Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Երեխայի բնակության վայրի որոշման և ալիմենտի գործով | 30.01.2012

Գործի նախապատմությունը 

Ն. Ս-ն ամուսնացել է Մ.Բ-ի  հետ 2007թ.
Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա։ Սկզբնական շրջանում ամուսինների հարաբերությունները եղել են լավ, սակայն ժամանակի ընթացքում համատեղ կյանքը դարձել է անհնար, քանի որ Պատասխանողը իրեն և երեխային ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության, որից հետո վերջինս հեռացել է տնից: Ն.Ս. ցանկացել է ամուսնալուծվել և յուրաքանչյուր ամիս երեխայի ապրուստի համար ալիմենտ ստանալ:

Պատասխանողը իր հերթին հակընդդեմ հայցով խնդրել է Երեխայի նկատմամբ իր ծնողական իրավունքների իրականացման համար պարտավորեցնել հանձնել իրեն Երեխային շաբաթն երեք օր` ուրբաթ օրը ժամը 18։00 և մինչև կիրակի օրը ժամը 20։00։

Սույն ընտանեկան գործով Ն.Ս-ն դիմել էր փաստաբան Վարդան Խեչյանին, վերջինս ուսումնասիրելով գործը, Պատասխանողի փաստարկները ներկայացրել էր հետևյալ պահանջը իր հիմնավորումներով հանդերձ:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

ՀՀ Սահմանադրության 35 հոդվածն ամրագրում է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է։ Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից։ 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը (…)։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը» վերտառությամբ 49-րդ հոդվածի 1-ի մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը` (…), ամուսնությունը, ամուսնալուծությունը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով։
Վերը նշված իրավանորմերից հետևում է, որ ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը, իսկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս ամուսինները օգտվում են հավասար իրավունքներից։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի «Ամուսնալուծությունը դատական կարգով» վերտառությամբ 16 հոդվածի համաձայն`

«1. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե`
ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու` հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ։

Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար։

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ` մեկամսյա ժամկետում։

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, ի թիվս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի, սահմանել է նաև դատական կարգով ամուսնությունը դադարելու հնարավորություն և ընթացակարգ։
Ընդ որում, ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե` inter alia, ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հասարակության բնական և հիմնական բջիջը, իսկ դրա իրավաբանորեն պահպանումը կրում է զուտ ձևական բնույթ։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18 հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։
Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին։
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի 1-ի մասի` դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամունալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.
բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.
գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.
դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը կողմերին ամուսնալուծելով, վերջիններիս կողմից համաձայնության բացակայության դեպքում պետք է լուծի վերոհիշյալ հոդվածով ընդգծված սպառիչ հարցերը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։

Հանձնաժողովի “”թ-ի. թիվ “” եզրակացության համաձայն` Հանձնաժողովը գտել է, որ Երեխայի բնակության մշտական վայրը պետք է ճանաչել մոր` Ն.Ս-ի բնակության հասցեն, այն է` “…” հասցեով։

Ն.Ս-ի  ալիմենտի բռնագանձման պահանջի մասին.

ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք։ Ընտանիքը հասարակության ամենափոքր մասնիկն է, այն բջիջը, որոնց ամբողջությունը կազմում է հասարակությունը։
Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ, միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47 հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուuտի միջոց պահանջելու իրավունք ունի uույն oրենuգրքի 5-րդ բաժնով uահմանված կարգով ու չափերով։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49 հոդվածի 1-ին կետի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ /ծնողական իրավունքներ/։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51 հոդվածի 1-ին կետի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։

Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական զարգացման մասին։

Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, հոգալու և ապրուստի միջոց տրամադրելու, ինչպես նաև առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունները, ընդ որում` նշված պարտականությունները ծնողների միջև բաշխված են հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68 հոդվածն ընդգծում է, որ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։

Երեխաներին ապրուuտի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։
Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մաuին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)` uույն oրենuգրքի 15-րդ գլխին համապատաuխան։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողները ապրուuտի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիu պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 94 հոդվածը սահմանում է, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում uույն oրենuգրքի 68-86-րդ հոդվածներում նշված ընտանիքի անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` ալիմենտ uտանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան` անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ ծնողները պարտավոր են պահպանելու իրենց անչափահաս երեխաներին պահելու պարտականության բաշխման հավասարությունը` սահմանելով երեխաների խնամքի համար նյութական միջոցների տրամադրման հավասար պայմաններ` ելնելով ծնողների գույքային ու ընտանեկան դրույթներից և ուշադրության արժանի շահերից։
Տվյալ դեպքում Հայցվորը, անչափահաս Երեխայի մայր ծնողը, օգտվելով իր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից, ամուսնու` պատասխանողի հետ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան կնքված համաձայնության բացակայության դեպքում, դիմել է Դատարան` ալիմենտ բռնագանձելու պահանջով։

Ալիմենտ վճարելու պարտավորությունը ծագում է օրինական կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների համատեղ կյանքի ընթացքում սերման փաստի հիման վրա երեխայի ծնվելու պահից և շարունակվում է օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելը, ուստի ինչպես և հայցվորը, այնպես էլ պատասխանողը պետք է հոգան երեխայի ապրուստի միջոցները` առավելագույնս ապահովելով երեխայի նախկին կենսամակարդակը, այսինքն` այն կենսամակարդակը, որն առկա էր հայցվորի և պատասխանողի համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերվող համատեղ միջոցների (եկամուտների) առկայության պայմաններում, որի դեպքում միայն կապահովվեն երեխայի լավագույն շահերը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Սույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և’ դրամական կայուն գումարով, և’ բաժիններով։ Նույն հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանվել է, որ նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`

ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.
բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.
գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի։

Նույնն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Միջազգային իրավունքում երեխայի իրավունքների հիմնահարցի վերաբերյալ հենարանը դրվել է դեռևս 1924թ.-ին, երբ Ազգերի լիգան ընդունեց «Երեխաների իրավունքների մասին» Ժնևյան հռչակագիրը։

Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանձնահատուկ տեղ ունի դատական գործընթացներում նրանց իրավունքների պաշտպանության հիմնահարցը, որը «Յուվինալյան տեսության» հետնորդներին ուսումնասիրությունների տեղիք է տվել դեռևս 1800-ական թվականներին։

Այս դոկտրինի հիմքում ընկած են «parens patrie» ձևաչափը, որով սահմանվում է պետության [պոզիտիվ] պարտավորությունները երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում։
Ապացուցված ճշմարտություն է, որ երեխաները, լինելով բնությունից անպաշտպան, հատուկ խնամքի և հոգածության կարիք են զգում, քանզի տարբեր մարդկային ցնցումներից առաջին հերթին տուժում են հասարակության խոցելի խավ հանդիսացող երեխաները։

Դեռևս երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը և ընտանիքի դերը հատկապես ընդգծվել է 1959թ. Լոնդոնի կոնֆերանսում, որտեղ ամրագրվել է, որ երեխան, ելնելով իր ֆիզիկական և հոգեկան անպաշտպան վիճակից, հատուկ խնամքի և հոգածության կարիք է զգում, այդ թվում` իրավական պաշտպանվածության, ինչպես ծնվելուց առաջ, այնպես էլ հետո։

Երեխայի իրավունքների մասին (20 նոյեմբերի 1989 թվական) կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները` իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար, առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից կամ պատժից` նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքի հիմքով։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին։ Նույն հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները։

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա։

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից։ Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ, 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները, 3-րդ մասի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին։

Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային։ Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե’ անմիջականորեն, թե’ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով։

Տվյալ դեպքում, քանի որ Երեխայի տաս տարին դեռևս չի լրացել, ուստի կոնկրետ դեպքում երեխայի շահերի պաշտպանության համար գործին պարտադիր մասնակից է դարձվել խնամակալության և հոգաբարձության մարմինը, որի կողմից էլ Դատարան է ներկայացվել համապատասխան կյանքի հետազոտության ակտ և եզրակացության բնօրինակ։

Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար։ Ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն։ Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքները երաշխավորելու և դրանց իրականացմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտականությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը, իսկ 3-րդ մասի համաձայն` մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի աշխատող ծնողների երեխաների իրավունքը` օգտվելու նրանց համար նախատեսված երեխաների խնամքի ծառայություններից։ Ընդ որում, Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից։

Համաձայն «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 16-րդ հոդվածի 3-րդ մասի` ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի։

Հռչակագրի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն։ Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն միևնույն սոցիալական պաշտպանությունից։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Հռոմ, 1950թ. նոյեմբերի 4) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավուքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի հոդված 11-ի համաձայն` Պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնությունը կարող է արտահայտվել պայմանագրի ստորագրմամբ, պայմանագիր կազմող փաստաթղթերի փոխանակմամբ, պայմանագրի վավերացմամբ, դրա ընդունմամբ, հաստատմամբ, դրան միանալով կամ ցանկացած այլ եղանակով, որի մասին պայմանավորվել են։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։ Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։
Մեկնաբանվող հոդվածը հստակորեն սահմանում է, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Տվյալ համատեքստում «միջազգային պայմանագիր» արտահայտությունը հստակեցման կարիք ունի։ Խոսքը ոչ թե ցանկացած վերացական միջազգային պայմանագրի, այլ Հայաստանի Հանրապետության կողմից արդեն իսկ վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերի մասին է։

Լինելով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս` ՀՀ միջազգային պայմանագրերն ենթակա են կիրառման ՀՀ բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից։ ՀՀ դատարանները պարտավոր են կիրառել ՀՀ միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրության հետ մեկտեղ։ Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ միջազգային պայմանագրերը, ի տարբերություն ընդհանուր միջազգային իրավունքով ստանձնվող erga omnes պարտավորությունների, առաջացնում են inter partes բնույթի պարտավորություններ և պարտադիր են միայն տվյալ պայմանագրի մասնակիցների միջև հարաբերություններում։
Հետևաբար, հատկապես բազմակողմ միջազգային պայմանագրերի կիրառման պարագայում, մշտապես անհրաժեշտ է հստակեցնել այն պետությունների շրջանակը, որոնց համար այն ունի պարտադիր ուժ։ Ուրույն տեղ են այս հարցում զբաղեցնում մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերը, որոնք նպատակ են հետապնդում առավելապես սահմանել մարդու իրավունքների պաշտպանության նվազագույն չափորոշիչները, որոնցից պետությունը չպետք է շեղվի, բացառությամբ միջազգային իրավունքի շրջանակներում ընդունելի դեպքերի և պայմանների, և որոնց կիրառումը, որպես կանոն, փոխադարձություն չի ենթադրում։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը։

Ընտանիքը չի սահմանափակվում ամուսինների և զավակների կապով։ Այն կարող է ունենալ ավելի ընդարձակ կազմ։ Օրինակ, Մարքսն ընդդեմ Բելգիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ ընտանեկան կյանքը ներառում է «…առնվազն մոտ ազգականների միջև հարաբերությունները, ինչպես, օրինակ, պապիկների, տատիկների և թոռների, քանի որ նման կարգի հարաբերությունները կարող են էական դերակատարություն ունենալ ընտանեկան կյանքում» կամ` Օլսոնն ընդդեմ Շվեդիայի գործով ընդգծվում է, որ հարազատ եղբայրներն ու քույրերը կարող են պահանջել ընտանեկան կյանքը հարգելու իրենց իրավունքը։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն ընտանիքը, որպես պաշտպանության օբյեկտ, դիտարկում է ոչ թե զուտ իրավաբանական, այլ ձևական տեսանկյունից, այսինքն` ընտանեկան կապերն առաջանում են անկախ այն հանգամանքից` ամուսնությունը գրանցած է, թե` ոչ։

Դատարանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում անհրաժեշտ է խիստ հսկողություն իրականացնել ծնողական իրավունքների սահմանափակումների նկատմամբ և այդ իրավունքների հետագա սահմանափակումները հղի են մեծ վտանգով` առ այն, որ երեխայի և ծնողի (տվյալ դեպքում Հոր) միջև կապը կարող է խզվել` inter alia (ի թիվս այլոց` տես Էլսհոլզն ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը, թիվ 25735/94, կետ 49, ECHR 2000-VIII, և Կուտզներն ընդդեմ Գերմանիայի վճիռը, կետ 67)։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Հռոմ, 1950թ. նոյեմբերի 4) 8-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ապահովվի հավասարակշռություն երեխայի և ծնողների շահերի միջև, և այդ հավասարակշռման գործընթացում առանձնակի կարևորություն պետք է վերապահել երեխայի շահերին, որոնք, կախված դրանց բնույթից և շրջանականերից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ։

Կոնկրետ դեպքում, շփման իրավունքի սահմանափակումը` պայմանավորված երեխայի ծնողների միջև լարված փոխհարաբերությունների պարագայում որևէ կերպ «արդարացված» չէ` 8-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների համար (տես Վ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1987թ. հուլիսի 8-ի վճիռը, Շարք 121, էջ 28-29, կետ 64, Էլսհոլզի վճիռը, կետ 52, և Տ. Ժ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով վճիռը, կետ 72 )։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ օրենքի գործողությունը տարածվում է մինչև 18 տարեկան անձանց վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ։ Նույն օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որի պատասխանատվությունը կրում են ծնողները…։ Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար։

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից։ Պետությունը և նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը, իսկ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները։ Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար։

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց ( նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67 հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց», նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի /անձանց/ կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացություն։

Կարևոր է  արձանագրել, որ վերոնշյալ մարմնի կողմից տրված եզրակացությունը Դատարանի համար անհրաժեշտ և պարտադիր բնույթ չի կրում («Sine qua nom»), այլ մասնագիտական-խորհրդատվական բնույթ է կրում, ուստի պետք է արձանագրել, որ Դատարանը որպես իրավական վերլուծությունների հիմք` պետք է դնի առաջին հերթին երեխայի լավագույն շահերը` չխախտելով ապացույցների ներկայացման, հավաքման, ուսումնասիրման և գնահատման կարգը, ինչպես նաև պահպանելով դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունը, հավաստիությունը և իհարկե բավարար լինելը, իսկ ծնողական իրավունքերը անհարկի սահմանափակելը հղի է մեծ վտանգով` առ այն, որ երեխայի և ծնողի (տվյալ դեպքում Հոր) միջև կապը կարող է խզվել։

Գործի ելքը:

Արդյունքում Հայցվոր Ն.Ս-ի հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ Պատասխանող Մ.Բ-ի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի:

Լուծվել է Կողմերի միջև գրանցված ամուսնությունը:

Երեխայի բնակության վայրը սահմանվել է մոր Ն.Ս-ի բնակության վայրը` “….”  հասցեով։
Մ.Բ-ից որպես անչափահաս երեխայի ապրուստի միջոց բռնագանձվել է ալիմենտ` սահմանված ամենամսյա կայուն` “..”  ՀՀ դրամ գումարի չափով։

Սահմանվել է Մ.Բ-ի  կողմից երեխայի հետ, տեսակցելու և նրա դաստիարակությանը մասնակցելու հետևյալ կարգը.

Յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը` ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, տեսակցել և շփվել իր երեխայի հետ, մոր` ներկայությամբ։

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը՝ Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +37410 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться