Գումարի բռնագանձում | 09.12.2012
Գործի նախապատմությունը
Ք.Ա-ն Ռ.Խ-ին պարտքով տվել է “…” ՀՀ դրամ գումար, նշված փաստը հաստատվում է Ռ.Խ-ի կողմից գրված և ստորագրված ստացականով, որում նրա կողմից տառացի նշվել է հետևյալը. ՙԵս` Ռ.Խ-ս Ք.Ա-ից վերցրել եմ “…” հայկական դրամ և փոխանցել եմ Լ.Խ-ին: Պարտավորվում ենք գումարը վերադարձնել պահանջվող ժամանակահատվածում մինչև “…” թ-ը: Նշված ստացականով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմել է Ռ.Խ-ին, սակայն Ռ. Խ-ն առանց որևէ հիմնավոր պատճառի խուսափում է այն կատարելուց:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
Այսպիսով, պատասխանող Ռ.Խ-ն կազմված ստացականով, այսինքն փոխառության պայմանագրով ստանձնել է պարտավորություն` հայցվորին վերադարձնելու “…” ՀՀ դրամ գումար, որպես փոխառության գումար: Տվյալ դեպքում պատասխանողն իր իսկ կողմից սահմանած ժամկետում, այն է` մինչև “…”թ-ը, կամովին չի կատարել փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը, չնայած այն բանին, որ նշված ժամկետից հետո իր վստահորդը բազմիցս բանավոր դիմել է նրան, գումարն անմիջապես վերադարձնելու պահանջով: Բացի բռնագանձման ենթակա գումարից պետք է բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի կարգով մայր պարտքի գումարի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի 2-րդ կետի` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Վերը նշված հոդվածի սահմանումից բխում է, որ Ռ.Խ-ի կողմից տրված ստացականը հանդիսանում է փոխառության պայմանագրին հավասարեցված փաստաթուղթ և տվյալ հարաբերությունների նկատմամբ կիրառելի են փոխառության կանոնները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ 348 հոդվածի 1-ին կետի համաձայն պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին կետի` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի հանաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Գործի ելքը
Ք.Ա-ի հայցն ընդդեմ Ռ.Խ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել:
Ռ.Խ-ից հօգուտ Ք.Ա-ի բռնագանձել “…” ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հօգուտ հայցվորի “…” ՀՀ դրամին սկսած “…” թ.-ից մինչև վճռի կատարման օրը հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին