Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
Օտարերկրյա ներդրումների երաշխիքները Հայաստանում
«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը նախատեսված է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար և տալիս է երաշխիքներ ընդդեմ ազգայնացման` պահանջելով, որ սեփականազրկում տեղի ունենա միայն դատական կարգով: Այդպիսի դեպքում լրիվ փոխհատուցում է վճարվում: Օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անիրավական գործողությունների արդյունք հանդիսացող վնասներից, կամ կառավարության անհարկի գործողություններից: Օրենքր ներդրողներին երաշխավորում է նաև շահույթները և միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք: Այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումների մասին օրենսդրությունը փոփոխությունների ենթարկվի ներդրումը կատարելուց հետո, ներդրողին իրավունք է տրվում հինգ տարի ժամկետով ազատվելու ցանկացած պակաս նպաստավոր դրույթներից:
Օտարերկրյա ներդրումների տեսակները Հայաստանում
Օտարերկրյա ներդրողները կարող են ՀՀ տարածքում ներդրումներ իրականացնել`
- արտարժույթով, արժութային այլ արժեքներով, ՀՀ ազգային դրամով.
- շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.
- բաժնետոմսերով, պարտատոմսերով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.
- դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.
- արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.
- ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշտական կամ շահագործման իրավունքով.
- վճարովի ծառայություններով.
- ՀՀ օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:
Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օտարերկրյա ներդրումների իրականացման ձևերը Հայաստանում
Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետևյալ ձևերով`
- օտարերկրյա ներդրումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով.
- ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.
- ՀՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և ՀՀ օչենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.
- ինքնուրույն կամ ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և ՀՀ տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով.
- գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.
- ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես` ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Սահմանված ձևերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
12.03.2015