Ժառանգության ընդունման ժամկետը վերականգնելու և ժառանգ ճանաչելու | 12.11.2010
Գործի նախապատմությունը
Հայցվորի տատիկը` Ս.Հ-ն մահացել է “…” թվականին:
Մահից առաջ` “…” թվականին Ս. Հ-ն կտակել է իր սեփականությունը հանդիսացող բնակարանը թոռանը` Ռ.Հ-ին: Կտակը վավերացվել է նոտարական կարգով:
Հայցվորն այս տարիների ընթացքում օգտագործել և տիրապետել է գույքը, կատարել է վճարումները, այսինքն` փաստացի ընդունել է ժառանգությունը: Հայցվորը անտեղյակ լինելով ժառանգության ընդունման օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետի մասին, դիմել է նոտարական գրասենյակ` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, սակայն ստացել է մերժում` այն պատճառաբանությամբ, որ ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը բաց է թողնվել:
Ռ.Հ-ն դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին, վերջինս ուսումնասիրելով գործը դիմել է դատարան հետևյալ պահանջով` Ռ. Հ-ի ըստ կտակի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
Փաստաբանը պատճառաբանել է, որ կտակը կազմելուց հետո հայցվորը տեղյակ չի եղել, որ այն պետք է տատիկի մահից հետո վեցամսյա ժամկետում ներկայացներ ձևակերպման, որի հետևանքով մի քանի օր ուշացումով է դիմել նոտարին: Նա այդ ժամանակ գտնվել է արտասահմանում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքը պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։
Գործի ելքը
Բավարարել հայցը: Ռ. Հ-ի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչել և փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել “..” բնակարանի նկատմամբ:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին