Ի՞նչ անել, եթե ձեր երեխային առեվանգել են
Հաագայի կոնվենցիայի քաղաքացիաիրավական տեսանկյունները` կապված երեխաների միջազգային առևանգման և Հայաստանում նրա կիրառման հետ:
Հետևյալ մեկնաբանությունները կազմվել են ներքոհիշյալ իրավիճակների հիման վրա, որոնք պատահել են իրական կյանքում:
- Հայ զույգը տեղափոխվել էր Ռուսաստան բնակություն հաստատելու նպատակով: 1.5 տարի հետո մայրը, երեխայի հետ գալիս է Հայաստան` այցելելու իր ծնողներին, սակայն ավելի ուշ հայտնում է ամուսնուն, որ այլևս մտադիր չէ վերադառնալ:
- Հայաստանի քաղաքացին ամուսնանում է ամերիկացու հետ: Նրանք ապրում են Գերմանիայում: Ամուսնալուծությունից հետո կողմերի փոխհամաձայնությամբ աղջիկը ապրում է մոր հետ Հայաստանում, իսկ արձակուրդներն անցկացնում է հոր հետ Գերմանիայում: Հերթական արձակուրդից հետո հայրը հայտնում է, որ այսուհետ աղջիկը պետք է ապրի իր հետ:
- Հայրը օգնության խնդրելու նպատակով դիմում է մեր փաստաբանական գրասենյակ, քանի որ մայրը պատրաստվում էր տղային տանել Հայաստանից առանց հոր թույլտվության` Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատելու նպատակով:
ՀԻՇԵՔ. Ցանկացած երեխա երկու ծնողների հետ շփվելու իրավունք ունի:
Կայուն կերպով աճում է այն ընտանիքների թիվը, որտեղ ամուսինները համարվում են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ իսկ պատճառով էլ վեճերի առաջացման դեպքում պետք է հաշվի առնել ներգրավված պետությունների օրենսդրական համակարգերը, որոնք կարող են զգալիորեն տարբերվել մեկը մյուսից: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել և կիրառել միջազգային ընտանեկան վեճերի լուծման միասնական ընթացակարգ:
Ներկայումս Հայաստանը համարվում է մի շարք միջազգային համաձայնագրերի մասնակից, որոնք կարգավորում են ընտանեկան հարաբերությունները, հանձինս Հաագայի 1980թ. հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի` երեխաների միջազգային առևանգման քաղաքա-իրավական տեսանկյունների մասին (այսուհետ` Կոնվենցիա), համաձայն որի ցանկացած երեխա, որին անօրինական ճանապարհով դուրս են հանել երկրից կամ պահում են երկրից դուրս պետք է անհապաղ ետ վերադարձվի: Հայաստանում կոնվենցիայի կիրառման Կենտրոնական Մարմնի (այսուհետ` ԿՄ) գործառույթները իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը:
Մեր փաստաբանական գրասենյակի մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն տրամադրել Հայաստանում 1980թ. Կոնվենցիայի կիրառման հետ կապված հարցերի շուրջ և կօգնեն Ձեզ`
- ստանալ անհրաժեշտ տեղեկատվական աջակցություն և օգնություն դիմումների կազմման, սույն Կոնվենցիային հակասող պետական մարմինների տված եզրակացությունը անվավեր ճանաչելու մասին հայցադիմումի պատրաստման վերաբերյալ, ինչպես նաև գործ հարուցել անօրինական ճանապարհով պահվող երեխային վերադարձնելու համար:
- հասկանալ Հայաստանում և այլ երկրներ իրավաբանական ընթացակարգերի առանձնահատկությունները:
- փորձել պայմանավորվել երեխային ինքնակամ վերադարձնելու համար:
Ի՞նչ է առևանգումը: Իմ երեխային առևանգել են: Ինչպե՞ս վարվել:
Չնայած Հայաստանում ծնողներից մեկը կարող է մեկնել այլ երկիր երեխային իր հետ տանելով, առանց մյուս ծնողի թույլտվությունը հարցնելու, բայց Կոնվենցիայի շատ մասնակից երկրներում դա համարվում է հանցագործություն:
Կոնվենցիային համաձայն խոսքը գնում է երեխայի միջազգային առևանգման մասին, եթե`
- չի լրացել երեխայի 16 տարին.
- երեխան մշտապես բնակվել է Հայաստանում.
- երեխային տեղափոխել կամ պահում են արտասահմանում առանց նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
Անհրաժեշտ է նաև նշել, որ տեղափոխում է համարվում երեխային` նրա մշտական բնակության երկրի սահմաններից դուրս հանելը, իսկ պահելը` համաձայնեցված ժամկետում երեխայի վերադարձի առաջին օրը:
Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ որտեղ են տարել Ձեր երեխային:
Կոնվենցիայի մասնակից երկրները
Կոնվենցիայի մասնակից երկրների ցանկը, ինչպես նաև ԿՄ կոորդինատները կարող եք գտնել Հաագայի կոնֆերանսի միջազգային իրավունքի երեխաների առևանգման բաժնում` 1980 Hague Convention.
Կարևոր է իմանալ, որ դիմումը պետք է ներկայացվի որքան հնարավոր է շուտ: Ժամանակը շատ կարևոր գործոն է: Եթե դիմումը ներկայացվի առևանգումից մեկ տարի հետո, ապա երեխային ետ վերադարձնելու հավանականությունը նվազագույնի է հասնում:
Երկրները, որոնք մասնակից չեն 1980 թ. Կոնվենցիային:
Եթե երկիրը, որտեղ գտնվում է երեխան, չի մասնակցում Կոնվենցիային, կամ մասնակցում է, բայց դեռ չի հաստատել Հայաստանի ճանաչումը որպես Կոնվենցիայի մասնակցի, ապա օգնության համար կարելի է դիմել`
- տվյալ երկրի Ոստիկանություն, որտեղ ենթադրաբար պահվում է Ձեր երեխան.
- Հայաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչություն.
- տվյալ երկրի ԿՄ, որտեղ պահվում է երեխան, ինֆորմացիոն աջակցություն ստանալու համար:
Կիրառելի է արդյո՞ք 1980 թ. Կոնվենցիան Ձեր դեպքում
Գործի քննության ընթացքում կարող եք հիմնվել Կոնվենցիայի վրա, եթե երեխային առևանգել են այն երկրից, որը մասնակցում է Կոնվենցիային և ճանաչում է այն երկիրը, որտեղ ենթադրաբար գտնվում է ձեր երեխան, որպես կոնվենցիայի մասնակցի (մասնակից երկրների ցանկը կարելի է նայել www.hcch.net), եթե առևանգումը (պահումը) տեղի է ունեցել երկրների` միմյանց ճանաչումից հետո, ինչպես նաև, եթե երեխայի 16 տարին դեռ չի լրացել առևանգման (պահելու) պահին:
Ի՞նչ անել, եթե Ձեր երեխայի գտնվելու վայրը հայտնի չէ:
Եթե ճշգրիտ հասցեն անհայտ է, բայց հայտնի է երեխայի գտնվելու հնարավոր երկիրը, փնտրելու համար կարող են օգնել`
- կենտրոնական մարմինը (ԿՄ), ուղղելով դիմումը տվյալ երկրի ԿՄ, հնարավոր հասցեն հաստատելու համար:
- տեղական ոստիկանությունը (ոստիկանության միջոցով ճշտեք վարկային քարտերի, բջջային հեռախոսի, էլ — փոստի, և այլ հետքերի, երեխայի կամ երեխային պահող ծնողի գտնվելու վայրի հետևելու հնարավորությունը. բժշկական և դպրոցական նշումներ և այլն):
- +37410 32-02-02 հեռախոսով կապ հաստատեք մեր փաստաբանների հետ, կամ գրեք vardan@khechyan.com էլեկտրոնային փոստի հասցեին: Մեր մասնագետները կարող են խորհրդատվություն տրամադրել այս կամ այն երկրի օրենսդրության հնարավոր կիրառման մասին, ինչպես նաև կօգնեն գրագետ դիմում գրելու և դրա կատարումը վերահսկելու հարցում:
Ի՞նչ է տեղի ունենում դիմումը հանձնելուց հետո:
Դիմումն ընդունելուց հետո ԿՄ հայտ է ուղարկում տվյալ երկրի Կենտրոնական մարմին, որպեսզի ճշգրիտ տեղեկություն ստանա երեխայի գտնվելու վայրի մասին և փորձի հասնել ծնողների միջև խաղաղ ճանապարհով համաձայնության հաստատմանը: Երբեմն հայտ ներկայացնելու փաստն արդեն իսկ բավական է, որպեսզի առևանգող ծնողը կամավոր կերպով վերադառնա երեխայի հետ` հետագա ընթացակարգից խուսափելու նպատակով: Եթե ծնողների մոտ չի ստացվում ինքնուրույն համաձայնության գալ, կարելի է դիմել միջնորդության` բանակցություններ երրորդ անձի մասնակցությամբ, գործընթացը համակարգելու նպատակով:
Միջնորդության առավելությունները`
- այն ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան դատավարությունը.
- հնարավորություն է տալիս քննարկելու հարցերի ավելի լայն շրջանակ, որոնք կապված են տվյալ խնդրի հետ.
- ավելի քիչ է միջամտությունը ընտանեկան գործերին, ոչ այնքան հրապարակայնորեն է, որքան դատարանում է.
- զգալիորեն ավելի էժան է, քան շահերի ներկայացումը դատավարության ընքացքում.
ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ վերաբերմունքը ավելի դրական է, և որպես կանոն, նման պայմանավորվածությունները ավելի կայուն են. - շատ դեպքերում լավագույն լուծումն են երեխաների համար.
- աշխատում է առաջընթացի օգտին (խաղաղ ճանապարհով համաձայնության հասնելով ավելի հեշտ է ապագայում պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ):
Միջնորդության թերությունները:
- կարող է գործել ձգողության մարտավարությունը, այն պետք է հստակ սահմանափակում ունենա ժամանակի առումով.
- սովորաբար միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվում են կամավոր կերպով: Այնուամենայնիվ, եթե կողմերից մեկը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունը, ապա անհրաժեշտ է դիմել դատարան.
- եթե կողմերից մեկը զգալիորեն ճնշում է գործադրում մյուսի կողմի վրա, կամ մեղադրում է մյուս կողմին բռնություն կիրառելու մեջ, ապա ավելի լավ է միջնորդություն չկիրառել:
Եթե ծնողները չեն կարողանում համաձայնության գալ խաղաղ ճանապարհով, ծնողը իր փաստաբանի հետ միասին կարող է հայց ներկայացնել երեխային վերադարձնելու համար: Դիմումը ներկայացվում է շրջանային դատարան, երեխայի ենթադրյալ գտնելու վայրը, Հայաստանի Հանրապետության տարածքում: Անկախ նրանից ստիպված կլինեք դիմել դատարան, թե կհաջողվի իրավիճակը հարթել մինչ դատարանը, երեխային վերադարձնելը բարդ իրավական գործընթաց է, ուստի խորհուրդ ենք տալիս դիմել փաստաբանին, որը մասնագիտացված է միջազգային մասնավոր իրավունքի իրավահարաբերություններում:
Հավատացեք, բացի պաշտոնական իշխանությունների օգնությունից Ձեզ անհրաժեշտ կլինի նաև փաստաբանի ծառայությունները, ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում: Դիմեք փաստաբանի, ով կկարողանա պարզել իրավական հարցեր, կապված ընտանեկան կոնֆլիկտների լուծման հետ, ինչպես նաև Ձեր շահերը կներկայացնի դատարանում:
Նաև կարևոր է իմանալ, որ Կոնվենցիան չի անդրադառնում երեխայի բնակության վայրի որոշման հարցին, դատարանը բացառապես որոշում է կայացնում միայն երեխային վերադարձնելու մասին, այն երկիր, որտեղ նա մշտապես ապրել է: Երեխայի բնակության վայրի մասին որոշումը համապատասխանաբար կայացնում է երեխայի մշտական բնակության երկրի դատարանը:
Ի՞նչ անել եթե Ձեզ անհանգստացնում է առևանգման վախը
Երեխայի առևանգումը հաճախ կատարվում է շատ անսպասելիորեն: Բայց այն ծնողները, որոնք ճաշակել են իրենց երեխայի առևանգման դառը փորձը, ասում են, որ առևանգմանը կարող են նախորդել մի քանի ազդանշաներ:
- փոխվում է մյուս ծնողի վերաբերմունքը, օրինակ, հաճախակի են դառնում վեճերը կապված երեխայի դաստիարակության հետ.
- ամուսնալուծությունը բարդ է եղել և կան տարաձայնություններ կապված երեխայի խնամքի և շփվելու հետ.
