Հայրության ճանաչումը
Ինչ կարգով է իրականացվում հայրության որոշման պետական գրանցումը Հայաստանում.
Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է ՔԿԱԳ մարմնում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա:
Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է հետևյալ դեպքերում`
- երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա.
- երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումի հիման վրա` երեխայի մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում.
- հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի`օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թէ ոչ: Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ` նրա խնամակալի (հոգեբարձուի) կամ խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնությամբ: Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը և անունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգեբարձության մարմնի ցուցումով: Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:
Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը` գրավոր համաձայնությամբ:
Այն դեպքում, երբ երեխայի հոր մասին տեղեկությունները նախկինում մոր դիմումի հիման վրա նշվել են նրա ծննդի ակտի գրանցման մեջ, բայց չեն համապատասխանում այն անձի վերաբերյալ տեղեկություններին, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ չի կարող մերժել հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր վերաբերյալ նոր տեղեկություններ մտցնելը: Եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, և բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը` հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգեբարձուի), կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:
Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս, որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով:
Որ մարմինն է կատարում հայրության որոշման պետական գրանցումը Հայաստանում.
Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
- երեխայի` ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի.
- երեխայի ծննդի պետական գրանցման վայրի.
- հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար .
Հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ է՝
- գրանցված ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը.
- ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
- երեխայի ծննդյան վկայականը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ:
Միայն հոր դիմումի համաձայն հայրության որոշման գրանցման համար ներկայացվում են`
հոր դիմումը.
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթ.
- եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել` նրա ծննդյան վկայականը.
- մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.
- մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.
- մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ոստիկանության համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանք` մոր վերջին հայտնի բնակության վայրից նրա բացակայության մասին.
- խնամակալության և հոգեբարձության մարմնի համաձայնությունը:
Եթե խնամակալության և հոգեբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Եթե հայրության որոշումը կամ հայրության ճանաչման փաստի որոշումը կատարվել է դատական կարգով, ապա հայրության որոշման պետական գրանցման համար ներկայացվում է`
- գրավոր դիմումը.
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիր` հաստատված նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից, իսկ այլ պետություններում տրվելու դեպքում` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված կարգով ապոստիլով հաստատմամբ` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ.
դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը. - երեխայի ծննդյան վկայականը:
Հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում են`
- ծնողների անձը հաստատող փաստաթղթերը.
- չափահաս անձի անձը հաստատող փաստաթուղթը.
- չափահաս անձի ծննդյան վկայականը.
- չափահաս անձի գրավոր համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ:
Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով: Միաժամանակ, չափահասը գրավոր հայտնում է իր ազգանվան փոխման մասին` ցանկանում է կրել հոր ազգանունը, թե պահպանել մոր ազգանունը:
Ինչ ժամկետում է կատարվում հայրության որոշման պետական գրանցումը
Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է դիմումը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու օրը:
Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում հայրության որոշման պետական գրանցումը
Հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:
10.02.2015