Քրեական օրենսգրքի նախագծով իրավաբանական անձինք ենթակա են քրեական պատասխանատվության
ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա ընդունվելիք օրենսգրքի նպատակներն են ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին և քրեական ապառնալիքներին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով իրավաբանական անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվելու: «ՀՀ-ում ներկա պահին իրավաբանական անձանց համար նախատեսված չէ ո’չ վարչական, ո’չ քրեական պատասխանատվություն: Օրինակ` Գերմանիայում իրավաբանական անձանց համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն այնտեղ էլ է անցում է կատարվում քրեական պատասխանատվությանը: Ես համոզված եմ, որ նման ինստիտուտի ներդրումը առավել կնպաստի Հայաստանում հանցավորության դեմ պայքարին: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների տարբեր զեկույցներում բազմաթիվ անգամ խորհուրդ է տրվել մեզ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել քրեական պատասխանատվություն»: Նաև նա հույս հայտնեց, որ աշխատանքային խումբը կկարողանա ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը Ազգային ժողովի դատին առնվազն առաջիկա նստաշրջանի վերջում, սակայն չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ նաև հաջորդ տարի:
2015 թվականի հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ` պատժի արդյունավետության մակարդակը: