուրաքանչյուր առանձին մաքսային ձևակերպման համար` յուրաքանչյուր բեռնամաքսային հայտարարագիր կամ քաղաքացիների բեռնամաքսային հայտարարագիր լրացնելու դեպքում: Մաքսավճարի արժեքը կախված է ձևակերպվող ապրանքի քանակից։ Բայց մանրածախ ապրանքներ ներկրելու դեպքում կազմում է չնչին գումար, սովորաբար 7000 դրամից ոչ ավել:
Մաքսավճարի արտոնությունները
Մաքսավճարից ազատվում են`
- այն ապրանքները, որոնք մուտք են գործում ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում.
- ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` օրենքով սահմանված ուղեկցվող իրերը` բացառությամբ անհատական օգտագործման փոխադրամիջոցների.
- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) կողմից ներմուծվող ապրանքները` ՀՀ օրենքով սահմանված չափերը չգերազանցող մասով.
- օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները.
- միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները`այդ փոխադրումների իրականացման ժամանակ:
03.07.2015