Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների վերաբերյալ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների առնչությամբ.
-Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։
-Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները տեսչական մարմինների կողմից կկիրառվեն հոկտեմբերի 14-ից:
-ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից ազատված են հղիները:
-Պատվաստման ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել։ Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ազատվում են ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պարտավորությունից, եթե ներկայացնում են համապատասխան բժշկական փաստաթուղթ:
-Նախկինում սահմանված հակահամաճարակային կանոնները շարունակում են ուժի մեջ մնալ, դրանց նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակվում է: