ՀՀ քաղաքացու և օտարերկրացու միջև ամուսնալուծության կարգը
Հայաստանում օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիների հետ հավասար օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից և կրում են նույն պարտականությունները: Այդպիսով՝ օտարերկրացու հետ ամուսնալուծության ընթացակարգը գրեթե չի տարբերվում ՀՀ քաղաքացու հետ ամուսնալուծվելուց և կարող է իրականացվել ՔԿԱԳ մարմնում կամ դատարանում: ՔԿԱԳ մարմնում օտարերկրացու հետ ամուսնալուծվելու համար հարկավոր է ամուսինների համատեղ դիմումը: Եթե օտարերկրացի ամուսինն օբյեկտիվ պատճառներով չի կարող անձամբ ներկա լինել, ապա նա պետք է տրամադրի նոտարական կարգով վավերացրած ամուսնալուծության համաձայնությունը, որը որոշ դեպքերում պետք է լինի ապոստիլավորված կամ օրինականացված: Եթե օտարերկրացին համաձայն չէ ամուսնալուծվել, ապա անհրաժեշտ է դիմել դատարան:
Դատական կարգով օտարերկրացու հետ ամուսնալուծվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- հայցադիմումը.
- ամուսնության վկայականը.
- անձնագրերի պատճենները.
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Տվյալ փաստաթղթերի ցանկը պայմանական է և կարող է փոփոխվել՝ կախված գործի հանգամանքներից: Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանի վճիռը կայացվում է ամուսնալուծության հայցադիմում ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Օտարերկրացու հետ ամուսնալուծությունը Հայաստանում
Օտարերկրացու հետ ամուսնալուծությունը զուգորդված է որոշ բարդություններով և ունի մի շարք առանձնահատկություններ: Տվյալ դեպքում ամուսնալուծությունը կարող է իրականացվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ օտարերկրյա պետությունում: Հայաստանում ամուսնալուծությունը կատարվելու է ըստ ՀՀ օրենսդրության նորմերի:
Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիների հետ հավասար օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից և կրում են նույն պարտականությունները, բացառությամբ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով նախատեսված դեպքերից: ՀՀ ՔԿԱԳ մարմնում գրանցվող ամուսնալուծությունն իրականացվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա: Եթե օտարերկրացի ամուսինն օբյեկտիվ պատճառներով չի կարող անձամբ ներկա լինել, մյուս ամուսինը պետք է ուղարկի նրան ամուսնալուծության դիմումի օրինակը: Օտարերկրյա քաղաքացին թարգմանում է այդ դիմումն իր երկրի պետական լեզվով, ինչից հետո այն լրացվում և վավերացվում է նոտարական կրագով (անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը նաև պետք է հաստատվի ապոստիլով կամ անցնի օրինականացման գործընթացը): Այնուհետև այդ դիմումը պետք է ուղարկվի հայ ամուսնուն կամ լիազորված անձին, ովքեր իրենց հերթին թարգմանում են ամուսնալուծության դիմումը հայերեն լեզվով և վավերացնում են այն նոտարական կարգով:
Դատական կարգով օտարերկրացու հետ ամուսնալուծությունն իրականացվում է՝
- եթե երկու ամուսինները համաձայն են ամուսնալուծությանը, սակայն այնուամենայնիվ ցանկանում են դատական կարգով ամուսնալուծվել.
- եթե ամուսնալուծվել է ցանկանում միայն մեկ ամուսինը:
Համատեղ երեխաների առկայության դեպքում դատարանը լուծում է երեխաների խնամակալության, դաստիարակության և բնակության վայրի հետ առնչվող հարցերը: Օտարերկրացու հետ ամուսնալուծվելու տարածված միջոց հանդիսանում է ամուսնալուծության պահանջով հայցադիմում ներկայացնելը: Այդ դեպքում նպատակահարմար կլինի դիմել փաստաբանի օգնությանը:
Ամուսնալուծության պահանջով հայցը կարող է ներկայացվել հայցվորի բնակության վայրի դատարան, եթե՝
- հայցվորի խնամքի տակ գտնվում է փոքր կամ անչափահաս երեխա (երեխաներ).
- հայցվորի առողջական վիճակը նրան թույլ չի տալիս ներկայանալ պատասխանողի բնակության վայրի դատարան.
- ամուսինները փոխադարձ համաձայնությամբ ընտրել են այն դատարանը, որը քննելու է իրենց ամուսնալուծության գործը.
