
Ամուսնությունը և ամուսնալուծությունը
Ամուսնության գրանցումը
Ինչ կարգով է իրականացվում ամուսնության պետական գրանցումը Հայաստանում
Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը:
Արգելվում է ամուսնություն կնքել`
- այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
- մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
որդեգրողների և որդեգրվածների միջև. - այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:
Որ մարմինն է կատարում ամուսնության պետական գրանցումը
Ամուսնության պետական գրանցումը կատարում է`
- ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (բնակության վայրի` համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) ՔԿԱԳ տարածքային մարմինը կամ
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող`ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը.
- առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք:
Ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար
Ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է`
- ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
- եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
- ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.
- նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (օրինակ` ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն):
Ինչպես է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ
Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում): Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ` այրը Սիմոնյան, կինը` Ասատրյան ընդհանուր Սիմոնյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:
Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնության պետական գրանցումը
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Ինչ կարգով և որ մարմինն է իրականացնում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվության հիման վրա` ՔԿԱԳ տարածքային մարմնում:
Ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար
Ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
- ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
- ամուսնության բացակայության մասին տեղեկանք` օտարերկրյա իրավասու մարմինների կողմից` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով հաստատմամբ` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ):
- նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ` ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ` մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք և այլն).
- անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված:
Ինչ ժամկետում է կատարվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչև 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից` պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից` վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետևյալ չափերով`
- երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար` 150.000 ՀՀ դրամ.
- հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար` 120.000 ՀՀ դրամ.
- յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար` 90.000 ՀՀ դրամ:
Ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը և դրա պետական գրանցումը Հայաստանում
Եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում: ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է գրանցվել նաև ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը`
- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
- դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Վերը նշված դեպքերում ամուսնությունը դադարում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության պետական գրանցման պահից: Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից: Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:
Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե`
- բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
- ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց.
- ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած՝ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման: Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:
Հայաստանում, որ մարմինն է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
- ամուսինների համատեղ բնակության վայրի.
- ամուսիններից մեկի բնակության վայրի.
- ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը:
Իր կողմից կատարած ամուսնության գրանցման դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կարող է կատարել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը: Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
Ինչ փաստաթղթեր են ներկայացվում Հայաստանում ամուսնալուծության պետական գրանցման համար
Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
- անձը հաստատող փաստաթուղթ.
- ամուսնության վկայական (առկայության դեպքում).
- ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար.
- ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով.
- ամուսնու դիմումը և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարած լինելու դեպքում:
Ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը՝
- ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ.
- դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը
Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջև դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ vardan@khechyan.com հասցեին, մեր մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ:
28.01.2015