Բնակարանը սակարկություններով վաճառելու գործ | 22.10.2013
Գործի նախապատմությունը
Բանկը դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին և քանի որ առկա էր դատարանի կողմից տրված կատարողական թերթ` խնդրել էր փաստաբանին ներկայացնել Բանկի շահերը և պարտապանից հօգուտ Բանկի բռնագանձել պարտապանի կողմից վարկ ստացած գումարը և տուգանքները։
Փաստաբանը բնակարանի համասեփականատերերին պարզելու նպատակով հարցում է կատարել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստացվել է տեղեկատվություն առ այն, որ բնակարանի նկատմամբ գրանցված է 4 անձի , այդ թվում պարտապանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարտապանը չէր մարել բանկի հանդեպ ունեցած պարտքը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ «քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում»: Նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջների համաձայն` «բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցների մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարատապանի բաժինը՝ պարտքը մարելու համար։ Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվեյու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան»:
Փաստաբան Վարդան Խեչյանը հանդես գալով որպես Բանկի ներկայացուցիչ խնդրել էր առանձնացնել պարտապանի բաժինը կամ առաջարկել այն գնելու մյուս համասեփականատերերին, իսկ դրա առանձնացման անհնարինության դեպքում կամ համասեփականատերերի կողմից բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում կայացնել վճիռ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարի 1/4 մասի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ։
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199 հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Մասնագիտական ընկերության գրության համաձայն` կատարված փաստաթղթային հետազոտությամբ պարզվել է, որ բնակարանի ¼ մասը տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում` նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել դրա վրա բռնագանձում տարածելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնել պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար, և ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` օրենսգրքի 197 հոդվածին համապատասախան:
Բանկը ընդհանուր սեփականության մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնելու նրա բաժնեմասը` այդ նպատակով գրավոր առաջարկ ուղարկելով նրանց, սակայն նրանց կողմից պատասխան չի ստացել:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Վերոնշյալ հոդվածով ընդհանուր գույքըհրապարակային սակարկություններով վաճառելու համար սահմանվել է պարտադիր նախապայմաններ, այն է` ընդանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:
Պարտապանի համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի 1/4 բաժնեմասը բնեղենով հնարավոր չէ առանձնացնել, այսինքն` նրա բաժինը բնեղենով առանձնացնելն անհնարին է և ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են նրա բաժնի դիմաց վճարելուց և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Գործի ելքը
Հայցը բավարարվեց:
Պատասխանողներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, և կատարողական թերթով գումարի բռնագանձումը տարածել պարտապանի հրապարակային սակարկություններով վաճառքից ստացված նրա 1/4 բաժնի գումարի վրա:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը ` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին