Աշխատանքային իրավահարաբերությունները Հայաստանում
Աշխատանքային գործունեություն իրականացնելու ընդհանուր կանոնները
Համապատասխան վիզա և կացության թույլտվություն ստանալու դեպքում` օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնելու աշխատանքային գործունեություն, նույն պայմաններով և կարգով, ինչ և ՀՀ քաղաքացիները: ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Անհրաժեշտ է նշել, որ նոր օրենսգիրքը նվազեցնում է պետության ազդեցությունը աշխատանքային հարաբերությունների վրա` շեշտը դնելով պայմանագրային հարաբերությունների վրա:
Աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է, որտեղ և լրացվում են աշխատողի աշխատելու ժամանակահատվածները:
Աշխատաժամանակ, արձակուրդներ
Աշխատանքի նորմալ տևողությունը շաբաթական 40 ժամ է (օրեկան առավելագույնը 8 ժամ): Արտաժամյա աշխատաժամանակը չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը և օրեկան 12 ժամը: Աշխատելը գիշերային ժամերին (22:00-ից մինչև 6:00) արգելվում է մինչև 18 տարեկան անձանց, և առկա են որոշակի արտոնություններ հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա խնամող մայրերի համար:
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցունը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:
ՀՀ-ում աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
- 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
- 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
- 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Երեխայի փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխայի խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):
Աշխատանքային պայմանագիրը
Աշխատանքային պայմանագրում նշվող տվյալները թվարկված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գոյություն ունեն աշխատանքային պայմանագրի մի քանի տեսակներ: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի կամ անորոշ ժամկետով: Ընդ որում, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կնքվում է միայն բացառիկ դեպքերում:
Աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կնքվում է որպես կանոն հետևյալ դեպքերում`
- աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ.
- աշխատանքը կատարում են տնաշխատները.
- կատարվում է համատեղությամբ աշխատանք.
- կատարվում են սեզոնային աշխատանքներ.
- կատարվում են ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:
Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
- կողմերի համաձայնությամբ.
- պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
- աշխատողի նախաձեռնությամբ.
- գործատուի նախաձեռնությամբ.
- աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Աշխատանքային օրենսգիրքը երաշխիքներ է նախատեսում աշխատողների համար հիվանդության, աշխատավայրում վնասվածք ստանալու դեպքերում, հղի կանանց կամ մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատող մայրերի պաշտպանության համար, որոնք գործում են նույնիսկ այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն աշխատանքային պայմանագրով:
Աշխատուժի ազատ տեղաշարժի կարգավորման հետ կապված միջկառավարական համաձայնագրերը
Հայաստանն աշխատուժի ազատ տեղաշարժի կարգավորման հետ կապված միջկառավարական համաձայնագրեր ունի կնքած ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքմենստանի, ինչպես նաև Վրաստանի և Կատարի հետ: Հիշյալ համաձայնագրերով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է (առանց օրինականացման) վկայագրերը, կրթության մասին վկայագրերը, որակավորում, կարգ և կոչում շնորհելու մասին համապատասխան փաստաթղթերը և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերը և մեկնման կողմի տարածքում սահմանված կարգով վավերացված նրանց թարգմանությունները:
20.03.2015