ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը
Ի՞նչ է «բնակչության պետական ռեգիստրը»
Բնակչության պետական ռեգիստրը անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բնակիչը պարտավոր է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Բացի այդ, բնակիչը պետք է ներկայացնի իր մասին հետևյալ տեղեկությունները՝
- հանրային ծառայությունների համարանիշը (նախկինում՝ սոցիալական քարտի համար).
- անունը, ազգանունը և հայրանունը.
- կացության կարգավիճակը կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը.
- քաղաքացիությունը.
- ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.
- սեռը.
- մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն:
Մշտական բնակության (կացարանի) վայրը
Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
Հաշվառման կարգը
Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում հաշվառվող անձանց անհատական տվյալները մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստր դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումն ու հաշվառման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կարող են հանձնվել ինչպես դիմումատուի, այնպես էլ լիազորված անձի միջոցով:
Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից, դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստը ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկանքը: Անձանց հաշվառումն իրականացվում է տեղեկանքը տեղական ռեգիստր ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն՝ իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու վայրի մասին:
Հայաստանի տարածքից 183 օրից ավելի ժամկետով բացակայելու վերաբերյալ պետական ռեգիստրին տեղեկացնելը
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 183 օրից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին բնակության նոր վայր ժամանելուց հետո կամ բնակության 183 օրը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է կենտրոնական ռեգիստրին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:
09.02.2016