Երեխաների միջազգային առևանգում
Ներկայումս որոշ ընտանիքներ կարող են յուրօրինակ խնդիրների արջև կանգնել, ինչը պայմանավորված է հանրապետությունում միջազգային ամուսնությունների թվի ավելացմամբ: Հայտնի է, որ շատ դեպքերում ամուսնալուծության արդյունքում նախկին ամուսինների միջև բազմաթիվ վեճեր են առաջանում: Այդ հարցերից մեկն է` ընդհանուր երեխաների ապագան, օրինակ՝ ծնողներից ում հետ և որտեղ են շարունակելու ապրել ընդհանուր երեխաները: Այդ հարցերը կարգավորվում են դատարանի վճռով կամ ծնողների համատեղ որոշմամբ, սակայն ամուսնալուծությունից հետո կարող է կրկին բարձրանալ երեխայի «ու՞մ հետ բնակվելու» հարցը, առավել ևս, երբ երեխայի ծնողներից մեկը բնակվում է Հայաստանի տարածքից դուրս:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում երբ վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը հակասում են ներպետական նորմերին, կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը: Ներկա պահին ընդունված է մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք հետապնդում են երեխաների իրավական դիրքը կարգավորելու նպատակը: Այդպիսով՝ ԱՊՀ տարածաշրջանում այս հարցերի կարգավորոման համար ընդունվել է 1993թ. Մինսկի Կոնվենցիան` քաղաքացիական, ընտանեկան և քրեական իրավահարաբերությունների հետ կապված գործերի օգնության վերաբերյալ, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից: Այն պարունակում է այնպիսի իրավադրույթներ, որոնք թույլ են տալիս որոշել, թե որ պետության իրավունքն է կիրառվելու երեխաների խնամանակալության և հոգեբարձության հետ կապված հարցերի կարգավորման ժամանակ: Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները որոշվոմ են իրենց ընդհանուր մշտական բնակության վայրում գործող իրավունքով: Ընդհանուր մշտական բնակության վայրի բացակայության դեպքում գործում է երեխայի քաղաքացիության երկրի իրավունքը: Խնամակալության հաստատումն և չեղարկումը նույնպես իրականացվում է երեխայի քաղաքացիության երկրի իրավունքով:
1989 թ-ի Երեխաների իրավունքների վերաբերյալ կոնվենցիան սահմանել է երեխաների բոլոր իրավունքները, որոնց շարքին դասվում է նաև ծնողների հետ շփման իրավունքը: Կոնվենցիան սահմանել է, որ երեխաներին արտերկիր տեղափոխելու և չվերադարձնելու հետ պայքարելու, ինչպես նաև երեխաներին ծնողներից բաժանելը թույլ չտալու համար մասնակից պետությունները պետք է ընձեռնեն բոլոր հնարավոր գործողությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Դա պատահականություն չէ, քանզի շատ հաճախ ամուսնալուծությունից հետո ծնողներից մեկը երեխային մշտական բնակության վայրի երկրից դուրս հանելու նպատակով առևանգում է նրան՝ հաշվի չառնելով նման այդպիսի գործողությունների անօրինականությունը: Անձնական շահերի բավարարման նկատառումներով ծնողները երբեմն չեն մտածում այն մասին, որ երեխայի համար դա մեծ ցնցություն է, որի արդյունքում նրա հոգեբանական առողջությանը կարող է վնաս պատճառվել: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է, որ բոլոր երեխաներն օժտված են իրենց ծնողների հետ շփվելու իրավունքով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի հոգեկան կայունությունը ձևավորվում է հենց փոքրահասակ տարիքում, նման իրադարձությունները ապագայում կարող են խոչընդոտներ ստեղծել ծնողների հետ շփման ընթացքում:
Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի Կոնվենցիան:
Նման երևույթների դեմ պայքարելու նպատակով գործում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված 1980 թ-ի Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի կոնվենցիան: Այն սահմանում է, որ եթե երեխայի առևանգումից հետո չի լրացել 1 տարվա ժամկետը և այդ ընթացքում սկսվել է դատական գործընթացը, երեխայի գտնվելու վայրի դատական, կամ նույնիսկ վարչական մարմինները պարտավորվում է անհապաղ վերադարձնել երեխային: Նշենք, որ Կոնվենցիան չի կարգավորում մշտական բնակության վայրը և ծնողական խնամակալությունը սահմանելուն առնչվող հարցերը, սակայն Կոնվենցիայի հիման վրա դատարանը կարող է վճռել երեխային մշտական բնակության վայրի երկիր տեղափոխելու մասին:
Ինչպե՞ս է իրականացվում երեխայի վերադարձը:
Եթե դուք հայտնաբերում եք, որ ձեր նախկին ամուսինը/կինը առևանգել է երեխային, ապա առաջին հերթին հարկավոր է իմանալ, թե որ երկիր է նա տեղափոխվել: Այդ հարցում ձեզ կարող են օգնել Կենտրոնական մարմինները, որոնց գործունեությունն ուղղված է առևանգած երեխային վերադարձնելուն և Կոնվենցիայի դրույթների պահպանման վերահսկողությանը: Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական մարմնի գործառույթներն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, սակայն այլ երկրներում նման գործառույթները կարող են տրվել այլ մարմիններին:
Երեխայի առևանգման մասին դիմումը ներկայացվում է ՀՀ արդարադատության նախարարությանը: Այդ դիմումի մեջ պետք է նշել երեխայի ծննդյան տարեթիվը, դիմող և առևանգող անձանց վերաբերյալ տեղեկությունները, երեխային վերադարձնելու հիմնավորված պահանջը, ինչպես նաև երեխայի մոտավորապես գտնվելու վայրը: Դիմողի հայեցողությամբ՝ դիմումին կից կարող են ներկայացվել նաև դատարանի վճիռը և գործին վերաբերող մնացած փաստաթղթերը: Դրանից հետո Կենտրոնական մարմինը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր գործողություններն՝ առևանգողի հետ կապ հաստատելու և բանակցություններ վարելու համար:
Բանակցությունների անհաջողության դեպքում երեխայի իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը պետք է կատարվի դատական կարգով: Առաջին հերթին անհրաժեշտ է կազմել հայցադիմում և ներկայացնել այն երեխայի մշտական բնակության վայրի դատարան: Հայցադիմումը կարող է նախաձեռնվել առևանգած երեխայի գտնվելու վայրի Կենտրոնական մարմնի օգնությամբ, եթե պետությունների միջև առկա է սերտ համագործակցություն: Եթե դուք բախվել եք նման խնդիրների, ապա կարող եք վստահորեն դիմել փստաբան Վարդան Խեչյանին, ով սեղմ ժամկետներում կկարգավորի գործի իրավաբանական կողմին առնչվող բոլոր խնդիրները՝ օգտագործելով իր մեծ փորձը: Դա կօգնի ձեզ ձերբազատվել ավելորդ քաշքշուկից և ժամանակատար գործունեությունից:
Ինչպիսի՞ն կարող է լինել դատարանի վճիռը:
Գործի քննության արդյունքում դատարանը կարող է վճռել երեխային մշտական բնակության վայր վերադարձնելու մասին, եթե գտնի, որ երեխայի տեղափոխումն ու իր կամքին հակառակ պահելը անօրինական է, այսինքն՝
- դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն Պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ (խնամակալության իրավունքները կարող են առաջանալ, մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում), և
- տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:
Դատարանը կարող է մերժել հայցը, եթե՝
- երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.
- գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ.
- երեխայի առարկության դեպքում նրա կարծիքը հաշվի է առնվում, եթե նա հասել է համապատասխան տարիքի.
- երեխայի վերադարձը առաջացնում է երեխայի գտնվելու վայրի պետությունում մարդու իրավունքների և ազատությունների խախտման վտանգ:
Կարևոր է հիշել, որ սույն Կոնվենցիայի նորմերը գործում են միայն 16-ամյա տարիքը չլրացած երեխաների նկատմամբ: Երեխային մշտական բնակության վայր վերադարձնելու պահանջը պետք է ներկայացվի 1 տարվա ընթացքում՝ սկսած առևանգման կամ պահելու պահից: Երեխան կարող է վերադարձվել նաև 1 տարին լրանալուց հետո, բացառությամբ այն դեպքի, երբ նա հարմարեցվել է նոր միջավայրին: Պետք է նշել, որ եթե ձեր երեխան տեղափոխվել է սույն Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող երկիր վերոհիշյալ պայմանները չեն կիրառվելու: Այդ դեպքում պետք է փորձել լուծել այս խնդիրը երեխայի գտնվելու վայրի պետության դատարանի միջոցով կամ դիմել այդ պետության իրավապահ մարմիններին: Եվ այդ պարագայում փաստաբան Վարդան Խեչյանը կտրամադրի ձեզ համապատասխան իրավաբանական աջակցությունը և կգործադրի բոլոր անհրաժեշտ գործողությունները ձեր երեխայի իրավունքները և օրինական շահերը վերականգնելու համար:
16.01.2015