Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մեկնելու դեպքում կենսաթոշակ ստանալու երաշխիքները
Մինչ 05.02.2009թ. գործող կարգի համաձայն` այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում էր: Այլ պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում էր վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչև կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավելի: Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում էր նրա գրավոր դիմելու և հաշվառումից դուրս գալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում էր: 05.02.2009 թ-ի. ուժի մեջ մտած` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով վերոնշյալ կարգը ուժը կորցրած ճանաչվեց: Այսուհետ, այլ պետության մշտական բնակության մեկնելու դեպքում քաղաքացու կենսաթոշակը վճարվում է լիազորագրով: Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի` սկսած կենսաթոշակ չստացված ամսից: Նշված ժամկետը լրանալուց հետո պետք է ներկայացվի նոր լիազորագիր, որը կգործի նույն (տասներկու ամիս) ժամկետով:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄՆԵՐ
- Պետք է նկատի ունենալ, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ այլ պետություն մշտական բնակության մեկնելու հիմքով կենսաթոշակի դադարեցված վճարումը լիազորագրով չի վերսկսվում: Կենսաթոշակի դադարեցված վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին անձամբ գրավոր դիմում ներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այն ստորաբաժանում, որտեղ նշանակվել է իր կենսաթոշակը:
- ԱՊՀ անդամ պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, եթե նույն տեսակի կենսաթոշակ նախատեսված է մշտական բնակության պետության օրենսդրությամբ:
Օտարերկրյա քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքը Հայաստանում
Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է`
- ՀՀ միջացգային պայմանագրերին և
- ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան:
1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի մասնակից պետությունների ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է: Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայնագրով նախատեսված է նաև, որ ԱՊՀ անդամ, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պետական մարմինների կողմից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը տրված` ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման: Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից: ՀՀ-ում վարձու աշխատող օտարերկրացիները չեն ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:
ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք
ՀՀ-ում պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք են`
- ՀՀ քաղաքացիները.
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները.
- քաղաքացիություն չունեցող անձինք
- ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք:
Պետական նպաստի տեսակներն են`
- ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը.
- երեխայի խնամքի նպաստը.
- երեխայի ծննդյան միանվագ նպաստը.
- զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստը:
19.04.2015