Երկքաղաքացիների զինապարտությունը
Երկքաղաքացիների զինապարտությունը
Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով: Վերոնշյալը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո` առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու,այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա:
Երկքաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունը
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե`ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից և վարժական հավաքներից:
Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների պատասխանատվությունից ազատելու պայմանները և կարգը
2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը: Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:
Օրենքի գործողության ոլորտը
Օրենքի կարգավորումը տարածվում է այն ՀՀ երբևէ ներկա և նախկին քաղաքացու վրա, որը չի ծառայել ՀՀ զինված ուժերում կամ օրենքով նախատեսված հիմքերով չի ազատվել կամ չի ստացել զինվորական ծառայությունից տարեկետում: Այսինքն` զինվորական ծառայություն չանցնելը հավասարազոր է դրանից խուսափելուն, անկախ այն հանգամանքից. Անձը ենթարկվել է զինվորական հաշվառման, թե`ոչ, ստացել է սահմանված կարգով զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր, հանդիսանում է ՀՀ քաղաքացի և այլն:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը Հայաստանի Հանրապետությունում
Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի`խաղաղ պայմաններում :
Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով`տարին երկու անգամ`ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում: Զորակոչի տարեկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը և տարեկետումը
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
- հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին`հանվելով զինվորական հաշվառումից.
- այն քաղաքացին,ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ,և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
- քաղաքացին կառավարության որոշմամբ.
- մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
- գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին.
- եթե նա զբաղվում է մասնագիտական,գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
Տարեկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է՝
- ընտանեկան դրության կապակցությամբ.
- ուսումը շարունակելու նպատակով.
- առողջական վիճակի պատճառով:
22.05.2015