- մյուս ծնողը երեխայի հետ մեկ այլ երկիր տեղափոխվելու ծրագրեր ունի.
- մյուս ծնողը բացահայտ սպառնում է, որ կառևանգի երեխային:
Առևանգման սպառնալիքը դեռ չի նշականում, որ առևանգումը տեղի կունենա: Բայց սա Ձեզ համար վերջին ազդանշանն է, որպեսզի ծանոթանաք «երեխայի առևանգում» հասկացությանը և այն կանխելու ձևերին: Այնուամենայնիվ, իրավիճակը բարդանում է նրանով, որ յուրաքանչյուր առևանգման դեպք յուրօրինակ է: Ամուսնալուծության դեպքում միշտ ավելի լավ է պայմանագիր կնքել ծնողական իրավունքների կարգի վերաբերյալ կապված երեխայի դաստիարակություն հետ: Եթե Դուք կասկածում եք, որ մյուս ծնողը մտադիր է երեխային տանել երկրից առանց Ձեր թույլտվության, Դուք կարող եք հայտ ներկայացնել միգրացիոն ծառայություն, որպեսզի արգելեք երեխային երկրից դուրս հանելը:
Բացառությունները
Կոնվենցիան պահանջում է, որպեզի երեխային անհապաղ վերադարձնեն, սակայն, եթե մյուս ծնողը կարողանա դատարանում ապացուցել բացառիկ դեպքերի գոյության փաստը, ապա դատարանը իրավունք ունի որոշում կայացնել երեխային չվերադարձնելու մասին: Այս բացառությունները լինում են հետևյալ դեպքերում, երբ`
- փաստացի խնամակալության իրավունքը չի իրականացվել, այսինքն հայտ ներկայացրած ծնողը չի կատարել ծնողական պարտականությունները (հոդված 13).
- երեխային ֆիզիկական կամ հոգեբանական վնաս հասցնելու լուրջ վտանգ կա կապված նրան վերադարձնելու հետ (հոդված 13).
- երեխան դեմ է վերադարձնելուն և հասել է այնպիսի տարիքի և հասունության աստիճանի, որ նրա կարծիքը պետք է անպայման հաշվի առնվի (հոդված 13).
- առևանգման պահից անցել է ավելի քան մեկ տարի, և երեխան հարմարվել է նոր միջավայրին (հոդված 12).
- երեխայի վերադարձը կարող է հանգեցնել մարդու իրավունքների և ազատության խախտմանը: (հոդված 20): Յուրաքանչյուր առանձին դեպքում առկա են նմանատիպ իրավիճակներ, ինչպես նաև վերջնական որոշումը կայացվում է միայն դատարանի կողմից:
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ երեխային պետք է լսեն յուրաքանչյուր դատական և վարչական վարույթի ժամանակ, տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է, բացառությամբ, եթե դա հակասում է նրա շահերին:
Պետք է արդյո՞ք գնալ պատասխան առևանգման
Երբեմն ծնողները, որոնց երեխային առևանգվել են, դիմում են նման հուսահատ քայլի, ինչպիսին է պատասխան առևանգումը: Սակայն, գործնականում, դա միայն դժվարացնում է խնդրի լուծումը, որին բախվել է ընտանիքը: Բացի այդ շատ երկրներում երեխայի առևանգումը անօրինական է, և կարող է իր ազդեցությունն ունենալ վերադարձման գործընթացի վրա: Պատասխան առևանգման փորձը վտանգում է երեխային և շրջապատին. դատարանում խոչընդոտ է հանդիսանում գործի հետագա քննության ընթացքում:
Բացի այդ ոչ մի երաշխիք չկա, որ սա կլինի վերջինը առևանգման շղթայում: Առևանգելով երեխային Դուք ստիպված կլինեք մշտապես թաքցնել Ձեր գտնվելու վայրը և ապրել նոր առևանգման սպառնալիքով: Եվ, վերջապես, Ձեր գործողությունները կարող են լուրջ հոգեբանական վնասի հետևանք ունենալ Ձեր երեխայի համար: Առաջացած խնդիրը արդեն իսկ վնաս է պատճառել նրան, պատասխան առևանգումը ավելի կբարդացնի առանց այն էլ դժվար իրավիճակը, որում հայտնվել է Ձեր երեխան:
26.02.2015