Ընտանեկան և ժառանգական գործերով մեկնաբանություններ
Հայաստանում ընտանեկան գործերով մեկնաբանություններ
Ապահարզանը (ամուսնության խզումը) ամուսնության դադարեցման հիմքերից մեկն է: Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ ամուսնալուծության հետևանքով: Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող իրավական գործողություն է:
Քանի որ ամուսնությունը համատեղ գործունեության կամավոր ձև է, հետևաբար դրա լուծումը ևս կարող է իրականացվել միայն ամուսինների համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության ձեռք բերման դեպքում պետք է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հիմնարկ և ընդհանուր գրավոր դիմում ներկայացնել ամուսնալուծության մասին: Կարևոր է, որ ամուսինները գրավոր դիմումը միասին բերեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման հիմնարկ: Եթե ամուսիններից մեկը չի կարող ներկայանալ, ապա նա կարող է առանձին ներկայացնել նոտարապես վավերացված դիմում: Այսպիսին է ամուսնության խզման ընդհանուր կարգը: Ամուսնական հարաբերությունները ավարտվում են ամուսնության խզման մասին արձանագրություն կազմելու պահից:
Դատարանով ամուսնության խզումը ավելի բարդ գործընթաց է, որը ենթադրում է ինչ-որ վեճի առկայություն: Օրենքի համաձայն՝ ամուսնությունը պետք է դատարանում խզել այն դեպքում, երբ ամուսիններից մեկը ցանկանում է, որ ամուսնության խզման հետ մեկտեղ լուծվեն երեխայի կամ ընդհանուր գույքի բաժանման վերաբերյալ վեճերը, կամ էլ հատկացվի ալիմենտ: Այդ դեպքում ամուսինները կարող են համաձայն լինել ամուսնության խզմանը, սակայն անհամաձայնություններ ունենալ այլ հարցերի վերաբերյալ: Քանի որ ՔԿԱԳ-ում ամուսնության խզումը ձևակերպվում է միայն փոխհամաձայնության առկայության դեպքում, հետևաբար Հայաստանյան դատարան պետք է դիմել, եթե ամուսիններից մեկը պահանջում է ապահարզան, իսկ մյուսը չի համաձայնում: Ապահարզանի վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ դատարանը պետք է գա այն եզրակացության, որ ամուսնության շարունակումն անհնարին է: Սովորաբար դատարանը կողմերին որոշակի ժամանակ է տալիս հաշտության համար:
Դատարանի միջոցով կամ ՀՀ ՔԿԱԳ (քաղաքացիական կացության ակտերի գրանցման) մարմնում ամուսնալուծության դիմաց պետք է վճարել պետական տուրք: Հայաստանում ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերը պետական տուրք չեն նախատեսում: Մինչդեռ ամուսնական գույքի բաժանումը դատարանում ենթադրում է պետական տուրքի վճարում:
Հայաստանում ժառանգական գործերով մեկնաբանություններ
Ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու (ժառանգատուի) գույքային (անձնական սեփականության, վարկային հաստատություններում գտնվող խնայողությունների և այլ իրավունքներ) և որոշ անձնական ոչ գույքային իրավունքների և պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց:
Հայաստանում ժառանգությունն իրականացվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ընդ որում, կտակը առավելություն ունի. ինչքան էլ բարեկամները դժգոհ լինեն, ժառանգությունը կանցնի օտար մեկին, եթե դա էր հանգուցյալի կամքը` գրավոր տեսքով ձևակերպված և նոտարով հաստատված: Սակայն կա մի բացառություն. դա ժառանգության պարտադիր մասնաբաժինն է, որի իրավունքն ունեն առաջին հերթի ժառանգորդների ցուցակի անաշխատունակ բարեկամները. նրանք ստանում են կտակի առկայության դեպքում իրենց հասնող բաժնի կեսը:
Երբեմն ժառանգությունը ընկալում են որպես որոշակի նվեր` երկնքի պարգև: Սակայն ժառանգության և իրավունքների հետ մեկտեղ ժառանգորդները ստանում են նաև պարտականություններ` ժառանգության պահման, պարտքային պատասխանատվությունների վերաբերյալ: Անգամ ժառանգության հասկացության սահմանման մեջ պահվում է պարտականության հասկացությունը: Ժառանգությունը գույք է, որը բաղկացած է. գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից և այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգությունը ընդունելուց առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո` մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: Ժառանգության կազմի մեջ չեն մտնում ժառանգողի անձի հետ անբաժանելիորեն կապված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` իրավունքներ ապրուստադրամի, քաղաքացու կյանքին կամ առողջությանը հասցրած վնասի փոխհատուցման նկատմամբ, ինչպես նաև իրավունքներ և պարտականություններ, որոնց անցումը ժառանգության կարգուվ չի թույլատրվու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, կամ այլ օրենքներով: Ժառանգության կազմի մեջ չեն մտնում նաև անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները:
ՀՀ օրենսդրությամբ ժառանգությունից կարելի է հրաժարվել, բայց ոչ դրա մի մասից. ժառանգորդը կամ ընդունում է օրենքով կամ կտակով իրեն հասած ողջ ժառանգությունը, կամ էլ չի ստանում ոչինչ: Իսկ եթե ժառանգորդը նախ հրաժարվում է իր բաժնից, իսկ հետո փոշմանում, ապա ոչինչ չի ստանում, քանզի հետադարձ ճանապարհ չկա: Չի կարելի հարաժարվել ժառանգական մերժումի կամ ժառանգական հանձնարարության կատարումից` դա հավասարազոր է ժառանգության սեփական բաժնից հրաժարման, նաև չի կարելի հրաժարվել ժառանգության պարտադիր բաժնից:
Հայաստանում ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ է հայտնել նոտարական գրասենյակ (ժառանգատուի բնակության վայրի, օրինակ` ք. Երևան) ժառանգության ընդունման մասին (մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում), նոտարի մոտ ձևակերպել ժառանգության ընդունման մասին դիմում (դիմումը ձևակերպվում է գույքի գտնվելու վայրով):
03.05.2015