Ապոստիլ դնելու և հյուպատոսական վավերացման (օրինականացման) կարգը
Գլոբալացման պայմաններում շատ մարդիկ կարող են ամենատարատեսակ պատճառներով հանդիպել իրենց բնակության պետությունը փոխելու կամ Հայաստանում տրամադրված փաստաթղթերը այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտության հետ: Հենց այդ պահին էլ սկսվում է փաստաթղթերի հավաքման լարված գործընթացը: Հասկանակի է, որ ՀՀ պետական մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը մի շարք օբյեկտիվ պատճառներով չի ճանաչվելու օտարերկրյա պետության իրավազոր մարմինների կողմից, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում ձեռքբերված փաստաթուղթը չի կարող ուժ ունենալ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կամ ցանկացած այլ երկրում:
Ճանաչման համար փաստաթղթերը պետք է անցնեն որոշ ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան օգտագործել դրանք օտարերկրյա պետության տարածքում: Խոսքը գնում է հյուպատոսական վավերացման (օրինականացման) ու ապոստիլավորման մասին:
Հյուպատոսական վավերացումն իր ուժով հավասար է ապոստիլին, սակայն, ի տարբերություն վերջինի, այն կատարվում է երկկողմանի բարդեցված կարգով: Օտարերկրյա պետություն ներկայացվող փաստաթուղթը սկզբից թարգմանվում է օտար լեզվով և հաստատվում է նոտարի կողմից: Այնուհետև ՀՀ պետական մարմինները հավաստում են նոտարի ստորագրությունը և փաստաթուղթն ուղարկվում է այն պետության հյուպատոսական հիմնարկ, որտեղ այն օգտագործվելու է:
Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը վավերացվում (օրինականացվում) են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում՝ օտարերկրյա պետության ԱԳՆ-ում կամ այլ պետական մարմնում վավերացնելուց հետո:
Ապոստիլ
Հյուպատոսական վավերացման կարգը բավական բարդ է և պահանջում է ժամանակի մեծ ծախսեր: Հաշվի առնելով այդ ամենը 1961 թ-ին Հաագայում ընդունվել է Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին կոնվենցիան: Սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող երկրներում օրինականացումն իրականացնում են դեսպանատան կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով:
Ապոստիլը դրվում է պայմանավորվող պետությունների տարածքում կազմված պաշտոնական փաստաթղթերում: Հաագայի կոնվենցիայի իմաստով պաշտոնական են համարվում՝
- այն փաստաթղթերը, որոնք տրվում են պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից (դատախազության, դատարանի քարտուղարի կամ դատական կատարողի կողմից),
- վարչական փաստաթղթեր,
- նոտարական ակտեր,
- պաշտոնական նշումներ (գրանցման և վիզաների մասին, նոտարի մոտ չհաստատված ստորագրությունների հաստատման մասին):
Կոնվենցիան չի տարածվում՝
- հյուպատոսական և դեսպանական գործակալների կողմից կազմված փաստաթղթերի վրա,
- առևտրային և մաքսային գործառությունների հետ կապված փաստաթղթերի վրա:
Հայաստանում ապոստիլը դրվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Օրինակ, եթե դուք մեկնում եք Ֆրանսիա և ուզում եք, որ ձեր ամուսնության վկայականը այնտեղ ուժ ունենա, դուք պետք է ապոստիլավորեք այն: Այս կարգը չի պահանջում շատ ժամանակ և ավելի հարմարավետ է:
Ապոստիլը կարող է դրվել անմիջապես փաստաթղթի վրա (դիպլոմներ, վճիռներ և դատավճիրներ) և առանձին թերթի վրա, որը կցվում է փաստաթղթի բնօրինակին (քաղաքացիական կացության ակտերի հետ կապված փաստաթղթեր): Ընդ որում, ապոստիլը պարտադիր պետք է պարունակի ֆրանսերեն լեզվով գրած վերնագիր՝ «Apostille (Convention de la Haye du 5 octobre 1961)»: Ապոստիլի բովանդակությունը գրվում է փաստաթուղթը տրամադրող պետության պաշտոնական լեզվով:
Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից ապոստիլում դրված ստորագրությունները, կնիքները և դրոշմակնիքները ենթակա չեն հետագա հավաստման:
Ապոստիլ դնելու դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթի բնօրինակը, պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Դիմումը մերժվում է, եթե ապոստիլի համար հանձնված փաստաթուղթը ուղարկվում է 1961 թ-ի Հաագայի կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետություն, փաստաթղթի այդ տեսակը ենթակա չէ ապոստիլով հավաստման կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Եթե Դուք բախվել եք փաստաթղթերում ապոստիլ դնելու անհրաժեշտության հետ և ցանկանում եք առավելագույն կարճ ժամկետներում ստանալ դրական արդյունքներ, Դուք կարող եք դիմել մեր փաստաբանական գրասենյակ, որը կօգնի Ձեզ առանց ավելորդ ժամանակի ծախսի իրականացնել այս գործընթացը:
15.06.2015