Դատական ակտերի բողոքարկում
Դատական ակտերի բողոքարկում
Դատարանի վճիռը գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտն է: Առաջին ատյանի դատարանի կողմից վճիռ կայացնելու արդյունքում կարող են խախտվել դատավարական և(կամ) նյութական իրավունքի որոշ նորմեր կամ սխալ սահմանվել գործի փաստական հանգամանքները, ինչի հետևանքով խախտվելու են կողմերի՝ օրենքով պաշտպանված իրավունքները և շահերը: Դատարանի կողմից թույլ տված խախտումների վերացման նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսվել է վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը:
Դատարանի վճռի բողոքարկումը
Վերաքննիչ բողոքն անմիջապես ներկայացվում է վերաքննիչ դատարան կամ ուղարկվում է փոստով: Վերաքննությունն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերանայման փուլն է: Բողոքը կարող է ներկայացվել վճռի հրապարակման օրվանից՝ 1 ամսվա ընթացքում (մինչև օրինական ուժի մեջ մտնելը): Մեր երկրում գործում է այսպես կոչված ոչ լրիվ վերաքննության հայեցակարգը, այսինքն՝ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերանայում, որի դեպքում դատարանը ստուգում է միայն գործի վարույթն առաջին ատյանում, առանց նոր ապացույցներ և հիմնավորումներ ներկայացնելու հնարավորության (այս կանոնը չի գործում առանձնահատուկ դեպքերում, երբ, օրինակ, կողմ(եր)ի մոտ նախկինում օբյեկտիվորեն բացակայում էր ապացույց ներկայացնելու հնարավորությունը):
Վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննարկման, եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն կամ բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Վերաքննիչ բողոքը ձևակերպվում է գրավոր և դրանում պետք է նշել դատարանի անվանումը, գործի մասնակիցների անունները, դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը: Բողոքում կարևոր է նշել առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները, որոնք հանդիսացել են անարդար դատական ակտի կայացման հիմք: Եթե ձեր կարծիքով առկա է որևէ նորմի խախտում, ապա պետք է ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ՝ հղում կատարելով համապատասխան իրավական ակտերի, վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումների նորմերին:
Բողոքի եզրափակիչ մասում պետք է նշել պահանջը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը: Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող փոփոխվել և դատարանն իրավունք չունի այդ հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալու: Բողոքը բավարարելու դեպքում վերաքննիչ դատարանը կարող է բեկանված մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ փոփոխել ստորադաս դատարանի ակտը:
Վճռաբեկ բողոքի ներկայացում
ՀՀ վճռաբեկ դատարանը հանդիսանում է երրորդ դատական ատյան, որն իրականացնում է վերաքննիչ դատարանի ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով: Նախկինում ընդունած վճռաբեկ դատարանի որոշումները նախադեպային ուժ ունեն և դրանցում սահմանված իրավական նորմերը պարտադիր են ստորադաս դատարանների համար: Նույն բանը կարող է ասվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և սահմանադրական դատարանի որոշումների մասին: Այդ որոշումների իրավադրույթները նույնպես կրում են պարտադիր բնույթ և դրանցում հայտնած իրավական դիրքորոշումները կարող են վկայակոչվել ներկայացվող վճռաբեկ բողոքում: Միաժամանակ վճռաբեկ դատարանը նպաստում է իրավական նորմերի միատեսակ կիրառմանն ու քննում է այնպիսի գործեր, որոնք բարձրացնում են իրավունքի զարգացման հարց: Այդ կապակցությամբ գործնականում ստեղծվել է իրավիճակ, որի պայմաններում վճռաբեկ բողոքների ճնշող մեծամասնությունը վերադարձվում է ու չի քննվում: Վարույթ են ընդունվում միայն այն գործերը, որտեղ թույլ տված խախտումները կրում են առավել կոպիտ բնույթ:
Գործով ընդունած դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկության կարգով, եթե նույն հիմքերով այն չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում: Այնուհետև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Վճռաբեկ բողոքը բերվում է օրինական ուժի մեջ չմտած վերաքննիչ դատարանի ակտը վերանայելու նպատակով: Այն բերվում է նյութական կամ դատավարական նորմերի խախտման դեպքում և դատարան է ներկայացվում (կամ ուղարկվում փոստով) անհրաժեշտ կից փաստաթղթերի հետ միասին:
Վճռաբեկ բողոքը պետք է համապատասխանի որոշ դատավարական պահանջներին: Բողոքում պետք է նշել դատարանի անվանումը, բողոքաբերի անունը, հայրանունը, ազգանունը և դատավարական կարգավիճակը: Այնուհետև պետք է նշել պահանջը և դրա հիմնավորումները՝ հղում կատարելով կիրառելի իրավական ակտերին: Գործի քննության արդյունքում դատարանը կարող է ուժի մեջ թողնել ստորադաս դատարանի կողմից կայացրած ակտը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել վերաքննիչ դատարանի ակտը և հաստատել առաջին ատյանի դատարանի վճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, սահմանելով քննության ծավալը և այլն: Վճռաբեկ դատարանի ընդունած ակտը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը
Վերջին ատյանը, որտեղ կարելի է վերականգնել ՀՀ դատարանների կողմից խախտված իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Այս դատարանը քննում է պետությունների և քաղաքացիների միջև առկա վեճերը: Բողոքի ընդունման առաջնահերթ պայմանը ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառումն է: Բողոքի ընդունումը կարող է մերժվել, երբ խախտվել է բողոք ներկայացնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը, այն անանուն է, համանման է արդեն քննված բողոքին, չի պարունակում գործին վերաբերող նոր փաստեր կամ հանդիսանում է այլ միջազգային դատավարական ընթացակարգի առարկա: Բողոքն ուղարկվում է մի քանի եղանակներով. փոստով՝ ՄԻԵԴ պաշտոնական կայքէջում նշված հասցեով կամ էլեկտրոնային նամակով՝ ՄԻԵԴ կայքէջում նշված էլեկտրոնային փոստին:
Պետք է հաշվի առնել, որ դիմողը կարող է ազատվել իրավաբանական օգնության դիմաց վճարելու պարտականությունից, իսկ ճանապարհածախսը՝ հատուցվել, եթե դիմողի մոտ չկան անհրաժեշտ միջոցներ: Ի հավաստումն անհրաժեշտ միջոցների բացակայության բողոքին կցվում են դիմում և հարկային մարմնի կողմից տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:
Վերոգրյալը հիմք է տալիս ենթադրելու, որ արդարության վերականգնումը և դատավորների ոչ իրավաչափ գործողությունների համար փոխհատուցում ստանալը հնարավոր է: Ոչ մի դեպքում պետք չէ աչք փակել ձեր իրավունքների և ազատությունների ոտնահարման վրա: