ՄԻԵԴ-ի վճիռը. Բադալյանին ապօրինի զրկել են ազատությունից և խոշտանգել Ադրբեջանում

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ է հրապարակել, որով հիմնավորվել է Հայաստանի քաղաքացուն ապօրինաբար ազատությունից զրկելու և Ադրբեջանի բանտում խոշտանգելու փաստը: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 3 ամսվա ընթացքում Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

2009 թ. մայիսի 9-ին Արթուր Բադալյանը մի խումբ ընկերների հետ մեկնել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ հավաքելու: Ժամը 15-ի սահմաններում Արթուրին է մոտեցել չորս անծանոթ մարդ, ովքեր նախ հայերենով ծխախոտ են խնդրել նրանից, իսկ հետո ադրբեջաներեն խոսելով՝ կապել են Արթուրի ձեռքերն ու նրան բռնի ուժով տեղափոխել Ադրբեջանի սահմանից այն կողմ և հանձնել Ադրբեջանի իշխանություններին:

Արթուրը հայտնել է, որ ինքը շատ լավ գիտի անտառը: Ինքը չի հատել սահմանը, առևանգել են Հայաստանի տարածքում: Ոստիկանությանը տրված հայտարարություններում Արթուրի ընկերները, ովքեր եղել են անտառում, հայտարարել են, որ բոլորն անզեն են եղել:

2009 թ. մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության կողմից Արթուր Բադալյանը գրանցվել է որպես անհետ կորած: Տեղի զորամասի զինծառայողների օգնությամբ իրականացվել են որոնողական աշխատանքներ: Արթուրի կողմից հավաքված սնկերը հայտնաբերվել էին Ադրբեջանի սահմանից մոտ 5-6 կիլոմետր հեռավորության վրա, սակայն այլ բան չէր հայտնաբերվել:

2009-ի հուլիսի 7-ին Տավուշի մարզի ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը քրեական գործ էր հարուցել Արթուրի անհետացման փաստով: Քրեական գործի քննությունը կասեցվել էր, քանի որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձ չէր հայտնաբերվել: 

Արթուրի գտնվելու վայրն անհայտ է եղել ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար մինչև 2010թ. նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նրան գրանցել էր, որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցել է Արթուրին մինչև 2011 թ. մարտի 17-ը: Այդ օրը ԿԽՄԿ միջնորդությամբ նա գերիների փոխանակման շրջանակներում փոխանցվել է Հայաստանի իշխանություններին: 

Ադրբեջանական ուժերի կողմից առևանգվելուց հետո Բադալյանը գերի է մնացել 22 ամիս և պահվել տարբեր ռազմական օբյեկտներում:

Արթուրը պնդել է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ՝ այդպիսով ստիպված լինելով կարիքները հոգալ խցում: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի: Նրան հաճախ են ծեծել, հարվածել ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք: Հարվածներ են հասցրել նաև էլեկտրաշոկով: Մետաղական առարկաներով պարբերաբար հարվածել են խցի դռանը, ինչի հետևանքով ձեռք է բերել լսողության խանգարում:

Արթուրը չի իմացել իր ձերբակալման պատճառների մասին, իրեն հասկանալի լեզվով չի բացատրվել իր իրավունքների մասին:

2011 թ. մարտի 18-ին` ազատ արձակման հաջորդ օրը, Արթուրը հոսպիտալացվել և հետազոտվել է Հայաստանում: Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել էր նևրասթենիա ՝ հոգեբուժական վիճակ, դեպրեսիայի ախտանիշներով: Ի թիվս այլ բաների, նրա մոտ հայտնաբերվել է նաև վախ, սթրես, անհանգստություն և ընկճվածություն: Դժգոհել է հոգնածության զգացողությունից, ձեռքերի և ոտքերի ցավերից:

2011 .-ի հոկտեմբերին, փորձաքննություններից հետո, Բադալյանը ստացել է հաշմանդամության խումբ՝ հոգեկան առողջության վիճակի պատճառով: Նա համարվել է աշխատանքի համար ոչ պիտանի, քանի որ չի կարողացել կառավարել իրեն:

ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կառավարությունը պնդել է, թե իբր, Արթուր Բադալյանը բերման է ենթարկվել որպես Հայաստանի զինված ուժերի անդամ և դիվերսանտ: Նա պահվել է որպես ռազմագերի:

Հայաստանի կառավարությունը և Արթուր Բադալյանը պնդել են, որ այդ ժամանակահատվածում զինված հակամարտություն տեղի չի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, հետևաբար նա չէր կարող համարվել ռազմագերի։

Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ գերության ընթացքում Բադալյանը գտնվել է բժշկական հսկողության տակ և վատ վերաբերմունքի չի ենթարկվել:

ՄԻԵԴ-ը գտել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տվել բավարար և համոզիչ բացատրություն ցույց տալու համար, որ Արթուրի լուրջ հոգեկան վնասվածքները, որոնք հայտնաբերվել են անմիջապես ազատ արձակվելուց և ախտորոշվել են հետագայում, ոչ ամբողջությամբ, հիմնականում կամ մասամբ նրա կալանքի պայմանների հետ կապ չեն ունեցել: Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) և 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում:

Նշենք, որ Արթուր Բադալյանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել է ներկայում ԱԺ պատգամավոր, այդ տարիներին իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող Էդմոն Մարուքյանը:

hetq.am

Вернуться