- առկա են այլ հարգելի պատճառներ:
Հայցվորը պարտավոր է հայցադիմումին կից ներկայացնել պատասխանողի բնակության վայրի դատարան ներկայանալու հնարավորություն չունենալու վերաբերյալ ապացույցները: Մշտական բնակության վայր չունեցող օտարերկրացու հետ ամուսնալուծվելիս հայցը կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան: Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող անձանց հետ ամուսնալուծության հայցադիմումը կարող է ներկայացվել պատասխանողի գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան: Եթե հայցվորի հետ համատեղ բնակվում են փոքրահասկ կամ անչափահաս երեխաներ կամ հայցվորը առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ պատասխանողի բնակության վայրի դատարան, ամուսնալուծության մասին հայցը ներկայացվում է հայցվորի բնակության վայրի դատարան: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվելու պահանջը կարող է ներկայացվել նրանցից յուրաքանչյուրի բնակության վայրի դատարան: Տվյալ համաձայնությունը ներկայացվում է հայցադիմումին կից:
Եթե ամուսնությունը կնքվել է ՀՀ տարածքից դուրս և ամուսնության վկայականը տրվել է օտարերկրյա պետության իրավազոր մարմնի կողմից, ապա այդ փաստաթուղթը ենթակա է միջազգային վավերացման (օրինականացման կամ ապոստիլով հաստատման): Օտարերկրյա պետությունում տրված ամուսնության վկայականի օրինականացման ընթացակարգը բաղկացած է երկու փուլից: Պարտադիր օրինականացման (լեգալիզացիա) ենթակա են Հաագայի կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետություններում (Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Լիբիա և մի շարք այլ պետություններ) տրված փաստաթղթերը: Հայաստանը վավերացրել է ապոստիլի կոնվենցիան, ինչն էականորեն հեշտացրել է օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերի միջազգային վավերացումը, քանզի մասնակից պետություններում փաստաթղթերի ճանաչումն իրականացվում է ապոստիլ-կնիք դնելու միջոցով: Այդպիսով՝ օտարերկրյա պետությունում տրված ամուսնության վկայականը ճանաչվում է միայն օրինականացման կամ ապոստիլավորման դեպքում, բացառությամբ մի շարք ԱՊՀ երկրների կողմից տրված պաստաթղթերի, որոնք ճանաչվում են ՀՀ տարածքում առանց միջազգային վավերացման:
Իրավաբանական օգնությունը օտարերկրացու հետ ամուսնալուծվելիս
Օտարերկրացու հետ ամուսնալուծությունը բարդ ընթացակարգ չէ և դժվարություններ է առաջացնում ոչ թե ամուսնալուծությունը՝ այլ այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ գույքի բաժանման կամ համատեղ երեխաների բնակության վայրի և դաստիարակության հետ կապված հարցերը կարգավորելու ժամանակ:
Եթե դուք ունեք օտարերկրացու հետ ամուսնալուծվելու մտադրություն, ապա անհրաժեշտ է դիմել իրավաբանի, ով կօգնի՝
- կանխարգելել ձեր իրավունքների ոտնահարումը, հատկապես այն դեպքում, երբ ամուսինները գտնվում են տարբեր երկրներում և նրանցից մեկը պահանջում է ամուսնալուծվել նրա երկրի իրավունքով.
- ձեռնտու պայմաններով կատարել ունեցվածքի բաժանումը և նվազագույնի հասցնել այլ հետևանքների ռիսկը.
- խուսափել օտարերկրացի ամուսնու ճնշումից, որն առաջանում է ՀՀ և օտարերկրացի ամուսնու պետության օրենքների անհամապատասխանության հետևանքով:
Օտարերկրացի ամուսնու հետ ամուսնալուծվելու ընդհանուր կանոնները
Ամուսնալուծությունը կատարվում է ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոնների, սակայն պետք է գիտակցել, որ Հայաստանում գրանցված ամուսնալուծությունը կարող է իրավաբանական ճանաչում չունենալ օտարերկրյա պետությունում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ պետությունների միջև առկա չէ ընտանեկան իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագիր և այդ պետություններում սահմանված ամուսնալուծության ընթացակարգերը զգալիորեն տարբերվում են միմյանցից:
Հայաստանում օտարերկրացու բացակայությամբ ամուսնալուծվելը թույլատրվում է միայն այն ժամանակ, եթե նա սահմանված կարգով ծանուցվում է գալիք դատական նիստի մասին և չեն խախտվում նրա իրավունքները: Եթե օտարերկրյա պետությունում կատարված ամուսնալուծությունը համապատասխանում է այդ երկրի օրենքի պահանջներին, ապա արտերկրում գրանցված ամուսնալուծությունը ճանաչվում է ՀՀ տարածքում: Գույքի բաժանման հետ կապված հարցերը կարգավորվում են այն պետության օրենքներով, որտեղ գտնվում է տվյալ գույքը: ՀՀ դատարաններն իրավասու են քննության առարկա դարձնել միայն ՀՀ տարծքում գտնվող գույքի հետ կապված գործերը, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով: Եթե ՀՀ քաղաքացու և օտարերկրացու ամուսնալուծության պատճառով համատեղ երեխաների դաստիարակության կամ բնակության վայրի որոշման հետ կապված վեճ է առաջացել, ապա տվյալ հարցի լուծումը կախված է՝
- երեխայի քաղաքացիությունից.
- երեխայի գտնվելու (բնակության) վայրից.
- միջազգային պայմանագրերի առկայությունից (բացակայությունից).
- այլ գործոններից:
Հարկ է նշել, որ ՀՀ դատական պրակտիկայի մոտեցումը բավական տարբերվում է արտասահմանյան դատական պրակտիկայից, որտեղ հարցը սովորաբար լուծվում է ի հօգուտ իրենց քաղաքացիների: Ըստ կանոնի ՀՀ դատարանները քննում են ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների ընտանեկան իրավունքներին առնչվող վեճերը:
12.02.2015