Tax Code Draft

Կառավարությունը հաստատեց Հարկային օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Ինչպես գործադիրի նիստում նշեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել է նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները:

Oրենսգրքի ընդունումից հետո, ըստ նրա, ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են լայնածավալ ներդրումներ: Այսինքն, ըստ Միրումյանի, վեց ամսվա կտրվածքով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները:

ՊԵԿ փոխնախագահը նշեց նաև, որ արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև հումքի տեսակներ երրորդ երկներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմինների ներմուծման օրվանից հաշվված 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ուշադրության կենտրոնում են նաև ՀՀ-ում վերամշակում և արտահանում իրականացնող տնտեսվարողները: Նրանք կազատվեն ԱԱՀ-ից: Վախթանգ Միրումյանն ասաց,  այս դրույթը կառանձնացվի օրենսգրքից, և նախատեսվում է այն կիրառել ավելի վաղ, քան օրենսգիրքը կընդունվի:

Հաջորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Այստեղ, ըստ Միրումյանի, հիմնական ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը: Նախատեսվում է 2017-2021 թվականի ընթացքում սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Նշվեց, որ ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Սակայն, ըստ նրա, անգամ 2021 թվականին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին և ունենալու է ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:

«Օրենսգրքի շրջականերում սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային եղանակների կիրառությունը: Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգի տարածվածությամբ, ինչն էական աղավաղում է համակարգը և ցուցաբերում է  անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտցումները, որ երկարաժամկետ հատվածում բիզնեսի 90 տոկոսը պարզապես չի կարող գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

panorama.am

01.04.2016

Вернуться